Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Լուսավորություն

 

Միածնի իջման տեսիլքով, որի թվականը ճշտեցինք` 25 հունվարի 302թ, կփակվի ապաշխարության ընթացքը, որի 66 օրերը հիշեցնում են Առաջավորաց Պահքից մինչև Զատիկ ընկած ժամանակահատվածի 10 շաբաթները։ Դրանից հետո սկսվում է լուսավորության գործը. թագավորն ու թագուհին և արքունյաց ավագանին ու նախարարներն իրենց բանակներով հավատում են Քրիստոսին։ Եվ Տրդատը հրամայում է, որ քրիստոնյաների հալածանքը դադարեցվի և ժողովուրդը համարձակ պաշտի Քրիստոսի սուրբ հավատքը։ 

Լուսավորչի առաջին գործերից մեկն էր 3 վկայարաններ կանգնեցնելը տեսիլքի վերջին 3 սյուների, կամ, որ նույնն է, կույսերի նահատակության 3 վայրերում, որոնք հետո կատարյալ և խորաններ ունեցող տաճարներ են դառնում և յուրաքանչյուրի մեջ ամփոփվում են կույսերի մարմինները, որոնք նախապես զգուշությամբ և պատվով պահվել էին մինչև այդ ժամանակը։ Հիշյալ 3 տաճարները մինչ այսօր կան, թեև ենթարկվել են որոշ փոփոխությունների։ Այժմյան Ս. Հռիփսիմեի տաճարը Կոմիտաս կաթողիկոսի կառուցածն է (Է դար), իսկ Ս. Շողակաթը` Նահապետ կաթողիկոսի (ԺԷ դար)։  Խորաններից   ներքև գետնափորներ կան` մեծամեծ քարերով ծածկված. դրանց մեջ են ամփոփված նշխարները, որոնք երևացին վերջին անգամ Փիլիպպոս կաթողիկոսի օրոք (ԺԷ դար) մասնավոր նորոգության ժամանակ` ըստ Դավրիժեցու պատմության (Առաք. 251, 252): Միայն Շողակաթի մեջ հանգչող կույսի տապանն ու տապանաքարը մինչ այժմ մնում են առանց ձեռք տալու, իսկ սրբուհի կույսին անվանում են Մարիանե։

Պետք էր տեսիլքի մեծ սյունի տեղը ևս խորան և տաճար կառուցել։ Այդ ժամանակավորապես հետաձգում է Լուսավորիչը` մինչև Եկեղեցուն մեծ հովիվ տրվելը։

Վկայարանների շինությանը հետևում էին բագինների կործանումները։ Վաղարշապատի մեհյանները անմիջապես քանդվում էին, և կործանվածներն էլ հիշատակվում են հերթով` Տիրի մեհյանը Մեծամորի մոտ, Անահիտինը` Արտաշատում, Բարիշիմինայինը` Թորդանում, Արամազդինը` Անիում, Անահտականը` Երիզայում, Նանեականը` Թիլ ավանում և Արամազդինը` Բագայառիճում։ Սրանք 2 մասնավոր կենտրոններ էին կազմում։ Աոաջինը Արարատյան դաշտը, երկրորդը` Եկեղյաց գավառն իր շրջակայքով (այժմ Երզնկա, Դերջան և Կամախ): Այդ հիշատակությունների մեջ բնավ հարավային կողմերի` Տարոսի և Վասպուրականի, անունները չեն տրվում։

