Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Չարչարանքը  և  Վիրապը

 

    Միևնույն տարին, երբ Տրդատն իր հաղթական մուտքն էր կատարում և դեռ իր մայրաքաղաք չէր հասել, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ ցանկացավ Անահիտի մեհյանի մեջ տոնախմբել տարած հաղթանակը, և կռապաշտական մեծ զոհաբերություններ ու արարողություններ կատարվեցին ի պատիվ հայոց մեծ տիրամոր։ Հաղթության ամբարտավանությու­նը Տրդատի սովորական խոհականությունը կորցնել տվեց։ Եվ նրա պալատականներից ոմանք ևս, որոնք, քրիստոնյա լինելու պատճառով, կռապաշտական արարողություններից ազատ էին մնում, հրաման ստացան մասնակցել այդ պաշտամունքներին։ Հրաման եղավ նաև Գրիգորին` տանել Անահիտին նվիրաբերվող պսակներ և փնջեր, ինչը, բնականաբար, Գրիգորը հանձն չառավ՝ ասելով. «Ես երկրպագում եմ երկինք և երկիր ստեղծող Աստծուն»։ Արքան ասաց. «Իմացած եղիր ի չիք դարձրիր այն վաստակը, որ ինձ մոտ ես վաստակել,  արդ` այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ,  պատվի փոխարեն՝ անարգանք, բանտ ու կապանք և մահ կտամ»։ Գրիգորն ասաց. «Ես քեզ հավատարիմ ծառայեցի և երբեք իմ վաստակը ի դերև չեմ հանի, քանզի գրված է Աստծո կողմից` «թող ծառայեն մարմնավոր տերերին», իսկ որ ասում ես, թե նեղություն կտաս փոխանակ կյանքի` դու, հանելով այս կյանքից՝ ինձ համար կավելացնես Քրիստոսի պատրաստած ուրախությունը, որի իշխանությունը հավիտյան է, արքայությունն` անանց և բարիքներն` անպակաս: Եվ այս, որ ասում ես, թե փոխանակ պատվի՝ անարգանք կտաս, ինձ հրեշտակների պատիվը կշնորհես, որոնք ցնծությամբ իրենց Արարչին են փառավորում»։

Տրդատն իր սովորական ներողամտությունը չուներ այլևս և բռնությունն ու հավատքը իրար բախվեցին։

Լուսավորչի չարչարանքների վայրում` Երզնկա քաղաքից դեպի հարավ, Մեղացիկ գյուղի մոտ, լեռան ստորոտի գեղեցկադիր մի վայրում, վանք է կառուցված, որը մինչև այս­օր մնացել է Չարչարանաց Ս. Լուսավորչի անվամբ։

Լուսավորչի չարչարանքները հետևյալ կերպով է նկարա­գրում Ագաթանգեղոսը`

1.    ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին։

2.    1 ոտքից կախելով, աղբ ծխեցին և դալար բրերով ծեծեցին։

3.    Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին։

4.    Ոտքին երկաթյա բևեռներ մխելով վազեցրին։

5.    Գլուխը կռփահար անելով ծեծեցին։

6.     Գլուխը մամլիչի մեջ դնելով, քթի մեջ քացախ և թորակ փչեցին։

7.     Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին։

8.     Գլխիվայր կախելով, նստատեղից ձագարով ջուր լցրեցին։

9.    Կողերը երկաթե ճանկերով քերեցին։ 

10. Երկաթե դաստակների վրա քաշելով քերեցին։

11. Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով կախեցին։

12. Հալած կապարով մարմինը այրեցին։

Այդ չարչարանքներն օրերով շարունակվեցին, այնպես որ Գրիգորի նկատմամբ բռնություններն ամսից ավել տևեցին, և այս ամենից հետո էր, որ Գրիգորի ով լինելը քննության նյութ եղավ և պարզվեց։ Լուր տվողը Տաճատ Աշոցյանն էր` Արտավազդ Մանդակունու քրոջ ամուսինը: Նա կարողացել էր Գրիգորի հետ ծանոթություն հաստատել Կեսարիայում, որովհետև Մանդակունիների կոտորածի ժամանակ Արտավազդի քրոջը փախցրել էր Կեսարիա և հետո նրա հետ ամուսնացել (Խոր. Բ 71,82):

