Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՇԱՐԱԿԱՆՆԵՐՔԱՂՎԱԾՔՆԵՐ, ԱՐՁԱԿ  ԵՎ  ՉԱՓԱԾՈ  ԳՐՎԱԾՔՆԵՐ  ՆՎԻՐՎԱԾ

ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ

 

 

ԼՈԻՍԱՎՈՐՉԻ  ՄՈԻՏՔԸ  ԽՈՐ  ՎԻՐԱՊ

–Ո՜վ գորովագութ և պանծալի Հայր,

 

Այսօր մեծ հանդեսով Խոր Վիրապի մայրավանքում, Արարատի դեմ– հան­դիման, Մայր Արաքսի ափին, տոնա­խմբում ենք հիշատակդ պանծալի, մենք` լուսափայլ խոսքիդ զորության շնորհ­ներից ծնված որդիներդ, մաքրված մեղքի աղտից։

Դու եղար մեր հոգևոր ծնողը և աստվածանման սիրով գուրգուրացիր մեր նորատունկ հավատքի այգու վրա։

Ջերմացրի՛ր քո սրտով, ոռոգեցի՛ր քո խոսքի քարոզչությամբ, և մեր հավատքի այգին սկսեց ծաղկել և բուրումնավետ, համեղաճաշակ պտուղներ տալ։

 

 

 

–Ո՜վ  Գրիգորիոս քահանայապետ` ընտրված աստվածային հայտնությամբ։

 

Քո մուտքով Խոր Վիրապ ամրապնդվեց խարիսխը հայության հավատքի։

Քո մուտքով Այրարատյան Մայր նա­հանգի Արտաշատ քաղաքի մահապարտներին հատկացված Խոր Վիրապը ծաղկազարդվեց։

Քո մուտքով Արամազդ չաստուծո աչքերը անհետացան մութի հանգույն, և հեթանոս ժողովուրդը «որ նստէր ի խավարի», արտասվեց վերջին հեղ։

Քո մուտքով Անահիտ չաստվածուհու ամուլ արգանդը իսպառ չորացավ։

Քո մուտքով Հիսուս թագավորեց Հայաստան աշխարհում։

Քո մուտքով զորացավ Տերունյան Խաչի շնորհաբաշխ օրհնությունը։

Քո մուտքով ոռոգվեցին անջրդի սրտերը։

Քո մուտքով Աստվածամայրը իր գորովագութ հովանին տարածեց քո որդիների վրա և փարատեց նրանց վշտերն ու կարիքները

Քո մուտքով մարգարեները ծավալեցին իրենց լուսատեսիլ քարոզչությունը։

Քո մուտքով Առաքյալները խայտացին գարնանային վարար ջրերի հանգույն։

Քո մուտքով Խոր Վիրապը դարձավ Խորան Փրկության, որտեղից տարածվեց Լույսը ուղղափառ դավանության։

Քո մուտքով Հայաստան աշխարհը մուտքագրվեց Կենաց Մատյանում և օրհնաբանվեց Տիրոջ կենարար Աջով։

Քո մուտքով հավատքի լույսը ճառագեց լուսապայծառ մաքրությամբ։

Քո մուտքով խավարի և մահվան ստվերը նահանջեց։

Քո մուտքով   դաժան   բռնավորը` հեթանոսների գլուխ հանդիսացող մահը, խեղդամահ եղավ, և կյանքն ստացավ հավերժության սրբափայլ պատմուճանը Քրիստոս Աստուծո անմահ փառքերի լուսով ճառագված, և զարդարվեց իմաստությամբ։

Քո մուտքով անմատույց երկնային խո­րանները իրենց վառ համբույրը դրոշմեցին քո ճակատին, և դու դարձար Քրիստոսի ընտրյալն ու ճգնավորը։

Խոր Վիրապում տասնհինգ տարի առաքինի վարքով ու ճգնությամբ ամբարեցիր Տիրոջ բազմահաս շնորհները` մաքուր սրբությամբ դարձնելով քո սե­փականը, որով հետո դուրս պիտի գայիր և քո ելքով հմտավարժ հոգածությամբ լուսավորեիր քո մերձավորներին և կոչվեիր Լուսավորիչ և խնդրեիր Աստծուն մաղթողական ձայնով.

«Ինձ Խոր Վիրապի մեջ դրին, խավարի և մահվան ստվերի մեջ, բայց ես մի՜շտ քեզ հուսացի, Տե՛ր, և Քո Հոգու օծությամբ փառավորվեցի, իսկ այժմ, ով Տեր, ես էլ փառավորում եմ Քեզ»:     

Քո մուտքով Խոր Վիրապ Բարձրյալ Հոր շնորհը տարածվեց քեզ վրա, և դու դարձար ամեն ինչով կատարյալ։

Մարմնով Վիրապում ապրեցիր մարդ­կորեն.

