Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Շինություններ

 

Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվելուց հետո, այսինքն` բոլոր եկեղեցական աստիճանները` դպրությունից մինչև եպիսկոպոսություն ընդունելուց հետո, գնաց Սեբաստիա, ուր և մի ժամանակ մնաց (Գլակ. 24), որի պատճառն այդ քաղաքում ազգականներ ունենալն էր։ Հիշյալ 2 քաղաքներից ևս գործակից պաշտոնյաներ ընտրեց և իր երկիրը դառնալու համար Կարինի և Հարքի ճանապարհով իջավ Տարոն, որը հայոց հեթանոսական կրոնի մեծ կենտրոններից էր` իր Աշտիշատով և Իննակնյան բագիններով։ Այնտեղ հեթանոսությունն ավելի ամուր էր, և Գրիգորն ահեղ դիմադրության հանդիպեց, ինքը` խաչով, իսկ նախարարները` բանակներով, օրինավոր պատերազմ մղեցին քրմերի դեմ: Ուր որ հեթանոսության կենտրոնն էր եղել, այնտեղ քրիստոնեության մեծ կենտրոն հիմնեցին` զետեղելով այնտեղ Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե Եպիսկոպոսի մասունքները, որոնք Լուսավորիչը` իբրև հոգևորական, նվեր  էր  ստացել Կեսարիայի հայրապետից։ Սակայն մի փոքր մանրամասն գրենք այդ ամենի մասին:

Աստծո հրամանով Սուրբ Հովհաննես Մկրտչի նշխարները պետք է ամփոփվեին Չորրորդ Հայքի Տավրոս լեռան ստորոտում, որ սահմանակից էր Պահլևական  Պարսկաստանին։ Հենց այս տարածքում է ընկած Մամիկոնյաններին պատկանող երկիրը։ Այստեղ էր չարերի որջը, սկզբնաղբյուրը։ Եվ շատ սրբերի Աստծո Հոգին հայտնել էր, թե հենց այստեղ է դժոխքի բերանը։ Այն Իննակնյան էին անվանում։ Դա Գիսանե և նրա որդի Դեմետրի կուռքերի բնակատեղին էր։ Նրանցով պարծենում էին տեղի բնակիչները։ Ս. Լուսավորիչն ամբողջ գիշեր աղոթքով անց­կացրեց։ Առավոտյան Տերը նրան ասաց. «Վեր կաց, գնա Տավրոս լեռան մոտ, և Ես քեզ ցույց կտամ, թե որտեղ պետք է սրբերի նշխարները բնակվեն»։ Երբ քրմապետերը տեղեկացան, թե  ուզում  են կործանել կուռքերին, ողջ երկրի քրմերին հրամայեցին պատրաստվել։ Սրանց գլխավորի անունն Արձան էր։ Սևամորթ էին և ազգությամբ՝ հնդիկ։ Իսկ թե ի´նչ գործ ունեին Հայոց երկրում, պատճառը հետևյալն էր. այստեղ եղած կուռքերը` Գիսանեն և Դեմետրին, հնդիկ իշխաններ էին, հարազատ եղբայրներ։ Սրանք հալածական են լինում և փախչում մեր երկիր։ Վաղարշակ թագավորը նրանց է հանձնում Տարոն երկիրը, որտեղ կառուցում են քաղաք և անվանում Վիշապ։ Նրանք, գալով Աշտիշատ, հիմնադրեցին այն նույն բագինները, որոնք պաշտում էին Հնդկաստանում։ Իսկ նրանց որդիները Քարքե լեռան վրա իրենց նախնիների անունով արձաններ կանգնեցրին՝ անվանելով Գիսանե և Դեմետրի։ Արձան քրմա­պետի գլխավորությամբ զորք ժողովեցին և պատրաստվեցին հայոց արքայի դեմ պատերազմի։

Ս. Լուսավորիչը Անգեղ տան իշխանի հետ բարձրացավ բլուրը, որտեղ պետք է կործանեին կուռքերին և վկայարաններ կառուցեին։ Եվ երբ մոտենում էին լեռան բարձունքին, հանկարծակի առաջ անցան Արձանն ու Դեմետրին և պատերազմի փողեր հնչեցրին։ Տեղի ունեցավ առաջին պատերազմը։ Արձանը տեսնելով հայոց զորքն ասաց.

