Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Ա. Ժողովուրդին ապաշխարություն քարոզելու, Քրիստոսով փրկություն շնորհելու ու նոր կյանք պարգևելու և Սուրբ Հոգով նրան այդ նոր կյանքի մեջ առաջնորդելու համար անհրաժեշտ են այդ բոլոր տալիք շնորհները լրապես ստացած ու Սուրբ Հոգով առանձնապես սպառազինված ընտրյալ պաշտոնյաներ: Այդպիսի պաշտոնյաները կկարողանան ծառայել իրենց կոչմանը միմիայն այն ժամանակ, երբ նախ հնարավորություն ունենան ստանալու Աստծուց այն բոլոր շնորհներն, որոնք կամ որոնցից պետք է բաշխեն հավատացյալներին. և երկրորդ` պետք է միջոց ունենան որոշ կարգով ավանդելու իրենց ունեցածը: Ստանալ Աստծո շնորհները լոկ մարդահնար կարգով անկարելի է, քանզի շնորհ տվողն Աստված է, և շնորհների էությունն Աստված միայն գիտի, և ուրեմն նա միայն կարող է էապես իր շնորհների էության համապատասխան կարգ սահմանել: Ավանդել Աստծո շնորհները դարձյալ լոկ մարդահնար կերպով անկարելի է, քանզի թե´ նաև այս դեպքում շնորհների էության համեմատ կարգը միմիայն Աստված կարող է որոշել ու թե´ էապես միմիայն աստվածային կարգով ավանդածը կարող է ընդունող հավատացյալի համար հավաստիություն ունենալ: Ահա այն սուրբ խորհուրդն, որով Աստծո ընծայված և հավատքով կոչվածը Սուրբ Հոգու շնորհաբաշխության պաշտոնյա է դառնում, ձեռնադրության կամ քահանայության սուրբ կարգն է (Հաճ., ԺԱ 755):

Ինչպես որ Աստծո արքայության հաստատությունը սկսվեց Հին Ուխտով և կատարվեց Նորի մեջ, այնպես և այս աստվածադիր քահանայությունն իբրև նախատիպ սահմանվեց Մովսես մարգարեի միջոցով և իսկական հաստատության հասավ Քրիստոսով: Հին Ուխտում քահանայապետը Աստծո հայտնության և Սրբություն Սրբոցի անմիջական պաշտոնյան էր, քահանան ստորադրյալ էր և սպասավորում էր Սրբության մեջ, և ստորին սպասավորներն էին ղևտացիները: Թե´ քահանայապետ ու թե´ քահանա անունները բովանդակում են քահանա բառի իմաստն, որը նշանակում է Աստծո առաջ կանգնող սպասավորՔահանա» բառի այս ստուգությունը, ինչպես երևում է, հեղինակը վերցրել է Հյուբշմանի Armenische Grammatik (Leipzig 1895-97, S. 318) աշխատությունից (տե´ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հտ. Դ, Եր., 1975, էջ 539-540): Ի դեպ, Մովսես Երզնկացին տալիս է բառիս հետևյալ ստուգաբանությունը. «Զի քահանայն մաքրող թարգմանի, զի մաքրեսցէ զմեղս ժողովրդեանն սրբասէր վարուք եւ մաքրափայլ աղաւթիւք: Եւ ըստ այլ տեսութեան հայր ասի քահանայն, զի հայրաբար խնամարկեսցէ որդիացելոցն` զնոցին պակասութիւնն ինքեան համարելով...» («Էջմիածին», 1975, Գ, էջ 54)), ըստ որում, թե´ քահանայապետն ու թե´ քահանան, յուրաքանչյուրը իր պաշտոնի համեմատ, Աստծո և մարդկանց միջնորդ էր, որ զոհաբերում, աղոթում ու քավում էր մարդկանց մեղքերը Աստծո առաջ և մյուս կողմից ուսուցանում էր և Աստծո կամքը հայտնում ժողովուրդին: Աստծո այդ սպասավորները կոչվում էին որոշ կարգով և որոշ կարգակատարությամբ նվիրվում էին Աստծո տան պաշտոնին ու ծառայում էին Երուսաղեմում տաճարի մեջ (Ելք 28:40-41, 30:30, 40:1-15, Ղևտ. 7:36, 8:12, 10:7, Թիվք 3:3):