Բայց դու հոգեպես շաղկապված եղար Տիրոջ շնորհին։

Լուսավորվեցիր Տիրոջ անեղծ խոսքերով։

Լուսազարդվեցիր Հոգու մշտնջենավոր շնորհներով, քո չարչարանքներով հաճելի եղար Տիրոջը։

Զվարճացար և դարձար քաջ, աղոթալից հոգնությամբ,

Որովհետև Աստված զորացրերց քեզ,

Որովհետև  հավերժ է  նրա  ողորմությունը։

Ո՛չ թե խավարամած մնացին քո աչ­քերը, այլ հոգուդ տեսությամբ նրանք միշտ արթուն եղան։

Ո՛չ թե Վիրապի մեջ անշարժուն մնացին քո ձեռքերը, այլ նրանք մշտատև գեղազարդ խաչի նշանը հանեցին,

Ո՛չ թե ոտքերդ վայրաքարշ գամվեցին տիղմի մեջ, այլ հարաշարժ` Տիրոջ փառքը գծեցին։

Ինքդ հողանյութ, դարձար հոգեղեն ղողանջն Աստուծո։

Քո մուտքով Խոր Վիրապ, Տե՛ր Գրիգո­րիոս, Հայաստան աշխարհը դարձավ աստվածազարդ։

Թեպետ ապրեցիր խավարի մեջ, բայց քո հոգեշունչ ներկայությունը հավատի անսպառ շողեր սփռեց և լուսավորեց Հայաստան աշխարհը։

Դու Տիրոջ կողմից կարգվեցիր իբրև հավատքի մշտապայծառ ջահ։

Քո խորհրդավոր և հրաշափառ համբավը տարածվեց ամենուր։

Ո՜վ երանելի և բաղձալի սպասավոր Կենաց Բանի։

Ո՜վ վայելչագեղ արեգակ` կերպավորված պայծառությամբ։

Ամենակալի  կամքով դու  դարձար ուղղաշավիղը Հայաստան աշխարհի։

Քո մուտքով Խոր Վիրապ Հայաստան աշխարհի խոպանացյալ անդաստանը փոխակերպվեց բարգավաճ հավատի ան­դաստանի, որտեղ սկսեցին ծադկել Պարգևատուի լուսասնունդ խոսքերը` որպես դրախտի բուրումնավետ ծաղիկներ։

Քո մուտքով Խոր Վիրապ, բարի Հով­վապետ, Հայաստան աշխարհը դարձավ բարության կղզի։

Քաջ և բարի հովվի պատգամներով սկսեց առաջնորդվել քո ժողովուրդը։

Իբրև աստվածային ժառանգ Որդեգրու­թյան, քո ժողովրդին լսելի դարձրիր աստվածամրմունջ սաղմոսը Դավթի. «Երանելի է այն մարդը, որ չհետևեց ամբարիշտների խորհրդին և չգնաց մեղավորների ճանապարհով և չնստեց չարակամների աթոռին։ Այլ նրա կամքը Տիրոջ օրենքներն են, և նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ և նա ջրի հոսանքի մոտ տնկված ծառի է նման, որ իր պտուղը ժամանակին կտա, և նրա տերևը չի՛ թափվի, և ամեն ինչ, որ կկատարի, կհաջողվի նրան»:

Սուրբ Գրքի գիտությունը տարածեցիր աստվածասերների հոգիներում։

Քո մուտքով Խոր Վիրապ, Առաքելաշնորհ Տեր Գրիգորիոս, փշրվեցին կառքերը, խորտակվեցին մեհյանները, վերացավ կռապաշտությունը։

Քո հոգածությամբ, գթությամբ և աստվածսիրությամբ փարատվեց տգիտու­թյան խավարը։ Ապաշխարությամբ ճգնե­ցիր։ Մարդասիրության քո շնորհներով հաղթեցիր չարչարանքների կապանք­ները, զորացած Արժանավորի պարգև­ներով` պահեցողության և ժուժկալության հաղթանակով դարձար

«Քաղցրախոս քնար Աստվածային Հոգու»

և հնչեցրիր Կյանքի Ավետիսը անուշահոտ քո աղոթքներով Տիրոջն հաճելի, մարմնով` Վիրապում, հոգով` երկնքում։

Ով քրիստոսակիր սուրբ հովվապետ, քո վայելուչ կենցաղավարությամբ հրեշտակներին նմանվեցիր և նրանց փութաջանու­թյամբ Աստծուն օրհնաբանեցիր։

Դավանեցիր ճշմարիտ կյանքը և այդ կյանքի սկզբնատիպը հանդիսացար։

Տիրոջ պատվերների կենարար և համոզիչ թարգմանը եղար։

Հիվանդ հոգիներին բժիշկ եղար,

Խավարած աչքերին` լույս,

Մեռած մարմիններին` կենդանություն,

Ծարաված սրտերին` աղբյուր անմահության,

Քաղցածներին` Կենաց Հաց,

Աղքատացած կյանքին` հարստություն,

Մերկացած մարմիններին` ոսկե պատմուճան,

Կապված մեղքերին` թողություն

Գերյալներին` ազատություն,

Մոլորվածներին` առաջնորդ,

Կորածներին` հովիվ,

Վիրավորներին` սպեղանի,

Ցավերով հյուսվածներին` բժշկություն,

Գլուխ և առաջնորդ, մխիթարիչ  և քարոզիչ,

Վերակացու Հայաստանի ժողովրդին` Նոր Ուխտին որդեգրված։

- Ո՜վ Գրիգորիոս, մեր հոգիների լուսավորիչ,

Քո ժողովուրդը Հայաստան աշխար­հում, արևելքից մինչև արևմուտք, հյուսի­սից մինչև հարավ, նո՛ր օրհնությամբ սկսեց օրհնաբանել խաղաղության առա­վոտ Քրիստոսին, որն Ի՛ր գիտության լույսը ծագեցրեց բոլորի վրա։

Քո ժողովրդի զավակները դարձած ն՛որ Սիոնի մանուկներ փառաբանելով բարեբանեցին Լույսի Արարչին։

Դու, որպես Աստուծո ճգնավոր, դարձար երկնքի արքայության ժառանգորդը և քո պայծառակերպությամբ լուսավորեցիր Խոր Վիրապի խավարած օթևանը և այնտեղից ճշմարտության Լույսը սփռեցիր քո ժողովրդի վրա։

Մերժելով անցողիկը, քո ժողովրդին պարգևեցիր անանց բարությունը, ո՜վ ճշմարիտ ճգնավոր, կենդանի նահատակ, սիրելի մարտիրոս, կամավոր սուրբ զոհ, երկնի գովելի, Քրիստոսի ընտրյալ, աստվածագութ ծնող, Լուսավորիչ Հայաստանյայց աշխարհի:

 

 

ԱՍՈՂԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

 

Ս. Էջմիածին

23 մարտ, 1996 թ.