- Մենք չենք կարող պատերազմով ձեզ ընդդիմանալ, որովհետև սա տունն է հայոց թագավորի, դուք նրա իշխաններն եք, դուք շատ եք, մենք՝ քիչ։

Անգեղ տան իշխանը պատասխանեց.

- Ես զորքով չեմ կռվելու քո դեմ, այլ մեն-մենակ։ Ո՛վ, դո´ւ, առաջ արի´, մենամարտե՛նք։

Արձանը և Անգեղ տան իշխանը մենամարտեցին։ Արձանը հասցրեց տեգով հարվածել իշխանի ազդրին և քիչ մնաց գետին գլորեր։ Բայց իշխանը, դառնալով նրա կողմը, ասաց.

- Իմացիր, Արձա՛ն, որ այսօր դու պետք է այստեղ արձանանաս։

Ապա սուրը վեր բարձրացնելով` թափով հարվածեց նրա աջ ուսին և գլուխը պարանոցից անջատեց։ Երկրի տարբեր կողմերից զորքեր կիտվեցին և ելան հայոց զորքերի դեմ։ Երկար պատերազմելուց հետո հայոց զորքին հաջողվեց հաղթել և կործանել կորստյան բույնը՝ կռատները։ Հայտնապես բոլորը լսեցին, թե ինչպես են չարքերը գոչում.

Թեպետ դուք հալածում եք մեզ, բայց մենք չենք թողնի, որ այստեղի ժողովուրդը հանգիստ ապրի։

Ս. Լուսավորիչը կռատան տեղը կանգնեցրեց  Տերունական խաչը, այստեղ ամփոփեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները և գրեց տախտակի վրա. «Ոչ մի կին արարած չպետք է համարձակվի այս եկեղեցու շեմից ներս մտնել»։ Երբ Ս. Կարապետի նշխարները Սուրբ Սեղանի տակ հաստատեցին, այնժամ Լուսավորիչը ծնկի իջավ, ձեռքերը դեպի երկինք պարզած՝ խնդրեց. «Տեր տերանց, աղաչում եմ քեզ, թող ոչ ոք չհամարձակվի այս սուրբ նշխարներն այստեղից հանել մինչև ահավոր դատաստան (աշխարհի վերջը)։ Եթե սուրբ հայրերից մեկն աղոթքով խնդրի և կամենա հանել նշխարները, մի´ լսիր նրան և մի՛ հայտնիր տեղը, իսկ ովքեր հիվանդ են, թող գան, Ս. Կարապետից առողջություն խնդրեն. օգնիր նրանց և բժշկիր»։ Երբ Ս. Լուսավորիչը վերջացրեց իր աղոթքը, երկնքից ձայն լսվեց. «Թող լինի այնպես, ինչպես դու ես ցանկանում»։ Ապա բոլորը միաբերան օրհնեցին. «Ձեզ ավետիս. չար սատանան կործանվեց, և Աստված այսօր դարձյալ խնդությամբ լցրեց բոլոր արարածների սրտերը Սուրբ Հոգու գալստյամբ»։ Ուստի և բլուրը կոչվեց «Ավետյաց բլուր»։