Լուսավորչի Երզնկայից Արտաշատ տարվելու մասին Ս. Թեոդորոս Սալահունիի պատմության մեջ հիշատակվում է, թե Սուրենաշեն ավանով (այժմ Ղուրան անունով փոքրիկ քրդաբնակ գյուղ է Դերջանում) Լուսավորչին տարան սրբի [Սալահունու] քրիստոնեության ընդունելու ճիշտ օրերին։ Կարնեցիները ևս պատմում էին մի ավանդություն, ըստ որի` Կարինի Մուտուրկու Ս. Լուսավորիչ վանքի տեղը մի գիշեր օթևանեց Լուսավորիչը, և վիրապաձև փոքրիկ մի փոս` իբրև Լուսավորչի արգելարան, պատվվում է մինչև այսօր։ Եթե նկատի ունենանք Երզնկայից Արտաշատ ուղեգիծը և դատապարտյալներին դղյակների մեջ պահելու սովորությունը, կարող է արդարանալ կարնեցիների ավանդությունը։ Այդ բոլոր եղելությունների թվականը պետք է ընդունել 286-ը կամ 287-ը, երբ Գրիգորն արդեն 48 տարեկան կլիներ։ «Հայսմա­վուրքը» փետրվարի 4-28 օրերն է համարում չարչարանքի և վիրապը մտնելու օրերը, բայց թե´ տոմարական հաշվարկներն ըստ հնի չեն և թե´ հեռավորությունները լավ ճշտված չեն։

Լուսավորչի վիրապը մինչ այսօր ցույց է տրվում Խորվիրապ վանքի մեջ` Արտաշատի բլրի վրա։ Համակ քարաշեն և բոլորակ, 4մ տրամագծով մի խոր հոր է վիրապը: Հնում այն ուներ իր այժմյան խորության կրկնակի չափը: Ուխտավորների համար դժվար լինելով իջնելը և բարձրանալը՝ 19-րդ դարի սկզբին մինչև կեսը հողով լցվեց: Այսօր այցելուները ուղղաձիգ մետաղյա սանդուղքի 25 աստիճաններով պետք է իջնեն մինչև ստորերկրյա մատուռը, ուր մի քար կա` 2 մաշված տեղերով, որպես Լուսավորչի ծնրադրության տեղերի հետք: Այժմ վրան մատուռ է կառուցաված`Ս. Սեղանով:

 

 

Խոր  Վիրապ

 

 

Խոր  Վիրապի  Ս.  Գրիգոր  Լուսավորիչ  Եկեղեցին

 

 

 

Խոր  Վիրապի  Ս.  Գրիգոր  Լուսավորիչ  Եկեղեցու  Ներսը.

Դեպի  Վիրապը  Իջնող  Աստիճանները

 

Հնում բանտերը խիստ ու անտանելի էին, և գետնափոր նկուղները իբրև բանտ էին ծառայում։ Խորունկ և բերանը բաց հորերն էլ բանտի փոխարեն էին գործածվում, ինչպես արևելյան հիշատակություններից ենք իմանում։ Լուսավորչի վիրապը ևս այդպես էր, և, ըստ պատմական տեղեկությունների, Արտաշատի դղյակի բանտն էր, ուր Գրիգորն ունեցավ «զհամբերութիւն տևողութեան այնչափ ամս ի վիրապին» (Փարպ. 6): Արտաշա­տի դղյակի բանտն ուրիշ դղյակների բանտերից ավելի խիստ էր և մահապարտների համար էր սահմանված։