Նոր Ուխտում ևս այդ նախատիպն իրագործվեց առաքյալների ու նրանց կարգած պաշտոնյաների հաջորդությամբ, ըստ որում, Քրիստոս, ինքն իսկական քահանայապետ ու հաշտեցուցիչը լինելով Աստծո և մարդու մեջ, ընտրեց առաքյալներ իր եկեղեցու հաստատության և սպասավորության գործի համար և առաջնորդ տվեց նրանց Սուրբ Հոգուն իր համբարձումից հետո Հոգեգալստյան տոնին: Հունձը շատացավ և առաքյալներն ևս նորանոր պաշտոնյաներ սպառազինեցին, որպեսզի ամենուրեք քարոզվի Ավետարանը, և տարածվի Աստծո արքայությունը. «Հրաման առին առաքեալն զսուրբսն կարգել ի սպասաւորութիւն եկեղեցւոյ Աստուծոյ, զի հաղորդ լիցի հրեշտակաց` սպասաւոր Քրիստոսի պատարագին» (Ղուկ. 6:13, Գործք 20:28, Եփ. 4:11, Ա Պետ. 5:1, Հայտն. 5:8-11, Հաճ., ԺԱ 49, Ընդհ., 417, 413,): Ըստ այսմ` առաքելական եկեղեցիները ունեն քահանայապետներ առաքյալների փոխարեն, այլև եպիսկոպոսներ, քահանաներ ու սարկավագներ, որոնք սկիզբ առան այն ժամանակից, երբ առաքյալները, ընտրելով իրենց հասուն ու հավատազոր աշակերտներից, ձեռնադրում էին (Գործք 6:6, 14:22, Եփ. 4:11, Ա Տիմ. 4:14, Բ Տիմ. 1:6-14) հիշյալ պաշտոնների համար: Քրիստոս, հաստատելով ձեռնադրության սուրբ Կարգն ու ձեռնադրության իրավունք տալով Իր առաքյալներին և նրանց հաջորդներին, այնպես տնօրինեցին, որ եկեղեցու ընդարձակվելուն և զգացված կարևորության չափով ընտրյալ պաշտոնյաներ ևս ձեռնադրվեն ամենուրեք: Այսպիսով, ոչ թե միայն Երուսաղեմն է դառնում երկրպագության տեղ, այլ ամբողջ տիեզերքը (Հովհ. 4:20), որտեղ հիշվում է Աստծո Միածին Որդու անունն, ու մատուցվում է անզեն պատարագը: Ոչ թե միմիայն Ահարոնյան ցեղն է սպասավորում Աստծո փրկագործության սուրբ խորհուրդին, այլ քանի որ իսկական քահանայապետն է Քրիստոս` «ըստ կարգին Մելքիսեդեկի», որ թե´ պատարագում է ու թե´ պատարագվում (Եբր. 5:1-10), այժմ ամեն մի ճշմարիտ հավատացող, նվիրվելով նրան և նրա առաքելական հաջորդությամբ ձեռնադրական շնորհն ընդունելով, կարող է լինել Աստծո այդ սուրբ Ուխտի սպասավորը: Փոխվեց քահանայությունը, փոխվեց և սրբագործության օրենքն` ըստ նախատիպի իսկականի իրագործվելով (Եբր. 7:12). եղավ «երկինք նոր և երկիր» (Ես., 56), ըստ մարգարեության և Սուրբ Հոգով նոր քահանաներ են հաստատվում փրկական ճշմարիտ սպասավորության համար: Այժմ և ոչ թե միմիայն ընտրյալ ժողովուրդն է վայելում Աստծո արքայության շնորհները, այլ յուրաքանչյուր հավատացյալ մտնում է այդ արքայության մեջ, վայելում է եկեղեցու սուրբ խորհուրդների փրկարար շնորհները Աստծո շնորհագործած պաշտոնյաների միջոցով, սակայն իր հավատքի կատարյալ համարձակությամբ: Այլև այժմ ոչ թե միմիայն մի ընտրյալ ցեղի է վերապահվում Աստծո պաշտոնն ու սպասավորությունը, ինչպես էր Հին Ուխտում Ղևիի ցեղը, այլ յուրաքանչյուր հավատացյալ անձնապես ոչնչով չի տաւբերվում հոգևորականից և ինքն ևս կարող է, կոչումն զգալով, մտնել աստվածային տան հատուկ սպասավորության գործի մեջ (Ա Պետ. 2:10):

 

Բ. Ձեռնադրության սուրբ Կարգի խորհուրդի կատարումը իրագործվում է նախ` նվիրյալի ընտրությամբ ու նրա արժանի լինելու վկայությամբ իր և եկեղեցու կողմից, երկրորդ` աղոթքով առ Աստված, երրորդ` Սուրբ Գրքից պատշաճավոր կտորների ընթերցանությամբ, չորրորդ` ձեռք դնելով, հինգերորդ` օծմամբ, վեցերորդ` պաշտոնի հայտարար իրը (սկիհ, բանալի, գավազան և այլն) հանձնելով նվիրյալին, և յոթներորդ` նվիրյալի դավանական խոստովանությամբ ու պարտավորությունների հանձն առնելով: Այս յոթը կետերի մեջ սուրբ խորհուրդի կորիզը կազմում են աղոթքն ու ձեռք դնելը, իսկ մնացած կետերը դրանց պարագաներն են, կամ թե շնորհաբաշխության արտահայտությունը, ինչպես օծումը քահանայական աստիճանից ի վեր: Ըստ որում, բուն հոգևոր պաշտոնի առաջին աստիճանը իսկապես դպրությունն է, որ նույնպես ձեռք դնելով է լինում, մինչդեռ բուն հոգևոր կարգը սարկավագությունն է, որում սուրբ խորհուրդի կատարման արտահայտությունն ըստ վերադաս աստիճանավորման է կատարվում, որն այս է. «Աստուածային եւ երկնային շնորհ, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական Եկեղեցւոյ, կոչէ (զայս անուն) ի դպրութենէ ի սարկաւագութիւն` ըստ վկայութեան անձին իւրոյ եւ ամենայն ժողովրդեանս»: Եվ անմիջապես հետո. «Ես դնեմ ձեռս ի վերայ սորա. դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան սարկաւագութեան անարատ պաշտել առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ»:

Ձեռք դնելն այն արտաքին միջոցն է, որով առաքելական հաջորդականությամբ ավանդվում է նվիրյալին Աստծո շնորհը: Այդ կար նաև հին Ուխտում (Ծննդ. 48:14, Թիվք. 27:23, Բ Oր. 34:9) իբրև ստվերական նախատիպ: Նոր Ուխտում առհասարակ աստվածային շնորհների ավանդման եղանակն է ձեռք դնելը, որ գործածում էր նաև Քրիստոսը, իսկ առաքյալները` մկրտության միջոցով Սուրբ Հոգի ավանդելու համար: Սակայն ձեռնադրությունը մի անհրաժեշտ միջոց էր, որով առաքյալներն ընտրյալներին ավանդում էին այն շնորհն, որ պահանջվում է Աստծո պաշտոնյա դառնալու համար: Նրանք թե´ ձեռնադրությամբ ավանդում էին և թե´ պատվիրեցին իրենց հաջորդներին այդպես անել (Գործք 6:6, 13:3, 14:22, Ա Տիմ. 4:14, 5:22, Բ Տիմ. 1:6): Այդ արտաքին միջոցով ընտրված անձը ստանում էր Սուրբ Հոգու շնորհն իր նոր պաշտոնի համար (Գործք 6:10, 8:29, 13:2, Եփ. 3:2, Ա Տիմ. 4:14, Բ Տիմ. 1:6): Ուրեմն ձեռք դնելով և աղոթելով` ավանդվում է նվիրյալին այն շնորհն, որ խնդրվում է Աստծուց, և որ առաքելական հաջորդությամբ ավանդաբար ստացել է ձեռնադրողն: Իսկ Սուրբ Հոգու իջման բուն արտահայտությունը օծումը լինելով` քահանայական աստիճանից սկսած ձեռնադրության իրագործման իբրև լրումն սուրբ մյուռոնի օծմամբ է կատարվում պաշտոնի բարձրության համեմատ: Կաթողիկոսն էլ, որ շնորհների լրումն ունի իբրև առաքելական փոխանորդ, ստանում է գագաթի իսկական օծումը 12 առաքյալների համեմատ 12 եպիսկոպոսների ձեռքով «ճառագայթակերպ խաչի» ձևով, քանզի, ըստ Ահարոնյան օծման օրինակին (Ելք 29:4-9, 29, Ղևտ. 4:3, 5, 16, 8:12), Սուրբ Հոգու շնորհների զեղումը թափվում է առաքյալների հաջորդի գլխին և ճառագայթվում խաչակիր հավատացյալների վրա:

Ինչպես որ առաջին դարերում կային առաքյալներ, տեսուչ կամ եպիսկոպոսներ ու երեցներ, այլև սարկավագներ և ստորին սպասավորներ, այնպես էլ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին ունի առաքելական փոխանորդներ, եպիսկոպոսներ, քահանաներ ու սարկավագներ իրենց երկրորդական ստորադաս աստիճանավորություններով և սպասավորներով: Ընդհանրական Հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք և նա բաշխում է իր ձեռնադրությամբ կամ օրհնության Կոնդակով իր ստորադրյալ պաշտոնյաներին: Բոլորի իրավունքներն ու պարտականությունները ևս սահմանվում են ըստ շնորհների («Քահանայք գահասիրութեամբ մի´ հակառակեսցին ընդ միմեանս, զի զոր շնորհն Աստուծոյ ընտրեաց նախ ի քահանայութիւնն, այն է նախաթոռ յեկեղեցւոջ» - քաղված է «Ներսիսի կաթողիկոսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի» կանոններից (տե´ս Կանոնագիրք, Ա, էջ 482 (Ժ))), հիշվում են ձեռնադրության աղոթքների կամ թե Կոնդակի մեջ, և ուրեմն ոչ ոք չի կարող իր եկեղեցական իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք պատահաբար ձեռք են բերվում քաղաքական հանգամանքների մեջ: Եկեղեցականները ստորադրվում են իրար և գործադրում են իրենց իշխանությունը միմիայն` ըստ շնորհների պարգևի, ըստ Ավետարանի վարդապետության և ըստ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու կանոնական սկզբունքների: «Զի ոչ եթէ տիրեմք ձեզ հաւատովքս, այլ գործակից եմք շնորհացդ ձերոց, քանզի հաւատովք հաստատեալ կայք», - ասում է Պողոս առաքյալն իր հավատացյալներին (Բ Կոր. 1:23): «Պարտ է նորոց հովուացս հեզութեամբ եւ հանդարտութեամբ հովուել զժողովուրդս որպէս հովիւք զհօտս, եւ ոչ ճոխութեամբ եւ սաստկութեամբ ըստ աշխարհի իշխանաց», - ասում է Սուրբ Ներսես Շնորհալին, այնպես որ, նույնիսկ հանցավորներին պետք է, ըստ շնորհների, «զսաստն ի կիր արկանել» (Ընդհ., էջ 62-63, Եղիշե, էջ 143, Հարց., Պրակ. Զ, էջ 538): Եվ որովհետև հոգևորականը ձեռնադրությամբ միմիայն այդքան է ստանում, որքան հիշվում է ձեռնադրության ժամանակ, բնականաբար այս սկզբունքից շեղվողն եղծվում է իր իշխանությունից իբրև ելնող սուրբ Հոգու այն շնորհներից ու ներգործությունից, որոնց ենթակա է նա միմիայն արժանապես: Այդպիսի հոգևորականը դատապարտվում է` ըստ Քրիստոսի վարդապետության (Մատթ. 20:20-28, Մարկ. 10:35-45, տե´ս և Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»,  գլ. ԼԲ, ԼԳ և իմ «Հայաստանյայց Եկ. Սուրբ Կարգը», Սուրբ Էջմիածին, 1897) և մերժվում է յուրաքանչյուր հավատացյալից:

Բոլոր ձեռնադրվողների համար երաշխավոր է Կաթողիկոսը, որի ընդհանուր պարտավորությունն է անխախտ պահել Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետական, դավանական ու վարչական ավանդական հարազատությունը, այդ իսկ պատճառով էլ նա ընտրվում է ամբողջ Եկեղեցու կողմից և օծվում է տասներկու եպիսկոպոսներից, այն է` իբրև բոլոր առաքյալների և եկեղեցու ներկայացուցիչներից: Նա հանդիսապես ուխտում է հավատարիմ մնալ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաքելական ու հայրապետական կարգերին և իրավունքներին: Այնուհետև թե´ մյուռոնի, այն է` Սուրբ Հոգու շնորհների ավանդական միջոցի, և թե´ եպիսկոպոսների ձեռնադրությունն ինքն է կատարում և ստորադրյալ բոլոր պաշտոնյաների շնորհագործությունը ճյուղավորում: Ուստիև նա կոչվում է նույնպես Եպիսկոպոսապետ, Քահանայապետ, Ընդհանրական Հայրապետ ու ծայրագույն Պատրիարք: Նա իր պաշտոնյաների միջոցով զարկ է տալիս Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու քարոզչական, դաստիարակչական և ուսուցչական առաջադիմությանը և պահպանում է մոլորություններից ու զեղծումներից (Կաթողիկոսական ընտրությունների, դրանց հետ սերտորեն կապված պատմության, կանոնների, ընթացակարգի և հարակից պարագաների մասին հանգամանալից խոսվում է` Ա. Տեր-Միքելյանի «Հայաստանեայց Առաքել. Ս. Եկեղեցին եւ իւր ս. կարգը» գրքում, Վաղարշապատ, 1897, էջ 34-115, Բաբգէն վրդ., «Կաթողիկոսական ընտրութիւն եւ կանոններ», Վաղարշապատ, 1908, Հ. Գրիգոր վրդ. Մագսուտյան, «Ընտրեալդ յԱստուծոյ. Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը», Եր., 1995):