Վարդապետիկ անունով իշխանը, ով բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր էր կառուցել, ուներ Մարիամ անունով մի բարեպաշտ կին։ Քանի որ ինքը Կեսարիա պետք է մեկներ, առավ կնոջը, տարավ իր հայրական տուն, թողեց այնտեղ և ինքը գնաց: Իսկ նրա կինը, քանզի խիստ փափագ ուներ սրբերին տեսնելու, որոնք սուրբ Կարապետի վանքում էին, օրերից մի օր վերցրեց ծծկեր մանկանը, որ յուր առաջնեկն էր, մեծագույն սիրով ու ջերմեռանդությամբ եկավ սուրբ Կարապետի դուռը։ Բազում աղաչանքներով խնդրեց սպասավորներին, որպեսզի թույլ տան մտնել եկեղեցի։ Սպասավորները, սակայն, արգելեցին նրան իր այդ փափագը կատարելու։ Բայց վերցրին մանկանը տիկնոջ գրկից և տարան եկեղեցի, Տիրոջ Սուրբ Սեղանի առջև երկրպագեցրին նրան, ապա բերեցին և տվեցին տիկնոջը։ Նա, առնելով մանկանը, սկսեց արտասվել և իրեն կոծել ասելով. «Վայ ինձ, մեղավորիս, որ զրկված եմ աստվածային բարուց։ Ողբացե՛ք ինձ, ամենայն կանայք, մասնակից եղեք իմ արցունքներին։ Թող լեռներն ինձ ծածկեն և թող բլուրներն ինձ վրա ողորմյա ասեն, գազանները թող ավաղեն ինձ և թռչունները թող վշտակցեն ու խղճան ինձ։ Թող հրեշտակներն ապաշավեն իմ անձը, և ինձ վրա թող դևերը հարձակվեն։ Ողորմացե՛ք ինձ, սպասավորներդ Ս. Կարապետի, և թույլ տվեք ինձ տաճարի ներսը մտնել»։ Ապա, դառնալով մանկանն, ասաց. «Որդյա՛կ, ինչո՞ւ բաժանվեցիր իմ գրկից, ինչպե՞ս չխղճացիր հարազատ մորդ։ Մի՞թե ես չծնեցի ու չսնեցի քեզ, իսկ դու ինձ մենակ թողեցիր»:

Այս բոլորն ասելով՝ տիկինը բազմաթիվ անուշահոտ յուղեր էր հանում, տալիս սպասավորներին և ասում.

- Վերցրեք սրանք և թույլ տվեք ինձ ներս մտնել։

Իսկ սպասավորները պատասխանեցին.                          

- Չափից ավելին պահանջելով մի՛ ձանձրացրու մեզ և գնա՛ խաղաղությամբ։

 Կինը պատասխանեց.

 - Ո՛չ, այդպես չէ։ Եթե ձեր իշխանության համար եք ասում, ես ձեզանից չեմ վախենում, իսկ եթե Կարապետի` մեր հանդեպ ունեցած թշնամանքի համար է, միթե ինքն էլ հենց կնոջից չծնվեց։ Մի՞թե Տերն ինքը կնոջից չծնվեց և մարգարեներն ու առաքյալները նույնպես կնոջից չծնվեցին։ Ահա ես մտնում եմ, ով Տեր, և իբրև բարեխոս ինձ քո մորն ունեմ։ Մի՛ ուղղիր ինձ քո բարկության ցասումը և թող չլինեմ այս աշխարհի անարգվածների թվում։ Քանի որ ինքդ էլ կնոջ կաթով սնվեցիր, գոնե ինձ էլ տաճարդ մտնելու արժանի արա...։

Այս ասելով՝ ներս մտավ տաճարի որմերը համբուրելով, ապա գնաց Սուրբ Սեղանի առջև ծունր դրեց և ասաց. «Նայի´ր, Տե´ր, խորտակված սրտին իմ և ողորմաթյունդ արա ինձ` բազում վիրավորյալիս, քանզի ողորմությամբ հիշաչար չես լինի։ Ուրեմն թող հավիտյանս օրհնյալ լինի անունը քո»։

Իսկ երբ դուրս եկավ եկեղեցուց, այնժամ զայրացան, բորբոքվեցին, տրտմեցին եկեղեցու սպասավորները կատարվածի համար, տիկնոջ համար կերակուր նույնիսկ չպատրաստեցին։ Ինքը, սակայն, իր սպասավորներին կարգադրեց կրոնավորների համար ճաշ պատրաստել: 395 հոգի տիկնոջ պատրաստած սեղանին մասնակից եղան։ Երբ ճաշը վերջացրին, տիկինը, դառնալով նրանց, ասաց. «Ո՛վ սրբասեր եղբայրներ ու աստվածային պատվիրանները գործադրողներ, այսօր ցնծացե՛ք ինձ հետ միասին, քանզի Տերը ներեց ինձ և իմ սրտի փափագը կատարեց։ Արդ օրհնեցե՛ք ինձ և ճանապարհ դրեք խաղաղությամբ...»։

