Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Հովվապետություն

 

 

Լուսավորիչը ձեռնադրության տարում 62 տարեկան էր. իր չարչարանքներով և վիրապի տառապանքներով վշտալից կյանք էր ունեցել և խիստ տկար էր։ Այդուհանդերձ, լուսավորության առաջին տարիներին նա ապրում էր գործուն մի կյանքով։ Բայց քիչ անց պատմությունը հայտնում է, թե Լուսավորիչը, առանձնական և խաղաղական կյանքին տրվելով և ժողովրդական հոգսերից փախչելով, ճգնավորական կյանք է վարում։ Նկատի ունենալով առաքելական կյանքի մեծությունը` հաստատապես չենք կարող ասել, թե Լուսավորիչը ճգնավո­րությունը գերադասում էր եկեղեցական պաշտամունքից, թե իրոք տկարացել էր և աշխատանքների բեռն իր համար ծանր և անհարմար էր դառնում։

Այստեղից ծագում է Լուսավորչին մի օգնական կամ փոխանորդ տալու հարցը։ Տաճատ Աշոցյանը` Գրիգորի Կեսարիայի կյանքին ծանոթ անձը և ով Գրիգորի վիրապի դատապարտվելու պատճառ էր եղել, այս անգամ տեղեկություն է տալիս նրա 2 զավակներ ունենալու և ապա կրոնավոր լինելու մասին (Խոր. Բ 82): Թագավորի հրամանով Կեսարիայից բերվում են 2 զավակները (Ագաթ. 437): Արքունի պատվիրակները, Գրիգորին ճգնարանից հանելով, Արիստակեսին` որդիներից կրտսերին, կրոնավոր դառնալու համար ձեռնադրել են տալիս եպիսկոպոս (Ագաթ. 439), ով այնուհետև դառնում է իր հոր անբաժան ընկերը (Ագաթ. 642) և նրա գործակիցն ու եպիսկոպոսակիցը (Բուզ. 6), որից հետո Լուսավորիչն արդեն կարող էր վայելել առանձնության հանգիստը։

Ոչ մի պատմագիր ստույգ չի նշում Արիստակեսի ձեռնադրության տարին։ Միայն գիտենք, թե Լուսավորչի որդիներն իրենց հոր մոտ չեկան, երբ նա, առաջին անգամ Տրդատի մոտ ծառայության մեջ գտնվելով, Կեսարիայից անցավ, և ոչ էլ հետո, երբ ձեռնադրվելու համար Կեսարիա եկավ (Խոր. Բ 80): Լուսավորչի վերադառնալուց հետո շատ ժամանակ ևս զավակների մասին չի խոսվում։ Սովորաբար Արիստակեսի ձեռնադրությունը դրվում է 316թ, և պետք է որ Վրթանեսը և Արիստակեսն ավելի վաղ եկած լինեին, հետևաբար ավելի հարմար է Արիստակեսի ձեռնադրությունը դնել 306թ., երբ ինքն արդեն 42 տարեկան էր։

Հայոց դարձին հարակից է Վրաց դարձը։ Ի նկատի առնելով պատմության ինչ-ինչ պարագաներ, ինչպիսիք են Վրաց իշխան Միհրանի` Տրդատի հետ պատահածից վախենալը և Նունե առաքելուհու` կուռքերը կործանելուց հետո պարզապես մեհյանների տեղը խաչեր կանգնեցնելու Լուսավորչից ստացած հրահանգը (Խոր. Բ 86)` պետք է ասել, թե վրաց դարձը եղել է Հայոց դարձից անմիջա­պես հետո` Լուսավորչի ձեռնադրությունից առաջ։ Այդ ամենի մասին գրենք ավելի մանրամասն:

Վրաստանից եկան պատգամավորներ, ավետիս տվեցին Ս. Լուսավորչին Վրաստանում քրիստոնեություն ընդունելու համար։ Ս. Նունեի անունից խնդրեցին, թե ինչպես պետք է վարվեն հետագայում։ Հրամայեց Լուսավորիչը կործանել բոլոր կռատները և նրանց տեղ կանգնեցնել սուրբ խաչ։ Ապա պատգամավորները պատմեցին, թե ինչպես էին տանջում սուրբ կույսին, մինչև եղան բազում հրաշքներ հիվանդների վրա։ Հիվանդացավ վրաց Միհրան թագավորի որդին։ Ինչքան էլ բժիշկները, կախարդները չարչարվեցին, չկարողացան երեխային բուժել: Ապա բերեցին Սրբուհու մոտ, խաչակնքեց երեխայի վրա` ասելով. «Քրիստոս բազումողորմ, առողջացրու»։ Եվ նույն պահին երեխան առողջացավ: Բայց իրենց գոհությունը չհայտնեցին Աստծուն, որի համար էլ Աստված ծանր հիվանդություն տվեց թագուհուն։ Թագուհին կանչեց սրբուհուն իր մոտ, բայց սրբուհին հրաժարվեց։ Այնժամ թագուհին գնաց նրա մոտ։ Սրբուհին աղոթեց և նա բժշկվեց։ Այս տեսնելով` վրաց Միհրան արքան մեծարեց Նունեին և մեծ պարգևներ տվեց։ Բայց սրբուհին հրաժարվեց, որի համար էլ թագավորը շատ զարմացավ։ Մի օր վրաց թագավորր շրջում էր միայնակ, հանկարծակի 4 կողմը տիրեց մեգ և մառախուղ: Թագավորը մոլորվեց ճանապարհին և սաստիկ ահ իջավ նրա վրա։ Սկսեց աղաղակել կուռքերին, որպեսզի օգնեն, բայց ոչ մի օգուտ. էլ ավելի թանձրացավ մառախուղը։ Այնժամ հիշեց հայոց Տրդատ թագավորին և նրա վրա հասած պատուհասը: Մտածեց` միգուցե իրեն էլ այդպես պատահի, որի համար էլ դիմեց կույս Նունեի Աստծուն, և նույն ժամին ցրվեց խավարը։ Ապա իր մոտ կանչեց սրբուհուն, լսեց նրանից հավատքի խոսքեր և մեր Տեր Հիսոա Քրիստոսի ԱվետարանըԴարձի  եկան  ինքը  և  իր ամբողջ ժողովուրդը։

