Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Լուսավորչի  Պատկերագրությունը

 

 

Լուսավորչին նվիրված պատկերներն ընդգրկում են հայոց դարձի գրեթե բոլոր գլխավոր հիմնական դրվագները, որոնք են`

ա. Բժշկությունը

բ. Մկրտությունը

գ. Լուսավորչի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնումը

դ. Դիմանկարների շարքը` Լուսավորիչը և Տրդատը, Լուսավորիչ, Տրդատ, Հռիփսիմե, Տրդատ, Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Լուսավորիչ և Հռոմի Ս. Սեղբեստրոս հայրապետ

ե. Լուսավորչի նշխարների գտնվելը հովիվների կողմից

զ. Բարեխոսության պատկերներումը

Միջնադարում, Տերունական պատկերների նման, հայոց դարձի դրվագները ևս ունեին կանոնացված պատկերագրություն, որն իր արտացոլումն է գտել ոչ միայն եկեղեցական որմնանկարչության, գեղանկարչության ու մանրանկարչության մեջ, այլև` եկեղեցական սպասքում` խորանի վարագույրներ, մյուռոնաթափ աղավնիներ և մյուռոնի ամաններ ու կաթսաներ, մասունքների պահարաններ, ձեռագրերի մետաղյա կազմեր։

 

 

 

Տրդատ Մեծ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե.

Ս. Էջմիածնի Խաչվառը, 1448թ.

 

Բժշկության պատկերներում ձախ կողմում Լուսավորիչն է, աջ կողմի կենտրոնական կերպարը Տրդատն է` շրջապատված մնացյալ ժողովրդով։ Տրդատը խոզակերպ է ներկայացվում կամ այն խորհրդանշող կճղակներով և խոնարհված Լուսավորչի առջև։ Պատուհասվածների մնացյալ բազմությունում երևում են միայն նրանց գլուխները և ձեռքերը, քանի որ փրկություն հայցելը արտահայտվում է հայացքների աղաչական նայվածքներով և փրկության հույսով դեպ Լուսավորիչը պարզված ձեռքերով։

Բժշկության դրվագի կենդանի խորը հավատքով և գեղարվեստական մեծ վարպետությամբ ստեղծված գեղեցիկ մի նմուշ է 1569թ. Բաղեշում ընդօրինակված Վարդան Բաղիշեցու մանրա­նկարը` զետեղված Ագաթանգեղոսի «Հայոց Պատմություն»-ում նկարազարդած էջերում։

Մկրտության դրվագը նկարներից բացի մեծապես արտահայտվել է հատկապես Սրբալույս Մյուռոնի հետ կապվող անոթնե­րում, պայմանավորված Մյուռոնի ծիսական գործառույթով։ Հայ­կական դրվագազարդ մետաղագործության լավագույն նմուշնե­րից շատերը հենց Մյուռոնի անոթներն են։ Նրանցում գլխավորաբար ներկայացվում են իմաստաբանորեն միմյանց հետ կապ­ված 3 պատկերներ. Հիսուսի մկրտությունը Հորդանան գե­տում, Տրդատի մկրտությունը Արածանիում` Լուսավորչի ձեռքով և Ս. Էջմիածինը։

Նրանցից վերջին 2-ը բխում են առաջինից։ Առաջին պատկերը Քրիստոսի մկրտությունն է Հորդանան գետում, որի թե´ իմաստային և թե´ պատկերագրական համաբանությամբ այս անոթների մյուս կողմում կամ նրա կողքին արդեն պատկերվում է Տրդատի մկրտությունը Լուսավորչի ձեոամբ` իրար միահյուսելով համաքրիստոնեականն ու ազգային-եկեղեցականը։ Այդ միահյուսումը արտահայտվել է անգամ պատկերագրական համադրությամբ (սինթեզով)։ Վերևում, ինչպես Հորդանանի մկրտության նկարներում, ամպի կիսաշրջանով ծածկված վերին երկինքն է, որտեղից պարզված է Աստծո Աջը, ապա աղավնակերպ իջնում է Սուրբ Հոգին։ Ներքևում, սակայն, Հովհաննես Մկրտչի ձեռքով Հիսուսի մկրտությունը Հորդանանում փոխարինված է Լուսա­վորչի կողմից Տրդատի մկրտությամբ։ Այս տեսարանը հանդի­պում է մի քանի տարբերակով` կամ միայն Տրդատն է մկրտվում և կամ էլ նրա թիկունքում Աշխեն թագուհին ու Խոսրովիդուխտ արքայաքույրն են, առանձին դեպքերում նաև մնացյալ ժողո­վուրդը, որն արդեն հավաքաբար խորհրդանշում է հայոց դարձը։ Ավետարանների կազմերին թեև միայն Տերունական պատկերներն են լինում, սակայն, առանձին դեպքերում, 18-19-րդ դարերի ձեռագիր և տպագիր Ավետարանների մետաղյա փեղկերին հանդիպում է Լուսավորչի ձեռքով կատարված մկրտությունը, քանի որ ինչպես Ավետարաններով սկսվեց մարդկության, այն­պես էլ այս մկրտությամբ` հայ ժողովրդի փրկությունը։