Այնժամ եկեղեցապանն ու կրոնավորներից մեկը սեղանից վեր կացան, գնացին Ս. Կարապետի դուռը և ծունր իջնելով ասացին. «Ո՛վ Տեր, դու կներե՞ս այն կնոջը, որ այդ բանն արեց և բոլոր կանանցից միայն նա համարձակվեց քո տունը մուտք գործել։ Ցույց տուր զորությանդ նշանը նրան` որպես ապացույց բոլոր ազգերին և խրատ բազմաց ամենայն»։ Իսկ երբ կնոջը ճանապարհ դրեցին, իրենք ետ դարձան: Տիկինը մոտեցավ մի փոքրիկ զառիվայրի, որը Սատակի բարձունքին է, բարձրացավ այնտեղ, նայեց դեպի փոքր ամրոցը, և զարմանալի տեսիլք երևաց նրա աչքին. տվեց մանկանը դայակներին և գոչեց. «Տեսնում եմ ահա այր մի գիսավոր եկեղեցուց դուրս եկավ և ամպերի մեջ որոտալով՝ դեպի ինձ է գալիս։ Տեսնում եմ նրա մոտ զենք (սուրսայր)՝ արյամբ ներկված ու խնամքով թաքցրած»։ Բայց խոսքը  դեռ  բերանում  էր,  հարվածեց (տեսիլքը) նրան և այնտեղ հոգին ավանդեց: Այս բանը տեսնելով` ծառաները փութացին հայտնել եկեղեցու սպասավորներին, իսկ վանահայրը, երբ եկավ տեսավ, սաստիկ զայրացավ եկեղեցականի վրա, շատ տրտմեց ու շատ ժամեր արտասվեց: Ապա սպասավորների  հետ միասին վերցրին տիկնոջ մարմինը տարան, ուր նրա համար գերեզման պատրաստեցին և դրեցին մեջը։ Այնուհետև քարե խաչ կանգնեցրին ու գրեցին այսպես. «Ով մարտնչել հանդգնի Աստծո եկեղեցու դեմ, սուրն այս խոցի թող նրան» (պատմությունը գրված է համառոտակի)։

Ս. Կարապետի մասունքը, ըստ ավանդության, Հովհաննես ավետարանչի ձեռքով փոխադրվել է Հրեաստանից Եփեսոս, և, Փլաբիանոս եպիսկոպոսի ձեռքով, մասամբ Եփեսոսից Կեսարիա էր բերվել և Լուսավորչի ձեռքով, դարձյալ  մասամբԿեսարիայից Տարոն փոխադրվել։ Իսկ Ս. Աթանագինեսը, նույն ինքը` Գրիգորի աներձագն էր, և սրա մասունքը, գուցե ընտանեկան պարագաների բերումով, իրեն հասանելիք իրավունքով, ստացել էր Լուսավորիչը։ Տարոնում Լուսավորիչը սուրբ նշխարների մասերը 3 տեղ դրեց` Ս. Կարապետը` Իննակնյան բագինների տեղում, Ս. Հովհաննեսը` Եղրդուտ կոչված տեղում, որ հավանաբար ուրիշ նշանավոր բագին էր Տարոնի դաշտի հարավակողմում, և Մատնավանքը`Աշտիշատի ստորոտում։ Նշխարները զետեղվեցին հողի մեջ` միմի պատան կազմելով, ինչպես հին եկեղեցու սովորությունն էր. վկաների ոսկորները պատվել պատանի մեջ և ոչ երբեք` տուփերի և շարժական անոթների մեջ։ Իսկ Աշտիշատում մի մեծ եկեղեցի շինեց, որ առաջինը եղավ և Մայր Եկեղեցու անուն ստացավ։ 