Գործերի ընթացքը քննելով և պատմական պարագաները կշռելով` մի նշանավոր իրողության առջև  ենք  կանգնում. ընդհանուր մի փոփոխություն հայոց ամբողջ ազգի վրա, որ մինչ Հռիփսիմյանց նահատակության օրը հեթանոս և կռապաշտ էր երևում, իսկ մի քանի օր հետո ամբողջովին հավատացյալ և քրիստոնյա դարձած է ներկայանում, մինչդեռ մի երկրի դարձը և իր կրոնը փոխելը երկարատև և շարունակյալ գործողություն պետք է լիներ։ Լուսավորչի վիրապից ելնելուց մի քանի օր հետո արդեն քրիստոնեությունը գերիշխող կրոն է դառնում բոլոր հայերի համար։ Արդ, նման փոփոխություն է կատարվում, թեև Գրիգորը` միակ քարոզիչն այդ կրոնի, անձամբ ամեն կողմերը չէր գնում և չէր կարող գնալ և ոչ էլ ընկերներ կամ աշակերտներ էր ուղարկում զանազան կողմերը, որոնք դեռևս չկային։ Գրիգորի ամբողջ ազդեցությունն արքունիքի վրա էր և այնտեղ ունեցած հաջողությունը ընդհանրական արդյունք պետք է ունենար, որովհետև քրիստոնեությունը նոր չէր երկրի մեջ։ Քրիստոնյաները բավականին թվով կային ամենուր, հալածանքն ու ճնշումը նրանց ազդեցությունը հրապարակի վրա չեզոքացնում էր, և հալածանքների դադարեցման արքունի հրովարտակը բավական էր, որպեսզի նրանք ասպարեզ ելնեին և ունեցած ազդեցություններն անարգել գործածեին։ Եվ ահա ամեն կողմ քրիստոնեությունը տիրող կրոն է դառնում, և ամբողջ երկիրը քրիստոնյա է երևում։ Սրանից բացի որևէ մեկ այլ մեկնություն չի կարող ճշտորեն բացատրել այդ սքանչելի եղելությունը։

Ստույգ է, որ տեղ-տեղ հեթանոսական ուժերը մնում են, որոնք տեղափոխվում են դեպի հյուսիսային լեռնագավառներ և հարավային գավառներ: Ինչպես պիտի տեսնենք, քրմերը  պա­տերազմներ են ձեռնարկում, սակայն այդ ամենը ցրիվ և մասնավոր դեպքեր են, որոնք մանավանդ մեր կարծիքն են հաստատում, թե ժողովրդի մեջ քրիստոնեությունը տարածվում էր բնականորեն։ Մինչդեռ մյուս կողմից քրմերի իշխա­նությունները կղզիացած ամրանում էին իրենց կենտրոնների մեջ, մինչև եկեղեցական և քաղաքական իշխանությունների միացյալ զորությունն իրենց դեմ է ելնում։ Հետևապես մի անգամ ևս հաստատվում է, թե քրիստոնեությունը առաջին 3 դարերում Հայաստանից անհետացած չէր, և հալածանքների դադարեցումը բավական եղավ, որ ամբողջ երկիրը կրկին մեկ քրիստոնեական լույսով լուսազարդվի: Եվ որովհետև  այդ լուսավորության բուն պատճառը Գրիգորն էր, և, իրավամբ, ազգը ԼՈՒՍԱՎՈՐԻՉ անունով փառավորեց նրան։

Դիտարկման անհրաժեշտություն ունեցող հաջորդ հանգամանքը եկեղեցական պաշտոնյաների բացակայությունն էր կրոնական մի ամենակարևոր իրողության մեջ։ Սակայն Հայաստանի մեջ եկեղեցականները բոլորովին չէին անհետացել։ Ս. Թեոդորոս Սալահունու պատմության մեջ կա Ս. Դասիոս քահանան, Ս. Հռիփսիմյանց պատմության մեջ կան Ուրբաթայրքի քահանաները, Արտազի և Սյունյաց աթոռները, որոնք առանց պաշտոնյաների չէին, թեպև Ս. Մեհրուժան հայրապետի անունից հետո ուրիշ ծանոթ անուն չունենք։ Շատերը, մեր քրիստոնեության 4-րդ դարի պատմությունը զննելով, հայ քրիստոնեությունը քննադատում են` նրա մեջ հեթանոսական հետքեր և խառնուրդներ գտնելով։ Բայց այդ ամենը կազմում է հայ քրիստոնեության ինքնատիպ նկարագիրը։ Հայ քրիստո­նեությունը տարածողներն եկեղեցականության մեջ վարժ և քարոզության ու տարածման պատրաստությամբ եկած պաշտոնյաների խումբ չէին, ինչպես եղել է ուրիշ տեղերում: Հետևապես հեթանոսական որոշ սովորություններ մնում են կրոնական, ամուսնական, ընտա­նեկան և այլ շատ ասպարեզներում: Հետևաբար շատ բնական է, որ քրիստոնեության մեջ հեթանոսության հետքեր տիրեն, և հայ քրիստոնեությունը քրիստոնեական մյուս ազգերի կազմակերպած ձևերից տարբերություններ ունենա։