Լուսավորչի պատկերաշարի խորհրդաբանական խտացումն է տեսիլը, որում, համաձայն Ագաթանգեղոսի «Հայոց պատմության», նկարի վերևում բացված երկինքն է, որտեղից իջնող լույ­սի գունային խաղով գծագրվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարը։ Այս դրվագի մանրանկարչական գեղեցիկ արտահայտությունն է 1596թ. Խաչատուր Խիզանցու «Հասմավուրքի» համապատաս­խան պատկերը։

Վարագույրը քրիստոնեական խորհրդաբանությունում խորհրդանշում է տեսանելի երկինքը, որից այն կողմ տեղի են ունե­նում ծածկյալ խորհուրդները։ Եվ, քանի որ Լուսավորչի տեսիլը նվիրված է երկնային լույսով Մայր Տաճարի գծագրմանը, ուստի Մայր Տաճարի Ավագ Խորանի մի քանի վարագույրներում պատկերված է տեսիլը և այնքան կենդանի ապրվածությամբ, որ նրանում արտացոլվել է անգամ վարագույրների գործման ժամանակի ազգագրական միջավայրը։ 18-րդ դարի նման մի վարագույրում վար խոյացող Քրիստոսի ձեռքին ոսկե ուռնակը խորհրդանշող մի մուրճ է, որն օգտագործում էին 18-րդ դարի հայ վարպետները։

Լուսավորչի Տեսիլի նորօրյա հոգևոր վերիմաստավորման բարձրակետն է, սակայն, Եղիշե Թադևոսյանի «Լուսավորչի տեսիլքը» (1901թ.), ուր տարածվող Արարատյան դաշտի և նրանում գծագրվող Վաղարշապատի արքունական պալատի և մնացյալ շինությունների ընդհանուր համապատկերի վրա վեր է բարձրա­նում լուսեղեն Կաթողիկեն։ Կտավի երկիրը ներկայացնող ներ­քևի մասը սև ու գորշագույն է, որն առավել է շեշտում Կաթողիկեի լուսեղենությունը։ Նկարի վերին` երկինքը խորհրդանշող մասը լուսեղեն կապույտ է։ Ձախ մասում վար խոյացող Քրիստոսն է ու պատկերված է ոսկե մուրճով հարվածելու պահը։ Միածնի Էջքը երկնքից երկիր արտահայտվել է կտավի երկնային լույսի միջից Հիսուսի ոսկե մուրճով երկրային հողեղենությանը հարվածելով, որը խորհրդանշում է նաև, թե Միածնի իջմամբ երկինքն ու երկիրը իրար միացան։ Նկարի աջ ներքևի անկյունում կուչ եկած և վար խոնարհված Լուսավորիչն է` հիացած և սքանչացած այս զարմանահրաշ ու ահեղ տեսիլով։

Ինչպես հայտնի է ընդհանրական եկեղեցու առաջին 3 գլխավոր բարեխոսներն են Տիրամայրը, Հովհաննես Մկրտիչը և Ս. Ստեփաննոս Նախավկա սարկավագը, որոնց կողքին հայոց եկեղեցու 4-րդ բարեխոսն է` Ս. Գրիգորը։ Ահա այս պատճառով հայոց սրբին գտնում ենք նաև բարեխոսության պատկերնե­րում, որոնց կենտրոնում Քրիստոսն է, իսկ աջ և ձախ կողմերում բարեխոսները։ Լուսավորիչը միշտ պատկերվում է Հովհաննես Մկրտչի հետ։ Վերջինս եթե Հորդանանի ջրերում մկրտեց երկնա­յին թագավորին ու ժողովրդի բազմությանը, ապա Լուսավորիչն էլ Արածանիի ջրերում` երկրավոր թագավորին ու հայ ժողովր­դին։

Մանրանկարներից ու կտավներից բացի այս թեման հանդի­պում է նաև մասունքների պահարանների վրա, ուր բուն պահա­րանի վերևի կենտրոնական մասում Քրիստոսն է, իսկ ներքևում, բացվող 2 փեղկերի դրսի կողմին, ձախից Լուսավորիչն է, աջից` Հովհաննես Մկրտիչը: Մեզ հասած նման հնագույն օրինակը 1300թ. պատրաստած Խոտակերաց Սուրբ Նշանի պահարանն է:

Այստեղ Հովհաննես Մկրտիչը ներկայացվում է իր ավանդական պատկերագրությամբ` անապատականությունն ու անապատական կյանքը խորհրդանշող խռիվ մազերով և մորուքով ու մինչև ծնկներն իջնող պարեգոտով, իսկ Լուսավորիչը` քահանայապետական վեհությամբ ու շքեղությամբ: Նրանցից առաջինը խորհրդանշում է քրիստոնեության արշալույսը, իսկ 2-րդը` հաղթանակը:

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։