Ինչպես Ամենայն Հայոց Կաթուղիկոսն ամբողջ Եկեղեցու գլուխն է և պատասխանատու է Աստծո և Հայաստանյայց Եկեղեցու Սուրբ Հայրերի ու նրա ավանդական հաստատության առաջ, այնպես էլ վիճակավոր առաջնորդը գլուխ է իր վիճակի ու պատասխանատու է թե´ նրանց և թե´ Կաթողիկոսի առաջ, նույնպես և քահանան գլուխն է իր համայնքի և պատասխանատու է թե´ Աստոծո, Հայաստանյայց Եկեղեցու Սուրբ Հայրերի ու նրա ավանդական հաստատության և թե´ իր եպիսկոպոսի ու Կաթողիկոսի առաջ: Բոլորի իրավունքներն ու պարտականություններն էլ հաստատված են առաքելական վարդապետության հիմքերի վրա (Գործք 20:17-28, Ա Տիմ. 3:1-5, 4:11-16, Տիտ. 1:7-9, Եբր. 13:17, Ա Պետր. 5:1-4), որոշված են առաքելական կանոնադրությամբ ու ձեռնադրության կարգով և սահմանված են Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Սուրբ Հայրերի հնավանդ առաքելական ու ժողովական կանոններով: Եվ ինչպես որ կաթողիկոսը ձեռնադրում է հոգևորականներ առհասարակ բոլոր վիճակների համար, այնպես էլ առաջնորդը` քահանաներ, սարկավագներ ու սպասավորներ է ձեռնադրում` ըստ ընտրության պատշաճավոր համայնքի և ըստ Հայրապետական տրամադրության: Ընդ որում` յուրաքանչյուր հոգևորականի իրավունքն ու պարտականությունն  հաստատվում է մի սկզբունքի ու մի հիմքի վրա, այն է, որ նրա իշխանությունը սահմանվում է ձեռնադրության պահին, և նա պատասխանատու է բոլոր վերադաս հոգևորականների առաջ, այլև այն ամենքի առաջ, որոնց առաջ պատասխանատու են նույնիսկ այդ վերադաս հոգևորականները:

Ձեռնադրության սուրբ կարգում կա օրհնության և ապա բուն ձեռնադրական աստիճան. օրհնության աստիճանը սկսվում է եկեղեցու սպասավորական ամենաստորին դիրքից, ըստ որում, օրհնվում են նախ` սաղմոսերգուն և ավելածուն, հետո` Ա. դռնապանը, որը սուրբ կարգի առաջին աստիճանն է, Բ. ընթերցողը, Գ. երդմնեցուցիչը և Դ. ջահընկալը: Իսկ բուն ձեռնադրությունը սկսվում է Ե. դպրությունից կամ կիսասարկավագությունից, որն էլ տրվում է եպիսկոպոսի ձեռնադրությամբ: Այս աստիճանին հետևում են` Զ. սարկավագությունը և Է. քահանայությունը: Սակայն Հայաստանյայց Եկեղեցու սուրբ կարգի իրական դասակարգությունն է. Ա. Կաթողիկոս ամենայն Հայոց, Բ. Փոքր կաթողիկոսներ, Գ. Արքեպիսկոպոսներ (պատրիարքներ), Դ. Եպիսկոպոսներ, Ե. Վարդապետներ` մասնավոր ու ծայրագույն իշխանությամբ, որ ուսումնական աստիճան է և տրվում է առանձին ձեռնադրությամբ, Զ. Աբեղաներ ու քահանաներ, Է. Սարկավագներ, Ը. Դպիրներ, Թ. Սպասավորներ: Սրանք ամենքն էլ վերոհիշյալ աստիճանական կարգով են ձեռնադրվում և աստիճան առ աստիճան բարձրանում կա´մ միանգամայն (ինչպես Մեծն Ներսեսը և Զաքարիա կաթողիկոսը), կա´մ հետզհետե ժամանակի ընթացքում արժանանալով:

 

Գ. Քանի որ ձեռնադրվողը պետք է ունենա որոշ պատրաստություն և ընդունակություն Սուրբ Հոգու շնորհներով սպառազինվելու համար, պարզ է, որ այդ շնորհների համեմատ էլ յուրաքանչյուրը պետք է համապատասխան կատարելության պայմանների հակառակ չլինի: Կատարելության այդ պայմաններն են.

1. Մարմնի ու չափահասության կատարելություն, որպեսզի թե´ իր հոգևոր կատարելությունը ցոլացնի նաև արտաքուստ` ժողովրդի վրա ոչ միայն լսողությամբ, այլև տեսողությամբ ազդելու համար, և թե´ այրական հաստատամտություն ունենա իր գործունեության մեջ, մանավանդ որ մարմնական թերություններն ու տղայական փոփոխամտությունը ծաղրական կդարձնեն լրջության ու ճշմարտության պաշտոնյայինԱյդ սկզբունքը կար Հին Ուխտի նախապատրաստական եկեղեցում, առավել ևս պահելի է Նոր Ուխտի իսկական եկեղեցում (Ղևտ. 21:17-23): Այդպես և ընծայացուն պետք է լինի օրինավոր ու բարոյական կյանքի ժառանգ, որպեսզի նրա մարմնավոր ու չափահասության կատարելությունն, ըստ ժառանգականության օրենքների ևս, հավաստի լինի ժողովուրդի համար:

2. Մտավոր ու բարոյական պատրաստություն, քանզի առանց ժամանակի պատշաճավոր գիտության, առանց աստվածաբանական ուսման և առանց վայելուչ կյանքի տրամադրության ոչ ոք չի կարող ընդունարան լինել Սուրբ Հոգու շնորհների, և ոչ էլ կարող է այդ շնորհների համեմատ գործիչ լինել, ուստիև գիտություն ու վարք է պահանջում Սուրբ Գիրքը և դատապարտում է տգիտությունն ու չար վարքը (Ա Տիմ. 4:13-16, Տիտ. 1:7-11): «Սնանիցիս բանիւք հաւատոց եւ բարւոք վարդապետութեամբն, զորոյ զհետն իսկ եղեր». «օրինակ լինիջիր հաւատացելոց բանիւք, սիրով, հաւատովք, սրբութեամբ», - հրամայում է յուր ձեռնադրածին Պողոս առաքյալը: Ուստիև հրաման տալիս Տիմոթեոսին. «Ձեռս վաղվաղակի իւրուք վերայ մի դնիցես եւ մի կցորդ լինիցիս մեղաց օտարաց. զանձն քո սուրբ պահեսջիր» (Ա Տիմ. 5:22): Այդպես և Մաշտոցում որոշված է. «Աստուածային իշխանութիւնն ի վերայ անարժանիցն ոչ հանգչի»: Չէ՞ որ Քրիստոս էլ ամբողջ երեք տարի սովորեցրեց իր աշակերտներին և ապա Սուրբ Հոգի տվեց: Մաշտոցում գեղեցկապես պատվիրվում է եպիսկոպոսին. «Զի թէ տգէտ իցէ, ոչ ձեռնադրեսցէ զնա, զի տգիտութիւնն անբանից է, եւ անբանն ոչ լինի քահանայ»: Ինչի մասին մարգարեն ասում է. «Շրթունք քահանային զգուշասցին գիտութեան, զի բերան Տեառն ամենակալի է» (Մաղ. 2:7): «Արդ, զոր ինչ ի բերանոյ ամենակալին ասացեալ է, պարտ է գիտել քահանային, եւ ապա բերան նորա կոչիլ» (Բուն Մաշտոց, էջ 251-254, 277-279, սուրբ Գր. Տաթ., Վարդան վարդապետի և Առաքել վարդապետի հորդորները, Հմմտ. Ընդհ., էջ 79): Այս են պահանջում Սուրբ Թադեոս առաքյալից սկսած Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու բոլոր առաքելական ու ժողովական կանոնները (տե´ս, զորօրինակ, Նիկիո ժողովի կանոնները, որոնք հաստատեց սուրբ Գրիգոր Լուսավորիչը. «Վասն այնոցիկ, որ մատաղօրեայքն իցեն եւ մտօք խակք, ուսմամբ` տխմարք, կարգաց` տգէտք, օրինաց` անտեղեակք, խօսիւք յահուր, գնացիւք` սայթաք եւ գինեմոլք, վաղվաղակի ոչ մերձեցուցանել զնոսա ի սարկաւագութիւն կամ եղեւ սուրբ ժողովոյն: Այլ եթէ օտարաշխարհիկ ոք իցէ` յայլոյ վիճակէ, ոչ սնուցեալ քո եւ ոչ ուսուցեալ, զայնպիսին յօծումն մի մերձեցուսցեն, ըստ առաքելոյն, որ ասէ, եթէ` «ձեռս վաղվաղակի յուրուք վերայ մի´ դնիցես եւ մի´ կցորդ լինիցիս մեղաց օտարաց»» (Կանոնագիրք, Ա, էջ 118-119)). այս է ասում և սուրբ Սահակը` խստությամբ դատապարտելով տգետ հոգևորականներին (Կանոնագիրք, Ա, էջ 375, 377): Այսպես և սուրբ Հովհան Մանդակունին խստորեն արգելում է կաշառքով ձեռնադրել տգետներին և շնորհավաճառ լինել Սիմոնականության մեջ նզովվելով. «Արդ ես զայս, ըստ իմում գիտելոյ, ասեմ, թէ որ զմանուկ տգէտ զտխմար, որ ոչ կարէ կարդալ զԱւետարանն ի բեմի ի լուր ժողովրդոցն, եւ զբոլոր ուսումն կարգի քահանայութեան ոչ է ուսեալ, զպատիժ քահանայանալոյ նորա նա կրէ, որ ձեռնադրեացն զնա, զի զհասնոցն եւ զուսելոցն զմեղացն զհամարս անձինք իւրեանց տան: Այլ օրէն է առաւել զգիտունն եւ զհասակաւ կատարեալն արժանացուցանել այսմ շնորհի, որ կարող են ապրեցուցանել զանձինս եւ առաջնորդել ժողովրդեանն: Վասնորոյ մեծին Պօղոսի ձայնարձակ բարբառովն զբողոք բարձեալ ասէր Տիմոթեայ, թէ` «Ձեռս յուրուք վերայ վաղվաղակի մի´ դնիցես եւ մի´ լիցիս կցորդ մեղաց օտարաց»». եւ դարձեալ. «Մի´ մատաղատունկ, զի մի´ հպարտացեալ ի դատաստան սատանայի անկանիցի»: «Այլ զի պարտ է, ասէ, քահանային անարատ լինել որպէս Աստուծոյ տնտեսի, վերակացու լինել հաւատարիմ բանին վարդապետութեանս: Արդ, զորօրինակ, Պօղոս զՔրիստոս դնէ միջնորդ Աստուծոյ եւ մարդկան եւ երաշխաւոր եւ փրկանս ամենայն աշխարհի, արդ ո՞չ ապաքէն նոյնօրինակ եւ քահանային օրէն է ամենայն անարատութեամբ լինել առաջնորդ եւ փրկանք քաւութեան մեղաց ժողովրդեանն Աստուծոյ: Արդ, եթէ վասն մեծին Մովսիսի ասէ գիր, եթէ հեզ եւ խոնարհ եւ հանդարտ էր, քան զամենայն մարդիկ ուսեալ եւ զամենայն իմաստութիւն Եգիպտացոց, զի թէ հեզն եւ հանդարտն եւ իմաստունն եւ անարատն ի բծոյ` հաւատարիմ պատգամաւորն Աստուծոյ եւ մտերիմ տեսուչ ժողովրդեանն ոչ կարաց ի մեղաց ողջ պահել զժողովուրդն եւ ապրեցուցանել զնոսա ի հարուածոցն Աստուծոյ, եւ ժառանգեցուցանել նոցա զպարգեւական երկիրն, իսկ քահանայք տգէտք եւ արատաւորք զիա՞րդ կարեն ապրեցուցանել զժողովուրդն ի մեղաց, որք եւ զանձինս անգամ չկարեն պահել ի մեղաց, թող թէ ժողովրդեանն Աստուծոյ լինել առաջնորդ եւ երաշխաւոր տանել յարքայութիւնն Աստուծոյ: Քանզի գրեալ է եւ պատուիրեալ, թէ մի յաջ խոտորիցիս եւ մի յահեակ: Վասնորոյ պատուիրեմ առաջնորդաց Եկեղեցւոյ զգուշանալ ի ձեռնադրութենէ տգիտաց, եւ մի կաշառօք արծաթոյ զոք յառաջ մատուցանել յեպիսկոպոսութիւն, կամ յերիցութիւն, եւ կամ ի սարկաւագութիւն, կամ յայլ աստիճան, որպէս ի սուրբ Աւետարանին Փրկիչն ասէ առ սուրբ աշակերտսն, թէ` «Ձրի առիք եւ ձրի տուք»» (Մանդակունի, էջ 207-208): Ուստիև ձեռնադրության ժամանակ եպիսկոպոսը հարցնում է ոչ միայն հավատքի, վարքի, առաքինական ձգտումների և անձնվիրության մասին, այլև հարց է տալիս «Ունի՞ զուսումն քահանայութեան լիով եւ զգիտութիւն աստուածային օրինաց: Զի որ ոչ ունի զգիտութիւն Սուրբ Գրոց, նաեւ ոչ զզօրութիւնն Աստուծոյ, որ ի նմա` ըստ Աւետարանին, մի գուցէ յանցանիցէ»: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին բարձրացնում է ուսման աստիճանը մանավանդ նրանով, որ ուսման աստիճան էլ ունի, և նրան մեծ նշանակություն է տալիս, այդ է վարդապետությունը, որի մասնավորությունը չորս աստիճան է, իսկ ծայրագունությունը` տասնչորս, և այս աստիճանը քարոզչական անկոպար իշխանություն ունի, և այդ ծայրագույն իշխանություն ունեցող հոգևորականն է կոչվում վարդապետ (տե´ս վարդապետների ցանկը սուրբ Մեսրոպից սկսած. Մաշտոց ձեռն. վերջում. բուն Մաշտ., էջ 335-337, Դրախտ, էջ 621-649): Եվ հոգևոր ուսման (բնագիտական, դավանաբանական, պատմական, աստվածպաշտական և գործնական) ընթացքի որոշ ծրագիր ևս կար «ըստ կարգի ժամանակին», որ ճշտիվ պահպանվում էր այդ վարդապետների մեջ (տե´ս բուն Մաշտ., էջ 337-342, սուրբ Գր. Տաթ. կազմածը: Ե դարի հոգևորականների մասին էլ ասված է, որ սովորեցին «զուսումնականն զհամարողականն, զբնաբանականն, զերկրաչափականն, զերաժշտականն, զաստղաբաշխականն, զքերականն եւ զքերթողականն, զգործնականն եւ զտեսական իմաստասիրութիւն եւ զմասունս նոցա, որք են թուով երկոտասան»: Ուսումն առնելով` նրանք եկան ժողովուրդի պաշտոնյա դարձան` «ունելով ընդ ինքեանս բեռինս շահաւէտս եւ արդիւնարարս, մարգարիտս գեղեցիկս եւ ականս պատուականս, զբախխոհականն, զատենականն, զկացրդականն, եւ զաստուածաբանականն` զարդարելով զերկս աշխատողացն ու զսոյնս իմաստասիրութեան պանծալիս արմատացուցանելով եւ ծանօթ առնելով բազմաց զգիտութիւն» - պատմություն սուրբ Սահակա և Մեսրոպա (Սոփ., Բ)): Սակայն ինչպիսին էլ որ լինի ծրագիրը, էական է նրա սկզբունքն, այն է, որ ընծայացուն ունենա իր կոչման, պաշտոնի և հովվական ասպարիզում պահանջվող գիտությունը` «ուսումն քահանայութեան լիով, եւ գիտութիւն աստուածային օրինաց», բնականաբար, ըստ ժամանակի աստվածաբանական գիտության առաջադիմության Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում անշեղապես (Վարդապետական պաշտոնավարության, վարդապետական աստիճանների վերաբերյալ հանգամանալից տե´ս Բ. Ծ. վրդ. Կյուլեսերյան, Վարդապետության աստիճանները Հայ Եկեղեցւոյ մեջ, Անթիլիաս, 1980): Սա լավ հասկանալով` մեր սուրբ հայրապետները գրեթե ամեն դարում շեշտել են նույն ծրագիրը ընդհանուր որոշմամբ և երբեք ժամանակի հետ հակասության մեջ չեն ընկել: Բայցև չեն թողել, որ լոկ արտաքին գիտություններին նվիրված միակողմանի մարդիկ եկեղեցու այդ սրբության մեջ մտնեն, և ոչ էլ քաջալերել են արտաքին գիտությունների տգիտությունը, որքան հնարավոր է եղել:

3. Աստվածային կոչումը, ըստ որում, «ոչ թէ որ զանձն իւր ընծայեցուցանէ, նա է ընտրեալ, այլ զոր Տէրն ընծայեցուցանէ» (Բ Կոր. 10:18, Եբր. 5:4), այնպես որ Աստված ինքը պետք է շարժի մարդուն դեպի այդ սուրբ գործը, և մարդը պետք է հավատքով զգա մի ներքին մղում դեպի Աստվածային սպասավորություն և ոչ թե լոկ հացի խնդրի կամ դիրքի ու պատվի, կամ աշխարհային որևիցե ձգտմամբ ու նպատակով դիմի դեպի այդ պաշտոնը (սուրբ Հովհան Մանդակունին, օրինակ բերելով սուրբ նահատակներին, որոնք իրենց հոտի համար ամեն ինչ զոհեցին, հորդորում է` «ամենայն քահանայից եւ վարդապետաց պարտ է հանապազ ի սոյն վաստակել. եւ մանաւանդ որ ինքնակամ կամօք ստացաւ զվերակացութիւն, զոր գովելի է` թէ ոչ ի պատճառս ինչ կենաց անձինն իմացաւ, եւ զօրացաւ ի Հոգւոյն մտանել ի գործ մշակութեան վասն բազմաց փրկութեան»): «Արդ հայեա´ յանձն քո

