Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Նշխարների  Գտնվելը

 

 

Ուշադրության արժանի է, որ բացի Լուսավորչից, բոլոր սրբերի մահվան օրը հիշատակվում է։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ Լուսավորչի մահն ի սկզբանե հայտնի չի եղել։ Հնագույն տոները եղել են վիրապից ելնելը և նշխարաց գյուտը, իսկ վիրապ մտնելու տոնը ավելի ուշ է հաստատվել։ Թերևս վիրապից ելնելը նույնիսկ իր կենդանության ժամանակ տոնելի տարեդարձ է եղել, և իբրև Լուսավորչի տոն շարունակվել է մահվանից հետո ևս։ Իսկ նշխարաց գյուտի փաստը ևս շատ մեծ երևույթ պետք է եղած լինի, որ վերջապես Աստված հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի։ Եվ այս հրաշալի պարագան ևս հանդիսավոր տարեդարձով է տոնվում։ Նշխարաց գյուտը սովորական և նոր հաշվի համեմատ դրվում է 441թ, իսկ մենք հավանական չենք համարում այդ թվականը։

Երբ Ս. Վրթանեսը, ըստ մեր հավանական հաշվարկների, 341թ. մահանում է, թաղվում է Թորդանում` Դարանաղյաց գավառում` ըստ Խորենացու և Բուզանդի վկայության (Խոր. 24, Բուզ. 29): Միայն թե մինչ Խորենացին մարգարեական մեկնություն է տալիս այնտեղ թաղվելուն, Բուզանդն ասում է. «անդ առ մեծի հայրապետին Գրիգորի զսորա սուրբ զոսկերսն հանգուցանէին»։ Երբ Ս. Արիստակեսը մահանում է, թաղվում է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Զավակի` իր հոր մոտ չթաղվելը ցույց է տալիս, որ այն ժամանակ Թորդանում դեռ չկար Լուսավորչի գերեզմանը։ Իսկ Վրթանեսի հոր մոտ թաղվելը հաստատում է, որ Լուսավորչի նշխարները գտնվել են Վրթանեսի կաթողիկոսության ժամանակ և, Սեպուհ լեռից բերվելով, թաղվել են Թորդանում, որը Լուսավորչի անձնական սեփականությունն էր` արքունական շնորհմամբ։ Գուցե նույն ինքը` երանելի ճգնավոր Գառնիկը, Ս. Լուսավորչի ձեռնասուն և անմիջական աշակերտներից մեկն էր, որ իր հոգևոր հոր նշխարներին հետամուտ էր։ Հարկ է նշել նաև, որ Լուսավորչի նշխարների տեղը ավելի վաղ հայտնի էր` Սեպուհ լեռան Մանյա այրը, մինչ Վրթանեսի ձեռքով փոխադրվելը Թորդանի իր տոհմի սեփական կալվածք։ Դրա համար էլ ասում ենք, թե պատմությունը շատ կարևորություն չտվեց նշխարաց գյուտի թվականին, որովհետև պարզապես սովորական պայմանների ներքո կատարվեց այն։ Լուսավորչի որդիների և թոռների մի պատմություն ևս հայտնապես նշխարաց գյուտի պարագան խառնում է Վրթանեսի կաթողիկոսությանըոփ. 54), որ կատարելապես հաստատում է մեր կարծիքը: Եվ ոչինչ չի ստիպում մեզ այլևս մի դար հետաձգել մի այդպիսի կարևոր դիպված, ինչպես նոր ժամանակագիրներն են փորձում անել։ Դրանով նսեմացվում է այն ուշադրությունն ու սերը, որ ազգը պիտի ունենար Լուսավորչի հանդեպ։