Լուսավորչի վիրապի մեջ անցկացրած ժամանակը զանազան հիշատակությունների մեջ 13, 14 և կամ 15 տարի է նշվում, սակայն, իհարկե, ամիսների և օրերի ճշտությամբ չենք կարող հաշվել այն։ Սովորաբար 287թ. համարելով Լուսավորչի Վիրապ մուտք` վիրապից ելքը համարվում է 301թ., ինչը կազմում է 14 տարի։

Լուսավորչի վիրապային կյանքը հրաշքների կարգին է դասվում, և, նկատի առնելով վիրապում ապրելու անհարմար պայմաններն ու 14 տարիների երկար տևողությունը, աստվածային սքանչելիքների մի հատուկ նշան է համարվում Լուսավորչի այդչափ ժամանակ ողջ մնալը։ Մյուս կողմից պատմությունը ևս ընդունում է, որ կար Լուսավորչի վրա հսկող մարդկային մի ձեռք, կար մի կին, ով ամեն օր նրան հաց էր բերում։ Վիրապից ելնելու պարագաները զննելով` անհնար է չտեսնել, որ նա թագավորի քույր Խոսրովիդուխտն էր, ում ծածուկ քրիստոնյա լինելը ստույգ է համարվում։ Արդեն ավելորդ է կամայական ենթադրություններով ջանալ նվազեցնել աստվածային գթության նշանակությունը, որ Լուսավորչի հավատքին աշակերտյալ մի ազգի կրոնական խղճի հիմնաքարն է։

Լուսավորիչը վիրապի մեջ երկնային մխիթարություններ ևս ունեցել է։ Մի հրեշտակ նրան մխիթարում էր հանապազօրյա այցելություններով, և իրավ էլ, առանց երկնային քաջա­լերության ներքին շնորհի անհնարին էր 14 տարի այդ կյանքին դիմանալ։

Մասնավոր մի ավանդություն էլ ունենք, որը եկեղեցու մեջ ևս հիշատակվում է։

Մի օր իշխանության դասի հրեշտակը չայցելեց սուրբ Գրիգորին։ Մյուս օրը, երբ հայտնվեց Աստծո հրեշտակը, սուրբը հարցրեց պատճառը։ Հրեշտակն ասաց. «Մենք իշխանական դասի հրեշտակներ ենք, որ քեզ սպասավորում ենք։ Կիրակի օրը, որ չեկանք, մեր դասում մեծ տոն էր, քանի որ Տերը երկրի վրա կատարեց Իր առաքելությունը և համբարձվեց մարմնով։ Մեկ­-մեկ oր մնաց ինը դաս հրեշտակների մոտ, որպեսզի մխիթարի նրանց իր աստվածային կերպարանքով, քանզի եթե Աստված չմարմնանար, ոչ ոք նրան չէր կարող տեսնել։ Տերը բացատրեց Իր մարդանալու խորհուրդը, իսկ 4-րդ օրն այցելեց մեր դաս` Իշխանություն: Դա էր պատճառը մեր բացակայության: Մեծ տոն էր, մեծ հանդես և անպատճառ ցնծություն: Եվ ուրախ ենք, որ մարդկային բնությունն Աստված Իր մարդեղությամբ փրկեց ու ազատեց գերությունից: Իսկ ամենակարևորը, որ Աստված մեր ազգակիցների կողմից գործած ամոթը վերցրեց, քանի որ սատանան մինչև մեղանչելը հրեշտակ էր, հպարտացավ և ընկավ ամենաբարձրից ամենացածր տեղը: Ձեզ համար ուրախ ենք, որ բարձրանալու եք վերին դասը»։

Այս բոլորը հրեշտակի բերանից լսեց Ս. Գրիգորն ու փառավորեց Աստծուն։ Հարկավ, այդ ավանդությանը խորհրդական (այլաբանական) իմաստ պիտի տանք, և ոչ թե երկնքի գործերին երկրային ձևեր պիտի ընծայենք։ Վիրապից դուրս գալուց հետո կարգեց այս տոնը, որ անվանեց «Երկրորդ Ծաղկազարդ»։ Այն տոնում է միայն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին, որ կոչվում է նաև «Երկրորդ Գալուստ»։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։