Ի ՏՕՆԻ ՍՐԲՈՅՆ

ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՄԵՐՈՅ

ՍՈՍԿԱԼԻ ՉԱՐՉԱՐԱՆԱՑՆ

ԵՒ ՄՏԻՆ Ի ՎԻՐԱՊՆ


ԿԱՆՈՆ  ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

ՎԻՐԱՊ  ՄՏՆԵԼՈՒՆ

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ – ԳԿ

 

 

ՅՈՎՀԱՆՆԷՍ  ԵՐՋՆԿԱՑԻ  (ՊԼՈՒԶ)

 

 

Այսօր զվարճանալով ցնծում է եկեղեցին,

Ծաղկած դրախտն աստվածատունկ,

Որից մեզ տվեց տունկն անմահության`

Տեր Գրիգորիոսը,

Եվ իր պտղով լցրեց ողջ տիեզերքը։

 

Բարունակ ողկուզաբեր ճշմարիտ որթի,

Մշակված հայրական աստվածային Աջով,

Որից բխեց բաժակն ուրախարար

Տրտմած ազգիս, որից արբած`

Զմայլվեցինք ուրախությամբ հոգևոր։

Գարնանաբեր հնչումն

Հարավային հողմի,

Ճառագայթված հրով աստվածային Հոգու,

Որով հալեց կռապաշտության սառույցը

Հյուսիսաբնակ ազգերի,

Եվ ծաղկեցին նրանք

Աստվածային գիտությամբ։

 

Դրախտ նորազվարճ,

Տնկված Հայոց աշխարհում

Բազմաջան քրտիքով,

Տեր Գրիգորիոս,

Արբելով ճշմարիտ բանի

Քարոզի հոսող վտակներից,

Լցվեց ծաղկավետ հրաշալի տունկերով։

 

 

Երկնային լույս ծագած` երևացիր երկրում,

Կյանքի արևից փայլելով` պայծառացար,

Որով փարատվեց թանձր խավարը

Հայոց ազգի,

Եվ տեսան Սուրբ Հոգու շնորհների լույսը:

 

 

Զորքերն հրեղեն անմարմին դասերի

Ցնծում են մեր հողեղեն

Բնությանը միացած,

Որ ընծայեց Տեր Աստված

Տեր Գրիգորիոսին,

Որով մանուկները նվիրվեցին

Ուղղափառ հավատի փառքին։

 

 

էական բարու կերպարանք

Բարի հովվապետ, Տեր Գրիգորիոս,

Քաղցրաձայն հնչմամբ

Վերադարձնող մոլորյալ հոտի`

Հավաքելով ճշմարիտ հովվի հոտի մեջ։

 

Ընտրված Աստծուց`

Անբիծ քահանայապետ,

Ճշմարիտ Աստծու Բանի քարոզիչ,

Տեր Աստծուն ընծայեցիր

Մաքրված նոր ժողովուրդ`

Հրավիրելով վերին Սիոնի փառքին։

 

 

Թագ եղար պարծանքի Արշակունիների`

Առաքելական վարքով, Տեր Գրիգորիոս,

Հորինելով նահատակության հանդեսների

Բազմերանգ ակնեղենով`

Վայելուչ պսակ`

Հյուսված Սուրբ Եկեղեցու համար։

 

 

Ժառանգորդ եղար

Հայրենի սեփական հոտին,

Վիճակված Թադեոս սուրբ առաքյալին,

Նրա կենդանի նշխարների

Պարգևական զավակ,

Շնորհների շառավիղ`

Աղոթքներով հայցված։

 

 

Իսկապես փշաբեր արմատից

Կարմրագույն վարդ ծաղկեցիր,

Առաքելաշնորհ Տեր Գրիգորիոս,

Անուշահոտ բուրմամբ լցրիր

Հայաստան աշխարհը`

Գիտության բույրը մեր մեջ բերելով։

 

 

Լուսապայծառ ծաղիկ` երկրում ծագած,

Մեր հոգիների բժիշկ, Տեր Գրիգորիոս,

Քաղցրահամ արմավենի`

Աստծո տանը տնկված,

Հավատի պտղով

Պարարտացված մանուկներին։

 

 

Խոստովանող Քրիստոսին, ճշմարիտ վկա,

Բազմաչարչար նահատակ,

Տեր Գրիգորիոս,

Տիրոջ չարչարանքների պակասը

Մարմնիդ մեջ կրեցիր,

Որով ցնծում է եկեղեցին`

Սիոնի որդիների փառքի համար։

 

Ծնող հոգևոր աստվածանման սիրով,

Գորովագութ պանծալի հայր,

Տեր Գրիգորիոս,

Մարմնիդ չարչարանքներով

Մաքրեցիր մեզ մեղքի աղտից

Եվ որդիներ ծնեցիր լուսափայլ խոսքովդ։

 

 