Այս և սրա նման փառավոր կոչումներն առիթ հանդիսացան, որ օտարազզիները կարծեն (Գելցեր, 59), թե հայոց եկեղեցա­կան կենտրոնը Աշտիշատում է եղել և ոչ թե Վաղարշապատում, և թե Էջմիածինը չէր հայոց Մայր Աթոռի տեղը Լուսավորչի ժամանակ։ Սակայն, եթե այս դրությունը ճշմարիտ լիներ, պետք էր վերիվայր աներ ամբողջ ազգային ավանդությունների արդյունքը: Բայց, բարեբախտաբար, կրոնական սրբավայրեր ունենալ հայրապետական աթոռից դուրս ևս դժվար չէ։ Աթոռը երկրի մայրաքաղաքի մեջ և արքունական գահի մոտ պետք է լիներ և եղավ։ Աշտիշատը չէր այն ժամանակ Հայաստանի մայրաքա­ղաքը, այլ Վաղարշապատը, իսկ կրոնական կենտրոնները հաստատվեցին այնտեղ, ուր հեթանոսական պաշտամունքի կենտրոններ կային։ Ոչ միայն Աշտիշատը, այլև Բագավանը, Երիզան, Անին և ուրիշ կռապաշտական կենտրոններ հավասար կերպով նկատի առնվեցին:

Վերևում պատմված եղելությունների ժամանակամիջոցը ճշտելու համար 2 թվականներ ենք գտնում պատմության մեջ։ Զենոբը հիշում է (Գլակ. 35) նավասարդի 1-ը, որ 302թ. սեպտեմբերի 12 էր, իսկ Ագաթանգեղոսը հիշում է (Ագաթ. 507) սահմի 7-ը, որը համապատասխանում է նոյեմբերի 17-ին։ Այս թվականը Գրիգորի Տարոնում գործունեության վերջին օրն է, որի ընթացքում բազմաթիվ անձանց մկրտությունն է կատարում Արածանիի կամ Ստորին Եփրատի մեջ։ Տեսիլքի թվականից հաշվելով` 10 ամիսների մի ժամանակամիջոց է մնում, որը բավական էր ընտրության, Կեսարիա ուղևորության, ձեռնա­դրության, Սեբաստիա գնալու, Տարոն գալու և այնտեղի զանա­զան գործողությունների համար։

Լուսավորիչը Տարոնից անցնում է Բագրևանդ, որ դյուրին և բնական ճանապարհ է և  իրար է կապում 2 մեծ կրոնական պաշտամունքների կենտրոնները` Աշտիշատն ու Բագավանը։

Տրդատ թագավորը, լսելով Գրիգոր Լուսավորչի գալուստը, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ և նշանավոր նախարարների հետ ելավ ընդառաջ, և իրար հանդիպեցին Բագրևանդ գավառի Նպատ լեռան մոտ։

Ս. Լուսավորիչը հրաման տվեց արքայագունդ բանակներին 1 ամիս ժամանակով պասի ու աղոթքի մեջ մնալ։ Երբ լրացավ պաս կատարելու ժամանակը, երանելի Գրիգորն առավ աշխարհաբանակ զորքը, թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց և առավոտյան՝ այգը բացվելուն պես, Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ բոլորին մկրտեց՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։

Երբ թագավորն ու բոլոր մարդիկ իջնում էին Եփրատ գետի ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց. գետի ջրերը կանգնելով ետ դարձան։ Սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և ջրերի ու սյան վրա կանգնեց տերունական խաչի կերպարանքը։ Լույսն այնքան ծագեց, մինչև արգելեց ու նվազեցրեց արեգակի ճառագայթները։ Օծության յուղը, որ Գրիգորը մարդկանց վրա էր թափում, գետի մեջ շրջան կատարելով, մարդկանց շուրջն էր պտտվում։ Եղավ զարմանք ոչ պակաս, քան Հորդանան գետում Տիրոջ մկրտության ժամանակ։ Ջուրը հետ դարձավ, ինչպես Տիրոջ մկրտության ժամանակ, իսկ օրհնված յուղի պտտվելը Սուրբ Հոգու իջնելն էր, ինչպես Հորդանանում, և լույսի մի սյուն իջավ խաչի վրա. դա Հոր ձայնն էր, նրա հնչյունը։ Այս բոլորը նշանակում էր, որ ամենակալ Հոր որդիներն են մկրտվում` Քրիստոսի եղբայրները։ Ամենքը զարմացած օրհնություն էին տալիս Աստծուն։ Օրվա երեկոյան հրաշքն աներևույթ եղավ, և նրանք դեպի վեր` ավան, վերադարձան։ Նրանք, որ այն օրը մկրտվեցին, ավելի քան 15 բյուր էին՝ արքունական զորքից։ Ապա բոլորը հաղորդվեցին Տիրոջ Արյամբ և Մարմնով։

