Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ

 

   Գրիգորը որդին էր Անակ իշխանի` Արշակունիների Սուրենյան պահլավից, ովքեր, ի տարբերություն Արշակունիների այլ ճյուղերի, ընդունեցին 226թ. Սասանյանների իշխանության բռնի հաստատումը Պարսկաստանում: Տևական ժամանակ Արշակունիների պայքարը Սասանյանների դեմ գլխավորում էր Հայաստանը` հաջողությամբ ընդդիմանալով նա և առաջին Սասանյանների նվաճողական նկրտումներին: Անակը, հրապուրված Սասանյան Շապուհ Ա (ըստ մատենագիրների` նրա հոր` Սասանյան արքայատոհմի հիմնադիր Արտաշիր Ա) թագավորի խոստումներով, հայոց Խոսրով թագավորին սպանելու նպատակով գալիս է Հայաստան: Կասկածներն իրենից հեռացնելու համար Անակը` որպես Արշակունի, ձևանում է պարսից թագավորից հալածյալ, որի պատճառով հայոց թագավորը զորագունդ է ուղարկում նրան ընդառաջ: Ջոկատը Անակին հանդիպում է Ատրպատականի սահմանների մոտ և ուղեկցում Արտազ գավառում այն դաշտավայրը, որտեղ ամփոփված էին Թադեոս առաքյալի նշխարները: Համաձայն Խորենացու` երբ Անակն ապրում էր Արտազում, նրա գիշերելու տեղը սուրբ առաքյալի գերեզմանի մոտ էր, և «...այստեղ է հղություն առել մեր սուրբ և մեծ Լուսավորիչը: Ուստի և նույն առաքյալի շնորհն ստացավ նա, որ նրա հանգստարանի մոտ գոյություն գտավ և նրա հոգևոր մշակության պակասը լրացրեց» («Այստեղ ես հիշում եմ սքանչելի ծերի զրույցը, որ ասում էր. «Նախնիքներից ունեմ այս զրույցները, որոնց հիշատակությունը անցել է հորից որդուն, ինչպես Ոլիմպիոդորի զրույցները Տարոնի և Սիմ լեռան մասին» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1990, էջ 138-139): «Սքանչելի ծեր» ասելով` Խորենացին նկատի ունի իր ուսուցիչ Սահակ Պարթև կաթողիկոսին):

Շահելով Խոսրովի վստահությունը` Անակին հաջողվում է սպանել նրան: Վերջինս մահվանից առաջ հասցնում է հրամայել` սրատելու Անակի ընտանիքը: Կոտորածից փրկվում են միայն երկու փոքրիկ մանուկներ (Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ 33), որոնցից մեկը ապագա Գրիգոր Լուսավորիչն էր: Նրան փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը: Այստեղ նա ստանում է քրիստոնեական կրթություն, չափահաս դառնալով` ամուսնանում Մարիամ անունով մի աղջկա հետ և ունենում երկու որդի` Վրթանեսին ու Արիստակեսին: Երեք տարի հետո ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են, և Մարիամը մտնում է վանք (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1990, էջ 143-144): 

Խոսրով թագավորի ողբերգական մահվանից հետո Հայաստանն ընկնում է պարսից տիրապետության տակ: Շապուհի կարգադրությամբ սպանվում են Արշակունիների արքայական տան անդամները, ընդդիմադիր նախարարները: Մահվանից փրկվում և Հռոմ է տարվում մանուկ արքայազն Տրդատը:  

287թ. հասունացած և նշանավոր զորական դարձած Տրդատը` Խոսրով արքայի որդին, հռոմեական զորքի ուղեկցությամբ վերադառնում է Հայաստան` ազատագրելու հայրենի երկիրը և վերատիրանալու հայոց գահին: Նրա հետ հավատարիմ զինակիցների շարքում Հայաստան է վերադառնում նաև Գրիգորը, ով մտել էր Տրդատի մոտ ծառայության: Պարսիկների դեմ տարած հաղթանակների կապակցությամբ Տրդատ Գ հայոց արքան գոհաբանական տոնախմբություն է կատարում դիցամայր Անահիտի հանրահայտ մեհյանում, որը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում: Նա հրամայում է Գրիգորին ծաղկեպսակներ դնել Անահիտի արձանին, սակայն Գրիգորը մերժում է թագավորին. «Աստծու պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ» (Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ 33): Տրդատը նախ հորդորներով է ցանկանում իր սիրելի զինակցին ետ դարձնել քրիստոնեությունից, ապա սպառնալիքներով, վերջում` անմարդկային, դաժան տանջանքներով ու խոշտանգումներով (12 չարչարանքներ` ըստ Ագաթանգեղոսի) (Ս. Լուսավորչի չարչարանքների վայրում` Երզնկայից հարավ` Մեղուցիկ գետի մոտ` լեռան ստորոտին, կառուցվել և մինչև այսօր կանգուն է Չարչարանց ս. Լուսավորիչ վանքը):

Ըստ Գրիգոր Տաթևացու` Լուսավորչի 12 չարչարանքներն ունեն հոգևոր խորհուրդ: Նախ` մարդն ունի 12 զգայարաններ, որոնք ապականվել էին Ադամի մեղանչումով: Ըստ այդմ` Գրիգորը 12 չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը կապված է որևէ զգայարանի հետ, մաքրեց դրանք ապականությունից: Նաև` Քրիստոսի 12 առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող չարչարանքով: Եվ Գրիգոր Լուսավորիչն այս 12 չարչարանքներից յուրաքանչյուրը կրել է` դառնալով 12 առաքյալներին չարչարանակից:      

Տրդատի փորձը անմարդկային տանջանքներով կոտրելու Գրիգորի համառությունը, ապարդյուն է անցնում: Վերջինս հավատարիմ է մնում քրիստոնեական հավատին: Այդ ընթացքում իմացվում է նաև Գրիգորի` ում որդին լինելը: Տրդատի ցասումը հասնում է բարձրակետին, և նրա հրամանով Գրիգորին նետում են Արտաշատի մոտ մահապարտների համար նախատեսված վիրապը: Համաձայն հայոց ավանդության` Լուսավորչի վիրապն այնտեղ էր, ուր հազարամյակներ առաջ Արարատից իջնելով` Նոյը զոհասեղան էր կանգնեցրել Աստծուն` փառաբանելով Տիրոջն իր և իր ընտանիքի փրկության համար: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց նրան` Իր հրեշտակի այցելությունների միջոցով զգալ տալով Իր հուսատու ու փրկիչ ներկայությունը: Տերը նաև մի այրի կնոջ երազում հրաման էր տվել, որ նա խոր վիրապում բանտվածին ամեն օր մի նկանակ հաց բերի:   

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ տոնում է Մեծ պահքի հինգերորդ շաբաթ օրը:

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։