Կերպարանք փառքի Միածին Որդու,

Հաղթող մարտիրոս,

Տեր Գրիգորիոս,

Երկաթե մեխեր ընդունեցին

Քո սուրբ ոտքերի երկնագնաց թաթերը,

Որ մեզ բևեռես Աստծու երկյուղին։

 

 

Հայաստանի հավատի հայր,

Ընտրյալ հիմնադիր`

Ճգնողական վարքով, Տեր Գրիգորիոս,

Ոլորված կոճղերի մեջ,

Սրբասնունդ մարմնիդ սրունքները

Արնաքամ եղան`

Հավատի վեմին մեզ ամրացնելով։

 

 

Ձայնի մաղթանքով

Քո հիշատակն ենք տոնում,

Մեր հոգիների լուսավորիչ,

Հայր Գրիգորիոս,

Երկաթե ծանր և դառնակսկիծ կապիճներով

Կախաղանին տրված, գետնամած ծնրադրությամբ`

Մաշեցիր քո սուրբ մարմնի ծնկները։

 

 

Ղեկով հավատի անցար աշխարհի ծովը,

Վշտակիր մարմնով, Տեր Գրիգորիոս,

Տանջվելով ջարդվեցին

Քո սուրբ անդամների աստվածակիր բեռները,

Որ հոգուս քայքայված անդամները

Հաստատես վերստին։

 

 

Ճշմարիտ Հոգու հանճարով լցված,

Աղբյուրաբուխ շնորհով,

Տեր Գրիգորիոս,

Գլխիվայր ջրաչարչար եղար

Եվ ուռելով` ճգնեցիր,

Որ մեզ լվանաս մեղքերի աղտից։

 

 

Մաքրագործ աղ համեմող`

Հայաստանի համար,

Արիաբար հսկող, Հայր Գրիգորիոս,

Աստվածային օրենքների բեռնաբարձությամբ`

Կրեցիր ծանրությունը աղի,

Որով վերցրիր մեզանից մեղքի բեռները։

 

 

Յուրահատուկ ակներով և ոսկով զոդված`

Հյուսում ենք քո չարչարանքների

Թիվը մարգարտաշար Տեր Գրիգորիոս,

Գելարանով, անվով և սանձով

Չարաչար տանջված` սանձ ու երախակալ`

Աստվածաբան բերանիդ։

 

 

Նահատակ բարի,

Քրիստոսի ընտրյալ,

Արքայի զինվոր, Տեր Գրիգորիոս,

Գլխիվայր`

Արիաբար տարար դառնահոտ շնչումը,

Որ մեր ոտքերի ընթացքը երկինք ուղղես։

 

 

Շառավիղ լուսազարդ

Կենաց ճանապարհի,

Ավետյաց երկրին հետևող,

Տեր Գրիգորիոս,

Մոխիր շնչեցիր,

Հոգեշունչ ռունգերով քացախ ընդունեցիր`

Մեզ պարգևելով ուրախության օծումը։

 

 

Ոսկեձույլ գերագույն պատվական Գլխին

Հոգով նմանվեցիր, Հայր Գրիգորիոս,

Հարվածներով ծեծված,

Մամլիչի տակ դրված

Աստվածազարդ գլուխդ,

Որով բարձրացան

Մեղքով կորացած գլուխները։

 

 

Չնաշխարհիկ պարծանք

Հողեղեն բնության,

Համբերեցիր չարչարանքներին,

Տեր Գրիգորիոս,

Տատասկներով տանջված,

Քերիչներով քերված և կապարով հալված`

Խանձվեցին նշխարները

Քո սուրբ ոսկորների։

 

 

Պարակից երկնային հոգեղեն զորքերին,

Սրբափայլ զգեստներով,

Տեր Գրիգորիոս,

Խոր Վիրապում իջար տիղմի մեջ,

Դառնաշունչ օձերի մեջ,

Որ մեզ փրկես չար վիշապից։

 

 

Ջերմեռանդ աղոթքով և հոգևոր սիրով,

Վաստակած հույսով, Տեր Գրիգորիոս,

Երկնքից անդունդի խորքն ընկածներիս,

Մեղքով վիրավորվածներիս,

Վերադարձրու քեզ մոտ`

Երկնային խորանները։

 

 

Ռետին քաղցրահամ`

Մեզ ի վերուստ շնորհված,

Տասնհինգ տարի Վիրապում ճգնեցիր,

Աստվածային տեսիլքով դուրս ելար,

Բժշկեցիր դիվային  ախտով հարվածվածներին

Եվ լուսափայլ Բանի բխումով`

Հավատի մեջ հաստատեցիր։

 

Սոսկալի տեսիլը ի վերուստ հայտնված,

Մարգարեահրաշ հոգով տեսար

Վերին հարկի խորանի բացումը

Եվ երկնային լույսը`

Մարդկանց խառնելով

Հրաբուն զորքերին։

 

 

Վարդագույն արյամբ Տիրոջ վկաների

Մաքրվեց երկիրը մեղքերի աղտից,

Եվ դու հիմնեցիր խորհրդի խորան`

Շինելով տերունի տաճար,

Որից բխեց մեր

Քավության աղբյուրը։

 

 

Տեսանող բարի` Աստուծո տան,

Շնորհով արժանացած, Տեր Գրիգորիոս,

Բագիններ կործանող,

Խաչի զորությամբ մեհյաններ քանդող,

Քահանայապետ`

Ընտրված աստվածային հայտնությամբ։

 