 

 Ձեռնադրություն

Աստծո հրեշտակը երևաց թագավորին ու խոսեց նրա հետ. «Պետք է, որ դու առանց հապաղելու Գրիգորին քահանայապետի պաշտոն տաս»։ Ապա երևաց Գրիգորին, որպեսզի չհրաժարվի կամ համառի, քանզի Քրիստոսից է այդ հրամայված։ Այսպիսով, հայոց երկիրն ընդունեց քրիստոնեությունը, իսկ մեզանից 17 տարի հետո` հունաց եկեղեցին։ Բայց հայոց երկրում չկային հոգևորականներ, որ եկեղեցու խորհուրդը կատարեին։ Ուստի Տրդատ թագավորը, ավագանու ժողով հրավիրելով (Ագաթ. 593), Գրիգորի իրավունքն է հռչա­կում, և, ձեռնադրվելու համար իշխանավայել հանդեսով, Գրիգորն ուղևորվում է Կեսարիա:

Գրիգորի Կեսարիա գնալուն կարող ենք տալ զանազան համոզիչ պատճառներ, որոնցից մեկն է Գրիգորի գրեթե կեսարացի լինելը: Որովհետև նա թեև հեթանոս ծնվեց Հայաստանում, սակայն հեթանոսական կյանք չունեցավ և գրեթե խանձարուրում Կեսարիա փոխադրվելով` այնտեղ դաստիարակվեց, ամուսնացավ և տուն ու զավակներ ունեցավ, իրեն կեսարացի ճանաչեց և, հարկավ, ցանկանում էր իր եկեղեցական աստիճանն էլ այնտեղ ստանալ:

Մյուս կողմից Տրդատը ևս մտածում էր նրան ծանոթացնել հռոմեացիներին և փառավոր կերպով կատարել տալ ձեռնադրությունը, ինչպես վկայում են թագավորակերպ ուղևորության հանդեր­ձանքները։ Կեսարիան ոչ միայն էքսարքական մեծ աթոռ էր, այլև հայոց համար երբեք օտար չէր և Աոաջին Հայք էր համարվում, թեև այդ ժամանակ հռոմեացիների գավառ էր, ինչպես մի ժամանակ եղել էին նույնիսկ Մեծ Հայոց նահանգները` առանց իրենց տեղային կերպարանքը կորցնելու: Եկեղեցական առումով ևս Կեսարիան Թադեոս առաքյալի հաստատած աթոռներից մեկն էր, և հայերն իրենց առաքյալի շնորհաբաշխությունն այնտեղ տարածված էին համարում։

