Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Վիրապից  Ելնելը

 

Հռիփսիմյանց նահատակության և Գրիգորի վիրապից ելնելու ժամանակամիջոցը 9 օր է։ Տրդատը 6 օր մելամաղձոտ տխրության մեջ ընկղմված է մնում (Ագաթ. 159): Ի վերջո, որսի է դուրս գալիս, ու նույն օրը վրան այլայլություն է գալիս, որը խոզակերպ լինելով է բացատրվում։

Հարվածը Տրդատից բացի տարածվում է նաև նրա արքունիքի և ավագանու վրա (Ագաթ. 161), թեպետ այս մասին մանրամասնություններ չեն պատմվում։ Բայց այդ վիճակը շատ քիչ է տևում։ Խոսրովիդուխտ արքայաքույրը, ով հարվածներից ազատ էր մնացել (այս նրա քրիստոնյա լինելու նշանն էր), Գրիգորին վերաբերող մի տեսիլք տեսավ, և տեսիլքը 5 անգամ կրկնվեց (Ագաթ. 162), որը բնականաբար 5 օրեր պետք է նշանակի: Սակայն պատմությունը փաստում է, թե Գրիգորի Վաղարշապատ հասած օրը 9-րդ օրն էր, ինչ կույսերի մարմինները անթաղ էին մնացել (Ագաթ. 166):

Հին «Հայսմավուրքը» վիրապից ելնելու հիշատակը դնում է Սահմի 10-ին։ Եվ այսպես 13 օր այն հեռացնում է Գայանյանց կատարումից։ Այս 4 օրերի տարբերությունը պետք է իրեն հիմք ունենա Խոսրովիդուխտի տեսիլքի հինգ անգամ կրկնվելը, սակայն մեզ համար ընդունելի է 9 օրերի հստակ հիշատակությունը։ Եթե վիրապից ելնելը դնենք սահմի 6-ին, ապա թվականը կլինի 301թ. նոյեմբերի 16-ը, իսկ եթե համարենք սահմի 10-ին, թվականը կլինի 301թ. նոյեմբերի 20-ը` իհարկե, շարժական տոմարի հաշիվը միշտ ճիշտ պահելով։

Խոսրովիդուխտի տեսիլքը, ըստ որի` թագավորին կարող էր բժշկել Գրիգորը, անհավատալի էր թվում, որ նա` Լուսավորիչը, կարող էր ողջ մնացած լինել:

Խոր վիրապի այդ մռայլ ու կենսասպառ մենության մեջ Ս. Գրիգորը տագնապում էր ոչ այնքան իրեն թանձրորեն շրջապատող խավարով, որքան դրսում հայոց աշխարհի վրա շողացող արևի տակ դեռ տիրող, համառող և սպառնացող խավարով:

Տագնապում էր Ս. Գրիգորը, որովհետև ներքին լույսն այնքան առատ էր իր մեջ, ճգնության ուժով այնքան խտացած և լարված դուրս սլաքվելու ու տարածվելու համար, և … դեռ այնքան թանձր էր խավարն իր արքայի և ժողովրդի հոգիների մեջ:

Խոսրովիդուխտի խնամակալ նախարար Օտա Ամատունուն ուղարկեցին, և սա իր հետ վերցնելով Արտաշատի քաղաքներից ոմանց, ովքեր իրենց հետ բերել էին երկար պարաններ, մոտեցավ վիրապին: Վիրապի մեջ պարանները իջեցնելուց հետո Ամատունին բարձր ձայնով կանչեց Ս. Գրիգորին. «Գրիգոր, Գրիգոր, եթե կենդանի ես, ձա՛յն տուր, քանի որ քո Տեր Աստծուց է հրամայված»: Եվ հանկարծ վիրապ իջեցրած պարանները ձգվեցին:

  Երբ վեր քաշեցին պարանները, Ս. Գրիգորը երևաց ածուխի նման սևացած մարմնով: Տարիներ շարունակ լույսն իր հոգու մեջ խտացնելով, սերտացնելով, ուռճացնելով, բազմապատկելով` Ս. Գրիգորը այն օրը, երբ դուրս եկավ Խոր Վիրապից, այդ լույսը դուրս բերեց իր հոգուց, որպես ԼՈՒՅՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ: Անմիջապես հագուստներ տվեցին նրան, և Գրիգորը, հրաշքով իր կենդանաթաղ գերեզմանից ազատված, Օտա Ամատունու առաջնորդած հաղթական հանդեսով Արտաշատից եկավ Վաղարշապատ։

 Երբ հեռվից տեսան Ս. Լուսավորչին, թագավորն ու իշխաններր խոզի կերպարանքով առաջացան և սկսեցին խելագարված ուտել իրենց մարմինը և սրբի ոտքերի առաջ ընկնելով` փրփրել։ Ս. Գրիգորը ծունր դրեց ու աղոթեց նրանց համար, և այդ միջոցին նրանց վրա զգաստություն եկավ։ Ս. Գրիգորն ուզեց իմանալ մարտիրոսացած կույսերի և քրիստոնյաների մարմինների տեղը: Հայտնի դարձավ, որ նրանց մարմինները հրապարակում նետված են, բայց ոչ գազաններն էին կերել նրանց և ոչ էլ դիակներն էին նեխել: Ապա յուրաքանչյուր կույսի մարմինը, իր պատառոտված հանդերձով պատելով, Ս. Գրիգորը նրանց մեկ առ մեկ փոխադրեց հնձանի շենքը, որը կույսերի բնակարանն էր հանդիսանում, և այնտեղ հանգրվան գտավ նա:

«ԵԼՆ  Ի  ՎԻՐԱՊԵՆ». Որմնանկար  Ս. Գրիգոր

Եկեղեցու  Խորան  Մատուռում (Նեապոլ)

 

      Հաջորդ օրը թագավորը և իր մեծամեծերը մոտեցան Ս. Գրիգորին և խնդրեցին, որ թողություն շնորհի իրենց և ուշադիր հետևեցին նրա քարոզներին: Նա սկսում է ժողովրդին Ավետարանը քարոզել և հնգօրյա պահքով նախապատրաստում է հարվածյալներին (պատուհասվածներին) և ամբողջ ժողովրդին բժշկություն և լուսավորություն ընդունելու (Գլակ. 23): Այս պահքը տարեկան հիշատակ և հաստատուն մի ավանդություն է դարձել ամբողջ ազգի համար, և այստեղից է ծագում Առաջավորաց պահքը (Ընդհ. 105): Աոաջավորաց 5-րդ օրը նինվեացիների ապաշխարության հիշատակն ենք ոգեկոչում, որովհետև նույն ինքը Լուսավորիչը նինվեացիների ապաշխարության նմանողությամբ սահմանեց այդ առաջին պահքը։

Ագաթանգեղոսի պատմությունում հարվածյալների (պատուհասվածների) բժշկությունը հասնում է մինչև 66 օր (Ագաթ. 544), սակայն առավել հավանականը 5 օր հետո բժշկվելն է։ Նա այդպես է ասում, որը կրկնում է նաև Շնորհալին, ըստ ազգային ավանդության։ Հետևաբար հնգօրյա աոաջին պահքից հետո, բժշկությունը կատարվելով հանդերձ, ապաշխարության միջոցը շարունակվեց ևս 66 օր։ Այդ ընթացքում Լուսավորիչը կատարեց իր քարոզությունները` արքունիքին, ավագանուն, Վաղարշապատի ժողովրդին և այլ վայրերից եկողներին ավետարանական վարդապետությունն ուսուցանելով։ Բնական էր, որ այդ միջոցին հարվածյալները կամ բժշկվածները տակավին ապաշխարող էին։

Այդ օրերի հաշիվը վերը կազմված օրերի թվագրությանը կցելով`   հաշվում   ենք,  որ   վիրապից ելնելուց հետո Վաղարշապատ գալը 1 օր է լինում և, 5 պահոց օրեր ևս հաշվելով, հասնում ենք սահմի 16, որն է նոյեմբերի 26-ը, իսկ դրանից հետո, 60 օր ևս հաշվելով, հասնում ենք քաղոցի 16, որը Քրիստոսի 302թ. հունվարի 25-ն է, և այս է Լուսավորչի տեսիլքի ճիշտ ժամանակը։ Իսկ «Հայսմավուրքը» տեսիլքի հիշատակի օրը դնում է քաղոցի 10-ին միայն, 60 օր հեռավորությամբ սահմի 10-ից, և միանգամայն պատմում է, որ հարվածյալները բժշկվեցին 30 օր հետո, որը կլինի արեգի 10-ը։ Եվ եթե 35 օր ևս ապաշխարությունները և քարոզությունները շարունակվեցին, դարձյալ հասնում ենք քաղոցի 15 կամ 16: Միայն թե «Հայսմավուրքը» սխալվում է, երբ բոլոր թվականները հաստատուն տոմարի է վերածում և քաղոցի 10-ի դիմաց դնում է դեկտեմբեր 18-ը, մինչդեռ պետք  է  բոլոր  թվականները  հաշվել  շարժական տոմարով, ինչպես վարվում էին հայերը 4-րդ դարի սկզբին։

Սուրբ Գրիգորի դուրս գալը Խոր Վիրապից տոնվում է Պենտեկոստեի կամ Հոգեգալստյան 2-րդ կիրակի օրվան նախորդող շաբաթ օրը: Գիշերային և Առավոտյան ժամերգությունների ընթացքում երգվում են հատուկ շարականներ, որոնց հեղինակն է Ս. Մովսես Քերթողը (6-րդ դար): Նկատի առնելով շարականների հնությունը՝ կարող ենք հետևություն անել, որ այս մեկը Լուսավորչի տոներին նվիրված ամենահներից է, եթե ոչ ամենահինը:

 

 

Հարթաքանդակ Խոր Վիրապի Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Պատին.

Կենտրոնում Ս. Գրիգորն է` Շրջապատված Հրեշտակներով, Բժշկություն Հայցող Տրդատով և Բանսարկու Վիշապի Պարտությունը Խորհրդանշող Օձով 

 

Ս. Գրիգորի Քարոզչությունը Վիրապից Ելնելուց Հետո

Աջ Կողմում Վարազակերպ Խոնարհված Տրդատն է

(Նեապոլի Ս. Գրիգոր Եկեղեցի)

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։