Րաբունու հրամանով

Ի վերուստ կանչված

Առաքելական Աթոռին, Տեր Գրիգորիոս,

Հորդառատ խոսքով հոգևոր ծննդյան,

Լուսավորեցիր Հայաստան աշխարհը`

Ամենուր շինելով Աստուծո փառքի խորան։

 

 

Ցանկալի սերովբեների

Անմարմնական վարքով,

Մաքրափայլ մարմնով, Տեր Գրիգորիոս,

Անապատում բնակվեցիր

Հովհաննեսի նման

Եվ ճգնեցիր Եղիայի պես,

Աստվածային պատգամների օրենսդիր

Մեծ Մովսեսի նման։

 

 

Ու մեղքով հյուծված

Տառապած որդիներիս,

Աստվածագութ ծնող, Հայր Գրիգորիոս,

Աղոթքների հայցմամբ

Խնդրիր Երկնավոր Հորը,

Որ մեր ընթացքն

Ուղղափառությամբ ավարտվի:

 

 

Փրկավետ մահվան, Կենարար Բանի

Կենդանի վկա, Տեր Գրիգորիոս,

Հորից ծնված Միածին Որդուն`

Ճշմարիտ Լույսին, հայցի՛ր

Լուսավորելու մեր անձերը

Աստվածային գիտությամբ:

 

 

Քնար քաղցրախոս աստվածային Հոգու,

Ստեղծված մարմնով և հոգուդ մասերով,

Հորից բխած

Որդու փառակից

Սուրբ Հոգուն մաղթի՛ր,

Որ մեզ մաքրի մեր մեղքերից։

 

 

 

ՅՈՎՀԱՆՆԷՍ  ԵՐՋՆԿԱՑԻ  (ՊԼՈՒԶ)

ՆԵՐԲՈՂ`  ՆՈՒՒՐՈՒԱԾ  ՍՈՒՐԻ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ  

 

Գրիգորիոս` արփի գեղեցիկ, արեւափայլ ջահ`

անշիջանելի լոյսով լցուած։

Գրիգորիոս` բարի որթատունկ, բուրաստան ծաղկած,

բուրվառ ոսկեղէն` հաշտարար խնկով։

Գրիգորիոս` գարուն ծաղկաւէտ, յորդահոս գետ`

գեղեցկածաւալ բխմամբ ընթացող։

Գրիգորիոս` դրախտ աստուածազարդ, դիւրալուր քնար,

դայեակ մանկութեան եւ դաստիարակ։

Գրիգորիոս` երկնաբնակ այր, լուսապայծառ աստղ,

երկնասլաց լուսատու։

Գրիգորիոս` Էի զօրութեամբ զարդարել ես քեզ

զանազան անուշ ծաղիկներով։

Գրիգորիոս` Էական Բարու իրական պատկեր`

ճշմարիտ Էի շնորհով մեծարուած.

Գրիգորիոս` ընտիր կերպով արեւին ձգտող`

շատերի նահատակութեանն ես երեւացել։

Գրիգորիոս` թաւախիտ անդաստան, թագազարդուած փառքով`

թեւածելու եթերային, բարձր խորանում։

Գրիգորիոս` ժրաբոյս ծաղիկ, ժիր մշակ գործի,

շտեմարան բազում բարիքի։

Գրիգորիոս` իմաստութեամբ վերին իսկապես լցուած,

ալէծուփ ծովում խաղաղ նաւահանգիստ։

Գրիգորիոս` լուսերանգ շաւիղ` լիուլի լցուած,

հայ ժողովրդի դու լուսաւորիչ։

Գրիգորիոս` խոհական հանճար` խորհրդով մաքուր,

Խորհրդակից հանճարեղ Վեհին։

Գրիգորիոս` ծով ծիծաղական, դրժողին ծուղակ,

ծառ բարձրուղէշ եւ պտղաւորուած։

Գրիգորիոս` կտակագիր բարու, կերպարանք

յաւէտ Կենդանու փառքի։

Գրիգորիոս` հեղինակ բարի, հերքիչ մոլութեան`

Հոգու հանճարով զօրացած։

Գրիգորիոս` ձայն ազդարար` հնչող բարձունքից`

գովելի անձիդ մասին պատմելով։

Գրիգորիոս` ղամբար լուսաւոր, հաւատքի ղեկով

ղեկավարելով կեանքի ծովում։

Գրիգորիոս` ճշմարիտ հովիւ, ճառագայթ փառքի,

ճանապարհ դեպի անմահների կեանք:

Գրիգորիոս` մայր Եկեղեցու` մաքուր սրբութեամբ,

մտքով սլացող դէպի սերովբէների դասը։

Գրիգորիոս` արեւի լոյսի բազմազան պարգեւներ`

երկնածինների ազգերի մէջ։

Գրիգորիոս` նորազուարճ փառքով Վեհին նուիրուած

նահատակ բազմաչարչար։

Գրիգորիոս` շող կենդանի, շարան ոսկեհուռ` մարգարտով

ընդելուզուած, շնորհազարդ պսակ սուրբ Եկեղեցու:

 Գրիգորիոս` ոսկեճեմ աղբիւր` գեղեցկօրէն բխող,

ուղղութիւնների առաջնորդ։

Գրիգորիոս` չնաշխարհիկ պարծանք, չարչարիչ չարի`

չարչարանքով մարմնիդ։

Գրիգորիոս` պտղատու երկիր` պարարտ բոյսերով,

պարգեւներով Հոգու` պատիւ ստացած։

Գրիգորիոս` ջերմեռանդ աղօթքով յանցանքը ջնջող`

ջրով կենդանի եւ աստուածային։

Գրիգորիոս` քաղցր սպեղանի, լուսաճեմ ճանապարհ`

դեպի անմահների վերին կեանքը։

Գրիգորիոս` սոսկալի պատկեր, սէրովբէական փառքով

այստեղից  երկինք սլացող։

Գրիգորիոս` վարդ կարմրաթոյր` վառուած հաւատքով,

վիմեղէն մտքով հաստատուն։

Գրիգորիոս` տենչալի տնկի Տիրոջ դրախտի,

ցանկալի վերին, վեհ էակներին։

Գրիգորիոս` րաբունի բարի, վարդապետների պարծանք`

աստուածային լոյսով ցնծալի։

Գրիգորիոս` ցանկապատ հաւատքի, ցնծութիւն մարդկանց,

ցօղ զուարթարար ասուն բոյսերի։

Գրիգորիոս` հիւծուածիս ոգով, այս ճառն հիւսողիս

ցաւերին` հիւթ բժշկարար։

Գրիգորիոս` փաղփիւնափայլ ծաղիկ, փունջ մանուշակների,

փառազարդ լապտեր լուսընկալ։

Գրիգորիոս` քահանայ անբիծ, քարոզ ճշմարիտ,

քնար աստուածախօս եւ քաղցրանուագ։


ՍԱՀԱԿ  ՁՈՐԱՓՈՐԵՑԻ

 

    ԻՋԱՒ  ՄԻԱԾԻՆԸ  ՀՕՐԻՑ

  

Իջաւ Միածինը Հօրից, եւ փառքի լոյսը Նրա հետ,

Ձայներ հնչեցրեց դժոխքն անդունդներից։

 

 

Մեծ լոյսը տեսնելով` Գրիգոր հայրապետը

Ցնծութեամբ ասում էր հաւատացեալ արքային.

 

 

«Եկէք շինենք  լոյսի սուրբ խորանը,

Քանզի սրանով մեզ համար լոյս ծագեց Հայաստան աշխարհում»:

 

 


 

ՃՇՄԱՐԻՏ  ԱՐՄԱՏ

 

Ճշմարիտ արմատ

Աստուածային օրէնքների,

Մարդկային ցեղի հաւատի

Հաստատութիւն,

Տէր սուրբ Գրիգոր,

Քո մաղթողական աղօթքներում

Մեզ համար հայցի՛ր Քրիստոսից։

 

Աստծուց ընտրուած

Ճշմարիտ քահանայապետ

Եւ հոգեւոր հովիւ բանական հօտի,

Տէր սուրբ Գրիգոր,

Քո մաղթողական աղօթքներում

Մեզ համար հայցի՛ր Քրիստոսից։

 

Քեզանով պայծառացան

Քրիստոսի եկեղեցիները`

Փառաւորելով միասնական`

Սուրբ Երրորդութեանը,

Տէր սուրբ Գրիգոր,

Բարեխօսի'ր անդադար

Մեր անձերի համար։

 



ՀՐԱՇԱՓԱՌ  ԱՍՏՈՒԱԾ

 

Հրաշափառ Աստուած

Եւ միշտ բարեխնամող,

Որ կանխագիտութեամբ

Հայաստանի փրկութիւնը

Սկզբնաւորելով`

Պարթեւական մեղապարտ ազգից

Լուսաւորիչ մեզ շնորհեցիր.

Ուստի, սրա բարեխօսութեամբ, Փրկի՛չ,

Փրկի՛ր մեզ այժմ

Եւ Քո ահաւոր գալստեանը։

 

Հրաշալի հիացումով

Երանելի սուրբ Գրիգորը

Անտանելի չարչարանքներ

Յանձն առաւ

Եւ տասնհինգ տարի վիրապում

Անդնդային տանջանքներով

Թունաւոր կենդանիների մէջ բնակուեց.

Ուստի սրա բարեխօսութեամբ, Փրկի՛չ,

Փրկի՛ր մեզ այժմ եւ Քո ահաւոր գալստեանը: 

 

 

Քո հրաշագործ խօսքով

Եւ մեծ ողորմութեամբ`

Ելած բժշկում էր

Դիւային սաստերից

Զարկուածներին`

Բոլորին երկրպագու դարձնելով

Սուրբ Երրորդութեանդ.

Ուստի սրա բարեխօսութեամբ, Փրկի՛չ,

Փրկի՛ր մեզ այժմ եւ Քո ահաւոր գալստեանը։


 

ԼԵՌՆԵՐ  ԱՄԵՆԱՅՆ

 

 

Լեռնե՛ր ամենայն, այսօր ցնծացէ՛ք այն մեծապայծառ,

Գերազանց լեռան` Սեպուհի փառքով,

Քանզի նրա մէջ բնակուեց սուրբ Գրիգորիոսը`

Լուսեղէն սիւնը Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու.