Մյուս կողմից Կեսարիայի աթոռը, Գրիգորին ձեռնադրություն տալով, հայոց աթոռը չհիմնեց։ Կեսարիան չարեց այն, ինչ որ սովորաբար արել են կազմավորված աթոռները քրիստոնեական աշխարհակալության ոճով։ Եկեղեցական պաշտոնյաներ ուղարկվել են քարոզելու այնպիսի երկրներում, ուր քրիստոնեությունը չէր մտել, և այդ պաշտոնյաները, երբ նոր հավատացյալներ էին շահում, նրանց ևս հպատակեցնում էին այն աթոռին, որի կողմից առաքված էին։ Կեսարիան ո´չ քարոզիչ և ո´չ պաշտոնյա ուղար­կեց, որովհետև Հայաստանը քրիստոնեությունից անտեղյակ մի երկիր չէր։ Հայոց քրիստոնեության զարթոնքը եղավ առանց ուրիշ աթոռի միջամտության, և հայերն իրենց թագավորով իրենք ընտրեցին իրենց առաքելական եկեղեցու գլուխը, և դիմեցին Կեսարիայի աթոռին` պարզապես հոգևոր շնորհաբաշխություն առնելու համար։ Ձեռնադրության հիշատակը պահող պատմությունը ևս ճանաչում է այդ բացատրությունը, որովհետև ձեռնադրող Ղևոնդիոսը վկայում է. «Եւ արդ քանզի քև ծագեաց արեգակն արդարութեան Քրիստոս ի դոսա, և դու ընտրեցար ի տեղի ընտրելոց սրբոց առաքելոցն Բարթողիմէոսի և Թադէոսի» (Ագաթ.)։

Ուրեմն, նախ հայոց դարձը կամ լուսավորության սկզբնավորությունն իրենց է պատկանում և ոչ` Կեսարիայի աթոռին։ 2-րդ` հայերն առաքելական աթոռ ունեին, և Կեսարիայի իշխանությամբ նոր աթոռ չի հաստատվել։ Ինչպիսին էլ որ լինեն առաջին 3 դարերի հայ քրիստոնեության մասին պատ­մաբանների կարծիքները, դրանց ստուգությունը ևս կասկած­ների տեղիք չի կարող տալ և ավելորդ ենք համարում այն քննարկել։

Ղևոնդիոս պատրի­արքից ձեռնադրվելու պատճառներից է նաև այն, որ Ղևոնդիոս պատրիարքը ձեռնադրվել էր Սուրբ Թադեոս առաքյալից։ Սուրբ Թադեոսը ձեռնադրեց Ադդե եպիսկոպոսին և Թեոպոլիս եպիսկոպոս Կեսարացուն։ Սա այն Թեոպոլիսն է, որ Ղուկաս ավետարանիչը հիշում է «Գործք առաքելոց»-ում։ Զաքարիա եպիսկոպոսին ձեռնադրեց Թեոպոլիսը որպես իրեն փոխանորդ։

Գրիգորի ձեռնադրությունը ոչ թե մի նոր հաստատության հիմնումը, այլ հայոց առաքելական աթոռի վերանորոգումն է հաստատում. նույնիսկ այդ է վկայում գործողության արդյունքը։ Կեսարիայի աթոռը ո´չ այն ժամանակ և ո´չ հետո երբեք չի միջամտել հայոց եկեղեցու գործերին և երբեք հսկողության իրավունք չի ունեցել։ Գրիգորն ինքն էր տնօրինում և կարգադրում ամեն ինչ, եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ էր ձեռնադրում, մինչև իսկ իր հովանավորության ներքո փոքր կաթողիկոսություններ էր հաստատում, եկեղեցական կանոններ և ծեսեր էր կարգադրում` տեղական ավանդությունները պահելով և ընղ­հանուր քրիստոնեական սովորություններին հետևելով։ Այնպես որ հայոց եկեղեցու վարչությունը, դավանությունը, ծեսն ու կանոնները ոչ թե հունականի կամ ընդհանրականի նմանությունն են, այլ 4-րդ դարի Լուսավորչի գործն են։ Ինչ որ հայ եկեղեցու հատուկ սովորություններն են, մեր ազգային ավանդությամբ, Լուսավորչին ենք ընծայում, որով թե´ Լուսավորչի մի անկախ եկեղեցու գլուխ լինելն ենք հավաստում, թե´ առաքյալների ավանդությունները Լուսավորչի շնորհիվ մեզ հասնելն ենք ընդունում: Որովհետև նա եղավ, իսկապե´ս, Հայաստանյայց եկեղեցու 2-րդ առաքյալը, ուղղափառ եկեղեցու Լուսավորիչը, առաքելական աթոռի իշխանության վերանորոգիչ և կարգադրիչ։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։