Տրդատի մկրտության վայրում մի քար է կանգնեցված մինչև այսօր և Տրդատի արձան է կոչվում (Նկ. 14)։ Ժամանակային այս հաշվարկից հեռացած չենք լինի, եթե, ամսօրյա պահքը ևս (Ագաթ. 615) նկատի առնելով, որ հիսնակաց պահոց հետ է համեմատվում, Տրդատի մկրտությունը համարենք Քրիստոսի Աստվածհայտնաթյան օրը` 303թ. հունվարի 6-ը։ Նշենք նաև, որ մկրտվելիս թագավորն ստանում է Հովհաննես անունը:

 

 

 

     

       Նկ. 14 

 

    

 Ս. Գրիգորը Մկրտում է Տրդատ Արքային,Փորագրանկար, 1628թ., Չորս Կողմերի Կլոր Շրջանակներում

Պատկերված են Լուսավորչի Կրած Չարչարանքները 

                                                                    

Լուսավորիչը քարոզելով և շրջելով հասավ Արագած սարի ստորոտում գտնվող Փարպի գյուղաքաղաքը։ Այնտեղ կառուցեց «Սուրբ Երրորդություն» անվամբ մի տաճար։ Մի օր, երբ Ս. Գրիգորը այնտեղ մատուցում էր մեղսաքավիչ պատարագ, մի ոք դիցապաշտ (կռապաշտ),  չարի ազդմամբ, մի սատկած շուն գցեց Սուրբ Սեղանի վրա՝ իբրև նախատինք սուրբ խորհրդին, որ կատարվում էր։ Սուրբ քահանայապետը, սրբությունն իր ձեռքերի մեջ, խնդրեց Աստծուն, որ այս չար գործի մեղսակիցները պատժվեն և ամոթով մնան։ Իսկ ով գազանի խայթոցից կամ գազանից վախեցած լինի, հավատացյալ, թե անհավատ, եթե ուխտի գա այս եկեղեցի, թող բժշկվի։ Աստված, որ կատարում է իրենից երկյուղածների կամքը, լսեց քահանայապետի աղոթքը, և տաճարի քարերի վրա իջավ հոգու զորություն։ Եվ որտեղ տանում էին այս քարերը, լինում էր բժշկություն դժնդակ ախտերից։ Երբ աշխարհի 4 կողմերից գալիս էին ուխտի և քարերից մի փոքրիկ մաս էին տանում բժշկության համար, բնակիչները դաշտից քարեր էին բերում և դնում եկեղեցում, որ ուխտավորները տանեն իրենց երկիր`բժշկելու գազաններից վիրավորվածներին։

Մի օր եկան պարսիկ ուխտավորներ, մտան եկեղեցի, տեսան` եկեղեցու ներսի և դաշտի քարերը միապես են։ Սկսեցին թերամտել և կասկածել. ոչ թե եկեղեցուց է այս զորությունը, այլ բնությունից։ Չկա տարբերություն դաշտի և եկեղեցու գավթի  մեջ կուտակված քարերի։ Փոխանակ եկեղեցու քարերից տանեին իրենց հետ` վերցրին դաշտի քարերից և տարան իրենց երկիր։ Երբ նրանց մոտ էին գալիս գազաններից վիրավորվածները, փոխանակ բժշկվելու, հակառակը, միանգամից մահ էր բերում հիվանդին։ Այնժամ զղջացին և խնդրեցին Ս. Լուսավորչի բարեխոսությունը, խոստովանեցին իրենց մեղքը և թերահավատությունը։

Աստծո առաքելագործ այր Ս. Գրիգոր քահանայապետը հրամայում է Տրդատ մեծին իր թագավորությունը կազմակերպել հունաց կայսեր օրինակով. գահ և աստիճան տալ իշխաններին՝ յուրա­քանչյուրին ըստ պատշաճի։ Իշխանների մի մասին նշանակել գահակալներ, իսկ երկրի 4 կողմերի համար առանձին իշխաններ, որից հետո Ս. Լուսավորիչը սահմանեց եկեղեցական դասերը, եպիսկոպոսների դիրքը ու պատվաստիճանը։ Կարգադրեց, որ իր հետ աթոռներով ու ականակուռ բարձերով բազմեն 36 եպիսկոպոս։