Նրանով ցնծում է փառքով Վերին Սիօնը։

 

 

Նմանուելով ամովսածին Եսայիին`

Կայծակնամաքուր սուրբ մարգարէին`

Տէր Գրիգորիոսը` հոգով կենդանին,

Վեցթեւեան, կիզիչ, կենդանի սերովբէներին

Տեսնողը եղաւ։

 

 

Վարքով անբիծը, հոգով արդարը,

Խօսքով ճշմարիտ եւ սրտով սուրբ

Տէր Գրիգորիոսը։

Նրան կամեցաւ զօրքը սերովբէների,

Որոնք հրեղէն բերանները խոնարհեցրին երկնքից երկիր`

Տեսնելու համար մարմնով ճգնողին։

Եւ որպէս պատիւ` տեղը նրա անունով է կոչւում։


 

ՍՈՒՐԲ  ԷՋՄԻԱԾՆԻ  ԺԱՄԱՄՈՒՏԸ

 

 

Տէ՛ր մեր և Փրկիչ Յիսո՛ւս Քրիստոս, որ Քո բազմաչարչար վկայի եւ մեր հօր` սուրբ Գրիգոր Լուսաւորչի աղոթքներով եւ միջնորդութեամբ մեծ փառքով, լուսեղէն զօրքերի բազմութեամբ երկնքից իջար Արարատան դաշտ` այցելելու Քո փոքր հօտին` հայոց ազգին, եւ ցոյց տալու առանձնայատուկ սէրդ եւ մեծ ողորմութիւնդ: Ոսկէ մուրճով բախեցիր անդունդների խորքերը եւ հալածեցիր սանդարամետականների գնդերին, այնտեղ եւ լուսաձեւ կերտմամբ հրաշալիորեն կառուցեցիր մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ դարձրիր այն աստուածային անսպառելի շնորհներիդ շտեմարան` լինելու ծնող, դաստիարակ եւ կատարելագործող Հայաստանի բոլոր եկեղեցիների։

Արդ, մինչեւ աշխարհի վախճանը պահի՛ր նրան անա­րատ, հաստատուն եւ անստուեր` ի պայծառազարդութիւն մեր եկեղեցիների եւ սրանց սպասաւորների, որոնցից միշտ փառաւորւում է ամենասուրբ անունդ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

 


 

ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՒՈՐՉԻ  ԺԱՄԱՄՈՒՏԸ

 

 

Այսօր ցնծում է, ցնծում ու զուարճանում է սուրբ Եկեղեցին` մեծ հանդիսութեամբ տօնելով քո հանրատենչ յիշատակը, ո՛վ հայրերի մէջ գերազանցդ սուրբ հայրապետ եւ Թորգոմի տան լուսաւորիչ սուրբդ Գրիգոր, որ քո անտանելի չարչարանքներով ամբողջ աշխարհին հիացրիր, աննախադեպ ճգնութեամբ զարմացրիր հրեղէններին, որոնք գունդ-գունդ երկնքից երկիր խոնարհուելով` շտապում էին տեսնել սխրագործութիւնդ։ Անհամեմատելի համբերութեամբ գոռոզ արքային իր զօրքի հետ ոտնատակ արեցիր, աստուածահաճոյ աղօթքներով նրանց կուրացած մտքերը լուսաւորեցիր եւ Քրիստոսի Աւետարանի պաշտօնեաներ դարձրիր։ Միաժամանակ հայոց ազգին, հոգեւոր վերածննդեան միջոցով, դէպի աստուածգիտութեան լոյսը բերեցիր։ Ուստի եւ առանձնապէս լուսափայլեցիր բոլոր սրբերի մէջ, առաքեալների աթոռն ու պատիւն ընդունեցիր եւ նրանց հետ Քրիստոս Աստծու կողմից պսակուեցիր:

Արդ, ո՛վ մեր հայր եւ մեր հոգիների լուսաւորիչ, քո Եկեղեցու միաբանութեամբ միաբերան աղաչում ենք քեզ, որ քո հրաշալի այս տօնի օրը մասնաւորապէս բարեխօսես մեր Քրիստոս Աստծուն, որ եկեղեցիներն ու ժողովրդիդ հաւատացեալներին պահի խաղաղութեան մէջ` փրկելով հոգեւոր ու մարմնաւոր թշնամիներից, որպէսզի մենք եւս, քո յիշատակը տօնելով, փառաւորենք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն յաւիտեանս։ Ամէն։

 

 

ՊԱՂՏԱՍԱՐ  ԴՊԻՐ

ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ  ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ

 

Երանելի ընտրեալ հովիւ,

Հայոց մեծաց լուսաւորիչ։

Գրիգորիոս անունն արթուն,

Երկնքի հրեշտակներին հանդիսակից:

 

Պարթեւական պսակ հիւսելով`

Արշակունեաց գլխին դրիր,

Քո սուրբ մարմնի չարչարանքով

Մեզնից խաւարն հալածեցիր։

 

Արդ, պաղատում ենք քեզ հոգով,

Հոգիներիս մեծ լուսատու,

Քեզնից քարոզուած Յիսուսին

Խնդրիր վանել մեր նեղութիւնն։

 

Այս տառապեալ որդիներիդ

Խնդրիր անխախտութի°ւն լինի`

Մեզ համար կրած ցաւերդ

Տիրոջ առջեւ տարածելով։

 

Մեզ, որ մեղքերով ծեծուեցինք,

Օտար երկիր տարագրուեցինք,

Դարձեալ, կրկին ողորմելով`

ԴԷպ հայրենիք թող դարձնի։

Ամեն:

 

 

 

 


 

ՅՈՎՀԱՆՆԷՍ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

                      ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ                            

 

Անցաւ, եղբա՛յր, մեր պարզամիտ մանկութիւն,

Էլ հրաշքների չենք հաւատում մենք վաղուց.