Թորդանի մեջ ամփոփված նշխարները չգիտենք երբ սկսեցին հանվել և ցրվել։ Լուսավորչի Ս. Աջը եղել է հայրապետական աթոռի գանձն ու զորությունը և որպես պաշտոնական նշանակ նրա իշխանության, որով և նշանավոր դեր է ունեցել կաթողիկոսական աթոռի փոխադրության մեջ։ Էջմիածնի Մայր Աթոռը մինչ այսօր հպարտանում է ճշմարիտ Ս. Աջով, որը Ս. Խաչափայտի և Ս. Գեղարդի հետ գործածվում է Մյուռոնի օրհնության ժամանակ։ Ուրիշ գլխավոր մասունքներ ևս Ներսես Շինող կաթողիկոսի կողմից զետեղվեցին Վաղարշապատում Ս. Լուսավորիչ կամ Զվարթնոց եկեղեցու մեջ, որ ավերակ է այսօր Վաղարշապատի մոտ: Կարծիքներ կան, թե մասունքներ կան նաև շինության հիմքերի մեջ։ Իսկ գլուխը և որոշ ոսկորներ և շղթայի մասը միջին դարերում այս Զվարթնոց եկեղեցուց հայ կույսերի ձեռքով փոխադրվեց Նեապոլիս` (Նեապոլ) Իտալիա: Այնտեղ հատուկ տաճար շինվեց` ի պատիվ Ս. Լուսավորչի, ուր և մինչ այժմ կա` Ս. Գրիգոր Հայոց (Տ. Gregorio Аrmenо) անվամբ և հարակից կուսաստանով, որտեղ այլևս հայ կույսեր չկան և միայն իտալացի կույսերն են բնակվում։ Այնտեղ մեծ պատվով պահում են Ս. Լուսավորչի գլուխը` ամփոփված գրեթե բնական մեծությամբ և հայրապետական զարդերով շինված պղնձյա և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, ինչպես նաև ուրիշ ոսկորների և շղթայի մասեր։ Ս. Գրիգորը հատուկ ջերմեռանդություն է վայելում բարեպաշտ նեապոլցիների կողմից, և Ս. Գենարիոս (Տ. Gennario) եպիսկոպոսի հետ, որ Նեապոլի առաջին պաշտ­պանն է, հայոց Ս. Գրիգորը քաղաքի երկրորդ երկնային պաշտպանն է ճանաչված ու փառավոր տոն ունի սեպտեմբերի 30-ին` ըստ նոր տոմարի։

Իսկ մեր մեջ գլխավոր տոնն է նշխարաց գյուտի հիշատակը` Հոգեգալստյան 3-րդ շաբաթ օրը, և տոնախմբվում է ազգովի: Նույնպիսի խանդավառությամբ տոնախմբվում են թե΄ վիրապ մտնելու և թե΄ վիրապից ելնելու հիշատակները. առաջինը` Մեծի պահոց 5-րդ շաբաթ օրը, իսկ 2-դը` Հոգեգալստյան առաջին շաբաթ օրը։ Իսկ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ իշխանուհու միացյալ տոնը կատարվում էր Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Բայց 1771-1775թթ, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի բարեփոխումների հետ, այս տոնը նշվում է Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հետևող շաբաթ օրը: Նույնպես ի պատիվ Լուսավորչի` տոնվում է Միածնի իջման կամ Ս. Էջմիածնի տոնը` Հոգէգալստյան 2-րդ կիրակին, ինչպես նաև Մայր Տաճարի նավակատյաց կամ Ս. Շողակաթի տոնը` Վերափոխման նախընթաց շաբաթ օրը։ Վերջապես, վիրապի հրեշտակի մեկօրյա բացակայության հիշատակը` Համբարձման 4-րդ օրը կամ թե Երկրորդ Ծաղկազարդ կոչված հինանց 7-րդ կիրակիին։ Իսկ ի պատիվ Ս. Լուսավորչի հորինված երգերի և շարականների գեղեցկությունը, առատությունը ևս մի վկայություն է ազգի` դեպի իր Լուսավորիչն ունեցած ջերմեռանդության, որի անունն ու հիշատակն ամեն օր քանիցս կրկնվում է բոլոր գլխավոր մաղթանքների մեջ։ Վերջապես, հայն իր եկեղեցին, իր հավատը, իր հույսն ու սիրո բոլոր իղձերը ևս իր Ս. Լուսավորչի հետ է կապում և իր այդ բոլորանվեր զգացումների լրումն ու ամփոփումն է արտահայտում, երբ իր քրիստոնեությունն ամբողջաբար կոչում է ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԼՈՒՅՍ ՀԱՎԱՏՔԸ: Դա այն էոր պարթևազյան Գրիգորը տարածեց և ամրակուռ հաստատեց 17 դար առաջ, և որը բովանդակ դարերով եղել է իր հոգեծին որդիների արթուն պահապանը, որ պետք է պահի նրանց անվրդով և անսասան մինչև ժամանակների լրումը և պետք է առաջնորդի դեպի հավիտենական երանություն։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։