Այնուհետև հունական ու ասորական լեզուներով դպրոցներ բացեց՝ այնտեղ ընդունելով քրմերի երեխաներին։ Ապա երկրի 4 կողմերը քահանաներ և քարոզիչներ ուղարկեց` հոգևոր սպասավորության, քարոզելու և ժողովրդին մխիթարելու համար։

Նույն այս 303թ. սկզբին Գրիգորը և Տրդատը հասնում են Վաղարշապատ մայրաքաղաքը, և նրանց գլխավոր գործն է դառնամ արդեն Մայր Եկեղեցու նյութական և բարոյական շինությունը։ Էջմիածնի տաճարի շինությունը հետաձգվել էր կույսերի վկայարանների շինության պատճառով` թողնելով, որ պաշտոնական գործը պաշտոնական հովվապետի ձեռքով կատարվի։ Գրիգորը շատ տաճարներ էր կառուցել Այրարատ հասնելուց առաջ, սակայն ժամանակագրական առաջնությունը պաշտոնական առավելություն չէր տալիս։ Միածնի իջման տեղը սահմանվել էր ի սկզբանե` լինելու Մայր Եկեղեցի Հայրապետության Հայոց, որ նշանակում էր նաև փոխել Թադեոսի Արտազյան աթոռի տեղը։ Էջմիածնի մայր եկեղեցին նվիրված էր Սուրբ Աստվածածնին, և Աստվածածնի հնագույն տոնը Փոխման կամ Ննջման տոնն է։ Արդ, այն կանոնադրությունը, որով Սուրբ Աստվածածնի տոնի նախընթաց օրը Շողակաթի հիշատակն ենք տոնախմբում, ներքին ավանդական կապ ունի տոնի հետ, քանի որ շաբաթ օրը Մայր Տաճարի նավակատիքն է, իսկ կիրակին նույն տաճարի ավանդական տոնն է։ Այս ավանդության վրա հիմնվելով և 303թ. օգոստոսի 15-ի կիրակի եղած լինելը նկատի ունենալով` այս օրը պետք է նշանակենք իբրև օր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի։

Լուսավորչի հայրապետության սկզբնավորության համար Խորենացին ասում է, թե եղած է «յեօթն և ի տասներորդի ամի թագաւորութեան Տրդատայ» (Խոր Բ 91): Արդ, եթե թագավորության թվականը 287թ. համարենք, կհասնի 304թ, բայց արդեն Դիոկղետիանոսի 3-րդ տարին սկսվում է 286թ-ից: Եվ մյուս կողմից, երբ մի դեպք մյուս դեպքով է ժամանակագրվում, սկսված տարիները ամբողջական են հիշվում և մեկը մյուսի վրա գումարելը ճիշտ չի լինի։ Հետևաբար, Դիոկղետիանոսի 3-րդ տարին և Տրդատի 17 տարին 20 ամբողջ տարիներ չեն, և կարդարանա ժամանակագրությունը, եթե Գրիգորի ձեռնադրությունը դնենք 302թ-ին և Մայր Տաճարի շինությունը` 303թ-ին:

Հենց այդ ժամանակ Տրդատ թագավորը լուր ստացավ, որ Կոստանդիանոս կայսրը մկրտվեց և դադարեցրեց հալածանքները քրիստոնյաների նկատմամբ։ Ուստի թագավորն ու հայոց հայրապետը խորհուրդ արեցին, խաղաղության դաշինք կնքելու նպատակով, կայսեր դուռը գնալ։ Ճանապարհ ընկան, հասան մինչև Սպահունյաց գավառի Մանաձկերտ (Մանազկերտ) գյուղաքաղաքը։ Բայց թագավորին տեղեկացրին, որ հյուսիսացիների արքան հարձակվել է Վրաստանի վրա, ուստի պատգամաբերը թագավորի կողմից օգնություն խնդրեց: Այսպիսով` պատերազմը խանգարեց Կ. Պոլիս մեկնելուն: Տրդատ թագավորը, առիթից օգտվելով, Ս. Լուսավորչին խնդրեց միասին գնալ` տեսնելու Ս. Կարապետ եկեղեցին և սուրբ ճգնավորներ Անտոնին ու Կրոնեցեսին, ովքեր, Լուսավորչի խնդրանքով, Կեսարիայից եկել էին Հայք, որպեսզի տեղի ժողովրդին ծանոթացնեին ճգնավորի վարքին: Ուստի և Անտոնին, որը պակաս չէր, քան Մեծն Անտոնը, Լուսավորիչն իր հետ բերեց Հայք: Թագավորն իր շքախմբով, իսկ uբ. Լուսավորիչը` թափորով, խնկով և մոմերով, բարձրացան լեռը: Ողջ գիշեր աղոթեցին` կասկած չունենալով, որ թշնամին շրջապատել է իրենց: Հնչեցին պատերազմի փողեր: 2 կողմն էլ պատրաստվեցին կռվի։ Հյուսիսականների Գեդոեհոն թագավորն իր զորքով շրջապատել էր հայոց զորքը: Վերջինս անելանելի վիճակի մեջ էր։ Հայ իշխաններից մի քանիսը դավաճանել և թշնամուն ցույց էին տվել հայոց զորքի տեղը: Այս տեսնելով` Ս. Լուսավորիչը ծնկի եկավ և խնդրեց Հովհաննես Մկրտչին. «Ով Կարապետն Քրիստոսի, մի՞թե չես տեսնում դրանց արածը։ Օգնության հասի՛ր և նշանավոր արա այս օրը մեր ազգի համար»: Ապա, վերցնելով սուրբ Կարապետի նշխարքները, կնքեց մատանիով, խաչակնքեց` զորականներին ասելով. «Թող սրբի օգնությունը և արիությունը ձեզ վրա տարածվի»։ Մի փոքր անց, գերբնական ուժ ստանալով, Տրդատ թագավորը դյուցազնաբար ձայն տվեց և, օգնության կանչելով սուրբ Կարապետին, ճեղքեց թշնամու զորագունդը և անցավ լեռան գագաթը: Երբ 2 կողմերն իրար դեմ ելան, Հյուսիսի թագավորը գոռաց.

- Արքա՛դ հայոց, դե ե՛կ առաջ:

Միմյանց հասնելով` սկսեցին ինչպես քարհատներ կամ դարբնոցի կռանահարներ մեկմեկու հարվածել։ Երկուսն էլ զորավոր էին, ուստի երկար կոփեցին միմյանց, և ոչինչ դուրս չեկավ։ Հյուսիսի արքան ճոպանավոր էր, ուստի պարանն անցկացրեց Տրդատի պարանոցով ու աջակողմյան թիկունքով, ապա արագորեն շուռ եկավ և ոլորեց պարանը։ Այնպես պիրկ ձգեց, որ հայոց արքան չկարողացավ նույնիսկ ձեռքը շարժել։ Բայց Տրդատը մտրակեց նրան, և հանելով պարանը` ձայն տվեց.

- Կատաղի՛ շուն։

Աջ ձեռքը վեր բարձրացրեց, սուրը թափով իջեցրեց նրա ձախ ուսին։ Հարվածից Հյուսիսի արքան բաժանվեց 2 մասի, նրա հետ էլ ձիու հետնամասը, և երկուսով գետնին տապալվեցին։ Ապա առաջ անցնելով` փախուստի մատնեց նրանց։ Թագավորը և իշխանները հետ դարձան դեպի արձանը, իջան Ս. Գրիգորի մոտ և Ս. Կարապետի նշխարների տեղում մեծապես գոհություն հայտնեցին Աստծուն։ Թագավորի առաջ բերեցին դավաճան Աղձնաց իշխանին։ Զորականներից մեկը կամեցավ ծայրատել (անդամահատել), բայց Ս. Գրիգորը թույլ չտվեց պատուհասների պատճառով, որպեսզի տարաժամ աղետներ չունենան։ Թագավորը կարգադրեց զրկել իշխանական պատվից և աքսորել հայոց երկրից։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։