Եւ մեր աչքում չունի այլեւս թովչութիւն

Աւանդ հասած առասպելներն հինաւուրց։

 

Բայց մի զրոյց, որ սրբութեան դրոշմով

Դարէ ի դար հասել է մեզ պապերից

Եւ իբրեւ գանձ նուիրական խնամով

Պահպանուել է մոռացութեան աւերից,

Միշտ սրբազան ակնածութեան մի զգացում

Եւ վեհ խոհեր յարուցել է իմ հոգում։

 

 

Ամէն անգամ, երբ վերջալոյս ծիրանի

Հանգչում է մեղմ Արագածի կատարին,

Եւ զերդ մանկան պայծառ աչեր գեղանի

Աստղերն երկնից փայլ են տալիս կամարին,

Նայում եմ ես եւ ըսպասում, որ վառուի

Մի այլ ճրագ ծերուկ լեռան ճակատին։

 

 

Ոչ բնութեան ստեղծուած է այն հրաշալի

Եւ ոչ կերտուած ճարտարարուեստ մարդկային,

Այլ մի ուրիշ չնաշխարհիկ զօրութեան,

Արարչութեան խորհրդաւոր մի գաղտնիք.

Այն մեր հոգու լուսոյ ջահն է նուիրական,

Ողջոյն ազգի կենդանութեան երաշխիք։

 

 

Եւ այդ ճրագն, եղբա՛յր, անշէջ կը լինի,

Քանի վառող Աջն է մեզ միշտ հովանի։

 

 

 

Վահան  Թէքէեան

ԼՈԻՍԱԻՈՐՉԻ  ԿԱՆԹԵՂԸ

   

 

Երկնի անթիւ աստղերէն մերն է միայն անիկա...

Ամէն գիշեր վերը, հո΄ն Արագածի գլխուն վրայ

Ան կը շողայ առանձին, այնքան անջատ միւսներէն,

Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնօրէն։

 

Զանի վառեց ու կախեց հոն մեզ համար, յաւիտեան...

Ան կանթեղն է` լոյս առած Լուսաւորչէն Հայութեան,

Անկէ լցուած, անոր ջինջ արտասուքէն` իւղի տեղ,

Պըլպըլացող քաղցրութեամբ, պըլպըլալիք միշտ կանթեղ:

 

Այդպես հաւատաց ու այդպէս դեռ կը հաւտայ հայ Հոգին,

Որ միշտ դարձաւ, նայեցաւ և յառեցաւ անձկագին

Առտուն ձիւնոտ Մասիսին ու գիշերներն ալ` անոր...

 

Այսպէս և ես, ո΄վ մեծ Սուրբ, հաւատարծարծ կանթեղիդ

Ներքև կանգուն` ըզգացի հոգւոյս մէջ շողն իր վըճիտ, 

Որ կը մեծնա΄ր, կը մեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...


 

Ժագ  Ս.  Յակոբեան 

ԼՈՒՍԱԻՈՐՉԱԿԱՆ

 

Կար ժամանակ մը հեռասոյզ,

Երբ մեր աշխարհը խաւար էր

Կուռքի սուտով, Դևի մութով։

Երկրի վրան

Աննպատակ գոյութիւն մէր

Մուխի նման,

Յարդի նման։

Մեղք չէիր սակայն,

Որ նաիրեան գեղն արու,

Ուրարտական միտքը ճարտար,

Ռազմային ոյժն արմէնական,

Գողթան հանճարն արուեստագործ

Մսխուէին

Ծառայութեան մէջ խաւարին,

Հաւատք ու սէր վատնուէին

Ի սպաս ունայն անցաւորին,

Ու ծախսուէ՜ր, նաև ծախուէ՜ր

Հայու հոգին`

Աժան գինովն անշահ մեղքին...

Բայց Արարիչը ազգերու,

-Աղբիւր լոյսի,- Այս լուսատենչ, այս գեղապաշտ

Մարդոց մէջ մա΄րդ մը առաքեց

Լուսաւորիչ,

Ձեռքին մէջ ջա΄հ,

Սրտին` թռի΄չք,

Ու պատգամեց`

Հայ աշխարհին թող լո΄յս ըլլայ …

Պատարագեց

Խորանին վրայ Արարատի.

–Եւ եղև լո΄յu,

Արև Յիսու΄ս

Հայ հոգիին …

 

 

Ժագ  Ս.  Յակոբեան

ԺԱՌԱՆԳՈԻԹԻԻՆ

(հատուած)

 

 

Զաւակն ես դուն

Լուսաւորիչ այն սուրբին,

Որ բագինի սուտին դէմ սին

Կանգնեց խորանն իր Աստծուն,

Աղջամուղջին դէմ հեթանոս`

Յիսուսաբոց

Իր հաւատքին ջահը վառեց

Եւ սատանին տրդատանուն`

Գրիգորաբար ըսաւ.

- Ո΄չ։

Ու ձեռքն առաւ խաչն աստղաթոյր`

Իբրև կահոյր,

Եւ Հայաստան աշխարհը մութ,

Սիրտերը փուտ`

Անոր լոյսին մէջ մկրտեց,

Բիբերը կոյր`

Անոր յոյսով միւռոնօծեց:

 

 

Դուն զաւակն ես այն հին հողին,

Որ իր քարով, իր ծառերով

Ու դարերով

Կառուցեր է տե΄ղ մ’անառիկ։

Զաւակն ես դուն

Լասաւորչի այն սուրբ շողին,

Որ իր շուքով ու շողակով

Կարկառեր է տաճար մ’անգին …

ժառանգն ես դուն

Էջմիածնի նշխար քարին,

Մաս Խաչքարին

 

 

 

Սամուել Սարկավագ Խաչատրյան - Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Սուրբ Էջմիածինը հայ գեղարվեստական գրականության անդաստանում (Սուրբ Էջմիածին 1996թ.)

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։