Փոքր Սյունիքի Ամարասում եկեղեցի կառուցեց և թողեց կրոնավորներ։ Հետագայում այնտեղ ամփոփվեցին Լուսավորչի թոռան` սուրբ Գրիգորիոսի, նշխարները։

Իսկ աղվանների դարձի մասին գրում է Կաղանկատվացին, թե Ուռնայր թագավորը, Հայաստանում մկրտվելով, իր երկիրը վերադարձավ և այն լուսավորեց (Կաղ. Թ)։ Թերևս, այս դարձը հետևանք է այն հաղթության, որ Տրդատը տարավ աղվանների նկատմամբ Կոստանդիանոսի դարձից քիչ հետո` մոտ 315թ։

Լուսավորչի ձեռնադրած եպիսկոպոսների թիվը սովորաբար 400 է համարվում (Ագաթ. 634), թեպև Զենոբը 620 գավառներ է հիշատակում, որոնց համար մի-մի եպիսկոպոս պետք էր ձեռնադրել (Գլակ. 13): Օտար վիճակագիրները Մեծ Հայքի աթոռը հիշատակելու ժամանակ ասում են, թե «ունի քաղաքս և բերդս երկերիւր» (Աթոռ 49), ասել է թե 200 եպիսկոպոսարան։ Մեծ Հայքի 15 նահանգները 191 գավառներ են պարունակում, որ ասել է` մոտ 200 Եպիսկոպոսարան։ Իսկ Վրաց և Աղվանից կողմերը ևս հաշվելով, Ագաթանգեղոսի հիշած Խաղտիք, Մասքութք, Միջագետք և Ատրպատական նահանգներն ևս ավելացնելով (Ագաթ. 624) և բացառիկ կերպով ձեոնադրվածները ևս հավելելով` 400-ը բնավ չափազանց չի լինի։

Լուսավորչի առաքելական և հովվապետական գործունեության մանրամասնությունները պատմությունը մեզ չի հասցրել, այլ մեծ գործերն իրենք են խոսում։ Դարձի պարագան հրաշալի դիպվածների առջև տարօրինակ մի կերպարանք ստացավ, բայց նորադարձներին խրատելը և ուսուցանելը, կանոնների և օրենքների հնազանդեցնելը, նվիրապետություն և ծիսակատարություն հաստատելը, քրիստոնեությունը ամրակուռ հիմքերի վրա բարձրացնելը, ամբողջ մի եկեղեցի` իր բոլոր հանգամանքներով, բարեկարգելը և բարեզարդելը այնպիսի մի մեծ գործ է, որի կարևորությունը երկար բացատրությունների կարիք չունի։ Եվ այդ մեծ գործը կատարվում է ազգի մեջ իր իսկ ուժերով` առանց մի ուրիշ եկեղեցու ձեռնարկության։ Մինչև այժմ ճշմարիտ փաստեր են մնում հայ եկեղեցու ինքնատիպ նկարագիրը և նույնիսկ հեթանոսական սովորությունների բավական ժամանակ քրիստոնեության հաստատումից հետո ևս շարունակ­վելը։

Թե ինչ չափով էր Լուսավորիչը կարողացել ամուր կերպով քրիստոնեությունը Հայաստանում հաստատել, քաղում ենք այն նշանավոր գործից, որ արտաքին պատմությունը հասցրել է մեզվսեբիոս)։ Մաքսիմիանոս Դայան` Հռոմի գահակից կայսրե­րից մեկը, լսելով, թե հայերը ամբողջովին քրիստոնյա են դարձել, պատերազմ սկսեց նրանց դեմ 312թ., որպեսզի նվաճի հայերին և դարձյալ հեթանոսական պաշտամունքի դարձնի նրանց։ Հայոց կրոնական պատերազմներից այս անդրանիկը մղվեց Գրիգորի ներշնչմամբ և Տրդատի առաջնորդությամբ։ Եվ հոգու ու մարմնի քաջությունը միացյալ դիմադրեցին հռոմեացիների հարձակմանը և հաղթեցին, վանեցին, ցրեցին հռոմեացիների մտադրությունը։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։