Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին

Գրիգոր Խլաթեցի

«Հայսմավուրք», 17-րդ դար

 

Սուրբ Գրիգորն իր որդուն` Արիստակեսին իրեն փոխանորդ նշանակելուց հետո,  գնում է լեռները: Այդ օրերից մեկի ժամանակ խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների եւ մեղավորների հոգիներն ուր են գնում , ինչ ճանապարհ են անցնում եւ ինչ է պատահում նրանց այդ ճանապարհին: Արդեն հրեշտակների հետ մերթընդմերթ տեսնվում էր եւ իր իմացածը պատմում Արիստակեսին, որ երբեմն իր մոտ էր գալիս: Աստված Ս. Գրիգորի խնդրանքն ընդունում է եւ մի հրեշտակ է ուղարկում: Հրեշտակը գալով ասում է.

- Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քո բոլոր հարցերին պատասխանեմ. ինչ որ ուզում ես` հարցրու:

- Ով Ս. Հրեշտակ, - ասում է Ս. Գրիգորը, - երբ մարդու հոգին մարմնից դուրս է գալիս, կարո՞ղ է ամեն բան որոշել եւ իմանալ:

Հրեշտակ - Այո, կարող է ճանաչել եւ գիտե, ինչ որ իրեն է վերաբերվում, ինչ որ պիտի լինի` անմիջապես հասկանում է, եւ թե ինչ փառքի պիտի արժանանա, եթե արդար է, և ինչ չարչարանքներ պիտի կրի, եթե մեղավոր է:

 

Ս. Գրիգոր - Ի՞նչ է հոգին:

Հրեշտակ - Արդարի հոգին լույսի պես է, արեւի պես փայլում է: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր արտաքին մարդը ապականվում է, բայց ներքինը` ավելի գեղեցկանում»: Սա մարմնի եւ հոգու մասին է: Մեղավորի հոգին խավարի պես մշուշ է եւ մեղքի մեջ սեւացած:

 

Ս. Գրիգոր - Մեղավորի հոգին ինչպե՞ս եք առնում:

Հրեշտակ - Մեղավորի հոգին առնելու համար շատ բարկությամբ ենք գալիս եւ հրեղեն սրով ենք երեւում: Մեզ տեսնելուն պես վախից լեզուն բռնվում է, աչքերը փակվում են, գլուխը թաքցնում է, երեսը դարձնում է, ուզում է փախչել, բայց չի կարող, որովհետեւ բոլոր կողմերից ենք տեսնվում: Այն ժամանակ, քանի որ հոգու աչքերը բացվում են, գնալիք մութ ճանապարհները եւ քաշելիք չարչարանքները բացահայտ տեսնում է: Իր շուրջը ազգականներին, զավակներին ու բարեկամներին է նայում, աղաչում է, գոռում, որ իրեն ազատեն, բայց նրանք չեն լսում, որովհետեւ լեզուն կապված է: Ինքը կարծում է, թե ձայնը դուրս է գալիս, բայց ոչ ձայնն է ելնում, ոչ էլ խոսքերն են հասկացվում:

 

Ս. Գրիգոր - Հոգին հրեշտա՞կն է առնում, թե՞ ինքն իրեն է անջատվում:

Հրեշտակ - Հոգին մարմնի ցավից անջատվում է, եւ հրեշտակն առնում-տանում է:

 

Ս. Գրիգոր - Մեղավորի հոգին ինչի՞ է նման:

Հրեշտակ - Ինչպես ասացի` մեղքերի մեջ թաղված, կեղտոտ եւ խավար մի բան է, այնպիսի գեշ հոտ ունի, որ չես կարող մոտենալ:

 

Ս. Գրիգոր - Իսկ արդարի հոգին ինչպե՞ս եք առնում:

Հրեշտակ - Երբ գալիս ենք արդարի հոգին առնելու, կարծես իրեն հարսանիքի ենք հրավիրում: Երբ մեզ տեսնում է, հոգով-մարմնով ուրախանում է, որովհետեւ գիտի, որ այս անցավոր աշխարհի ցավ ու կսկիծներից դրախտի անհուն ուրախություն եւ հանգստություն պիտի տանենք: «Մարդկանց միջից հրեշտակների մեջ պիտի գնամ» ասելով` ուրախանում է, այն ժամանակ արդարի հոգին առնում ենք եւ մեծ պատվով տանում:

Առաջին աստիճանին դեւեր են գալիս, բայց արդարների հոգիները արեւի պես փայլում են, որից դեւերի աչքերը շլանում են եւ չեն կարողանում նայել: Միայն տեսնում են, որ արդարի բերանը շարունակ աստվածավայել խոսքեր է ասել, միշտ ողորմություն է արել, եկեղեցի գնալով` քահանայի մոտ խոստովանել է: Սուրբ հաղորդությունը հոգու վրա ադամանդյա մատանու պես երեւում է. դեւերն ապշած են մնում եւ չեն կարողանում մոտենալ:

Երկրորդ աստիճանը շատ մութ է, բայց արդարի հոգին արեւի պես փայլում է եւ իր ճանապարհը լուսավորում: Մեղավորի համար ամեն ինչ խավար է:

Երրորդ աստիճանը շատ ցուրտ է, բայց արդարի հոգին Քրիստոսի սիրուց այնքան է տաքացել, որ ցուրտ չի զգում:

Չորրորդ աստիճանը տաք է, բայց արդարի հոգին զով է:

Հինգերորդ աստիճանը նեղ ճանապարհներից է բաղկացած, որոնց նմանը չկա, բայց արդարի ճանապարհը լայն է:

Վեցերորդ աստիճանն արեւից ավելի պայծառ լուսեղեն կամարներ են, որոնցով արդարի հոգին զմայլվում է:

Յոթերորդ աստիճանը հրեշտակների կարգն է: Երբ արդարի հոգին տեսնում են, ուրախանում են: Իսկ երբ մեղավորի հոգին են տեսնում, տրտմում են:

Ութերորդ աստիճանը Տերություններն ու Զորություններն են. արդարին տեսնելով` սաղմոսներ երգելով փառաբանում են եւ դիմավորում:

Վերջապես արդարի հոգին Երկնավոր Թագավորի առաջ կանգնում եւ երկրպագում է: Սուրբ Ձայնն ասում է. «Բարի եկար, սիրելի որդիս, աշխարհի մեջ չարչարվեցիր, հիմա հանգիստ եղիր»: Հրեշտակները, անտեսանելի լուսեղեն պատմուճաններ բերելով, հագցնում են նրան եւ տանում մյուս արդարների մոտ:

 

Ս. Գրիգոր - Մեղավորի հոգին ու՞ր է գնում:

Հրեշտակ - Առաջին աստիճանում իրեն անթիվ դեւեր են դիմավորում, ոմանք հարստության, ոմանք նախանձի, ոմանք բարկության եւ ուրիշներ` այլեւայլ փորձություններ տալու: Մեծ աղմուկ են հանում եւ ուզում են հրեշտակի ձեռքից հափշտակել: Խեղճ հոգին շատ է չարչարվում, լալիս է, կանչում, բայց օգնություն չկա: Դեւերը չեն կարող հոգին գրավել, որովհետև մինչեւ դատաստանի օրն արգելված է:  

Երկրորդ աստիճանը խավար է պատած: Շատ չարչարվելուց հետո ցուրտ աստիճանին է հասնում: Այնուհետև, տաք աստիճանում բավականին այրվելուց եւ ողբալուց հետո, նեղ ճանապարհներ է մտնում, լուսեղեն աստիճանին է հասնում, բայց իր համար խավար է: Հրեշտակների աստիճանն է ելնում, բայց հրեշտակները տրտմում են: Ութերորդ աստիճանի Տերություններն ու Զորությունները դեմ են կանգնում եւ տանող հրեշտակին հրամայում են, որ ետ դառնա եւ մյուս մեղավորների մոտ տանի նրան, որ մինչեւ Քրիստոսի դատաստանի օրն այնտեղ  մնա: Դատաստանի օրը մարմինը, հոգու հետ միանալով, դժոխքի անշեջ կրակը պիտի նետվի, ուր հավիտյանս հավիտենից պիտի չարչարվի:

 

Ս. Գրիգոր - Ի՞նչ է Աստված:

Հրեշտակ - Աստված Սուրբ մեկն է եւ որեւէ բանի չի նմանվում: Նրան տեսնել անկարելի է, բայց արդարները եւ սուրբերը դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն:

 

Ս. Գրիգոր - Երկինքը քանի՞ աստիճանից է բաղկացած եւ հրեշտակները ո՞ր աստիճանում են գտնվում:

Հրեշտակ - Երկինքը բաղկացած է տասն աստիճանից: Հրեշտակները վերջին աստիճանում են գտնվում, որ լուսեղեն երկինք է ասվում: Հրեշտակների տեղը ինը կարգ է. բոլորն էլ Սուրբ Երրորդությունն են փառաբանում:

 

Ս. Գրիգոր - Աստծո փառքը եւ շնորհը աշխարհին եւ մարդկանց ինչպե՞ս է տրվում:

Հրեշտակ - Աստծո շնորհը նախ հրեշտակներին է տրվում եւ հետո մարդկանց:

 

Ս. Գրիգոր - Ննջեցյալների հոգու համար ո՞րն է ավելի օգտակար` պա՞հքը, աղո՞թքը, թե՞ ողորմությունը:

Հրեշտակ - Աղոթքը ու ողորմությունը ննջեցյալների համար է, իսկ պահքը` պահողի համար: Եթե սուրբ պատարագ մատուցողն արդար է, ննջեցյալների համար օգտակար կլինի, եթե նրանք էլ  արդար են: Մեղավորների համար որեւէ բան օգուտ չունի:

 

Ս. Գրիգոր - Եթե մի մեղավոր  մեռնելուց առաջ խոստովանի, «մեղա» ասի ու լալով սուրբ հաղորդություն ուզի, արժանի է նրան տալ:

Հրեշտակ - Այո, արժանի է, որովհետեւ Աստված շատ ողորմած է, ինչպես Հիսուս ասաց. «Նա, ով Մարմնովս եւ Արյունովս հաղորդվի, նա ինձ հետ է, եւ Ես նրա հետ պիտի լինեմ»: Բայց մեռնելուց առաջ պետք է հաղորդվել, որովհետեւ մարդ չգիտի, թե երբ պիտի մեռնի: Եթե լեզուն կապվի եւ «մեղա» չասի, անպայման դժոխք կգնա, ինչպես որ Հիսուս ասաց. «Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք, թե տանտերը երբ կգա»:

 

Ս. Գրիգոր - Ո՞ր մեղքն է ավելի մեծ,  որ դատաստանի օրն ամոթահար է թողնում մարդուն:

Հրեշտակ - Այն մեղքն է մեծ, որ մարդ ,փոքր համարելով, չի խոստովանում:

 

Ս. Գրիգոր - Խոստովանությունը, ապաշխարությունը, լացն ու կոծը ինչպե՞ս են քավում մեղքերը:

Հրեշտակ - Ինչպես մոմը հալչում է կրակից , խավարը փախչում է լույսից, խոստովանությունն ու ապաշխարությունն էլ ոչնչացնում են մեղքը:

 

Ս. Գրիգոր - Եթե մի մարդ  խոստովանի եւ նորից մեղք գործի, հետո նորից խոստովանի, դարձյալ թողություն կստանա՞:

Հրեշտակ - Այո, նորից թողություն կստանա. ինչպես Հիսուս Պետրոս առաքյալին ասաց. «Եթե մեկը քո դեմ 70 անգամ մեղք գործի պետք է ներես»: Աստված շատ ավելի ողորմած է եւ միշտ ներում է:

 

Ս. Գրիգոր - Եթե մեկը լեռան վրա կամ անապատում գտնվի եւ մեռնելու ժամանակ, մեղքերը հիշելով, առանց քահանայի ու խոստովանության «մեղա» ասի, թողություն կստանա՞:

Հրեշտակ - Ամեն մարդ օրը եւ շաբաթը մեկ անգամ պետք է խոստովանի իր մեղքերը. կամ գոնե տարին հինգ վեց անգամ: Եթե քահանա չկա, կարող է որեւէ մեկին խոստովանել: Քրիստոս այն կընդունի, որովհետեւ բոլոր այն քրիստոնյաները, որոնք Սուրբ Ավազանից են ծնվել, սուրբ հաղորդությանը մասնակից են եղել, Սուրբ Երրորդությունն են դավանում եւ Քրիստոսի խաչին են երկրպագում, նրանք իր արյունով են գնված:

 

Ս. Գրիգոր - Ի՞նչ բան է պահքը:

Հրեշտակ - Պահքը մարդկանց նմանեցնում է հրեշտակների. դեւերի դեմ կռվում եւ սատանային արգելք է լինում, որ մարդկանց մեջ մտնելով նրանց չմոլորեցնի:

 

Ս. Գրիգոր - Ի՞նչ բան է աղոթքը:

Հրեշտակ - Աղոթքը մարդու հոգին Աստծուն է կապում: Շարունակ աղոթող մարդը մեղք գործելու ժամանակ չի ունենա:

 

Ս. Գրիգոր - Ինչու՞ է սաղմոսի մեջ գրված, թե մեղավորի մահը չար է:

Հրեշտակ - Եթե մի մարդ առանց խոստովանության մեռնի, հիրավի, այդ մարդու մահը չար է: Ինչպես որ դատաստանի օրը պիտի լսի այն զարհուրելի ձայնը, թե` «…հեռացե´ք ինձանից, անիծյալնե΄ր, հավիտենական կրակի մեջ, որովհետեւ միշտ սատանայի ետեւից գնացիք»: Աստված, որ այնքան ողորմած է, չզղջացող մեղավորներին չի ներում, այլ միշտ բարկությամբ է նայում:

 

Ս. Գրիգոր - Կարելի՞ է արդյոք մահը սուրբ ասել:

Հրեշտակ - Այո, որովհետեւ արդարը չխաբվեց աշխարհին, աշխարհի ցանկությունների համար իրեն մեռած ցույց տվեց եւ իր հույսը Քրիստոսի արքայության վրա դրեց: Դրա համար արդարի մահը սուրբ է: Նա միշտ սպասում է մահվան. ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ցանկանում եմ ժամ առաջ այս մարմնից դուրս գալ եւ Քրիստոսի մոտ գնալ»: Որովհետեւ արդարների համար այս աշխարհը բանտ է:

 

Ս. Գրիգոր - Դատաստանի օրը մարդուն իր գործերի համեմատ ի՞նչ է տրվելու:

Հրեշտակ - Արդարներին այնպիսի փառք է տրվելու, որ Պողոս առաքյալի ասածի պես ոչ աչքն է տեսել, ոչ էլ ականջը լսել , ոչ էլ մարդ կարող է երեւակայել: Մեղավորներին էլ նմանը չունեցող չարչարանքներ կտրվի: Արքայության փառքը մտքից վեր է, դժոխքի չարչարանքն էլ` խելքից դուրս է:

 

Ս. Գրիգոր - Ո՞ր գործն է ավելի օգտակար:

Հրեշտակ - Զղջումը, խոստովանությունը եւ ապաշխարությունը: Ով այս 3 գործերը կատարի, նրա համար, անտարակույս, արքայությունը պատրաստ է:

 

Ս. Գրիգոր - Ո՞ր գործն է ամենավատը:

Հրեշտակ - Եթե մարդ առանց զղջումի եւ խոստովանության մեռնի. այդպիսին, անտարակույս, հավիտենական դժոխք կգնա:

 

Ս. Գրիգոր - Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ:

Հրեշտակ - Եթե բոլորովին զղջացել է, եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն, որովհետեւ, եթե ողջ լիներ, անպայման պիտի ապաշխարեր:

 

Ս. Գրիգոր - Ի՞նչ են ցանկանում մարմնից դուրս եկած հոգիները:

Հրեշտակ - Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրն իր վիճակը ի՞նչ պիտի լինի եւ, դժոխքի չարչարանքները մտաբերելով, միշտ լալիս է:

 

Ս. Գրիգոր - Գնացող հոգիները մնացողներին հիշու՞մ են, թե՞ բոլորովին մոռանում են:

Հրեշտակ - Աչքերը միշտ նրանց վրա են: Եթե ապրողները իրենց համար ողորմություն եւ սուրբ պատարագ մատուցեն, նրանց հոգիներն էլ մյուսների համար կաղոթեն, որպեսզի Աստված երկար կյանք եւ հաջողություն պարգեւի: Իսկ երբ ապրողները չեն հոգում իրենց ննջեցյալների համար և չեն հիշում նրանց ողորմությամբ, այդժամ ննջեցյալ­ներն աղաչում են Աստծուն. «Տեր, ջնջի΄ր նրանց երկրի երեսից և մեզ գրի՛ր անհիշատակների դասում»։

 

Ս. Գրիգոր - Եթե մարդն անժառանգ է, և պատարագով նրան հիշող մեկը չկա, ինչպե՞ս է լինում:

Հրեշտակ - Նրանց գրում են անհիշատակաց դաս (անժառանգ), և Աստված քավում է նրանց մեղքերը, եթե զղջացել են:

 

Ս. Գրիգոր - Հոգիները իրար տեսնել, ճանաչել եւ սիրել ունե՞ն:

Հրեշտակ - Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին: Ճանաչել եւ սիրել չլիներ` անասունի պես կլինեին: Հայտնի է, որ բոլորն էլ կան:

 

Ս. Գրիգոր - Արքայության մեջ ինչպե՞ս են սիրում միմյանց:

Հրեշտակ - Այնտեղ մարմնավոր սեր չկա, այլ հրեշտակների պես հոգեւոր սեր են ունենում. յուրաքանչյուրը, անհուն փառքով զարդարված, միշտ ուրախությամբ փառաբանում են Աստծուն:  

 

Ս. Գրիգոր - Ի՞նչ հոգս ունեն հոգիներն այնտեղ։

Հրեշտակ - Արդարների հոգիներն անդադար հոգում են, թե ե±րբ կգա Քրիստոսը, ե±րբ կառնեն հարություն բոլոր ննջեցյալ­ները, կհագնեն իրենց մարմիններն ու կառնեն այն փառքը, որ խոստացել է Քրիստոս, ու կանմահանան։ Իսկ մեղավոր հոգիները լալիս են ու ասում. «Երանի չլինի հարություն ու հատուցում մեր գործերին, որ  հավիտենական  տանջանքի չարժանանանք Քրիստոսի գալստյան ժամանակ»։

 

Այստեղ գլխավոր հարցերս վերջացան:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։