քահանայդ, եւ ծանիր զքեզ, զինչ է վաստակ քո քահանայութեանդ, եւ զի՞նչ գործ ստացեալ ունիս: Ոչ հերկահար ես ժողովրդեանդ, եւ ոչ արտունձ եւ կասող, այլ յուսուցանել եւ ի խրատել կարգեցար, մերժել եւ յանդիմանել: Այս է գործ քահանայութեան, եւ միշտ հարկ հանապազ...», - գրում է սուրբ Հ. Մանդակունին (էջ 169): Ահա այս նպատակով ոգևորված պետք է կոչում զգա ընծայացուն: Այս պատճառով և նախքան ձեռնադրությունը հարցնում է եպիսկոպոսը, արդյո՞ք կամավորապես է հանձն առնում Քրիստոսի լուծը և արդյո՞ք թողել է աշխարհային հոգսերն, ընտանիք ու սովորական կյանքը. «Զի ոչ կարէք, ասէ, երկուց տերանց ծառայել. զի որ ոչ թողու զայս ամենայն, եւ ոչ առնու զխաչ իւր եւ գայ զկնի իմ, չէ ինձ արժանի»:

Կոչման գեղեցիկ օրինակներ է տալիս ինքն Քրիստոս. «Ասէ ոմն ցնա. Եկից զկնի քո յոր վայր եւ երթիցես: Ասէ ցնա Յիսուս. Աղուէսուց որջք գոն, եւ թռչնոց երկնից դադարք, եւ Որդւոյ Մարդոյ ոչ գոյ, ուր դիցէ զգլուխ: Ասէ զմիւս եւս: Եկ զկնի իմ: Եւ նա ասէ` Տէր, հրաման տուր ինձ երթալ նախ թաղել զհայր իմ: Ասէ ցնա Յիսուս` թող զմեռեալսն թաղել զմեռեալս իւրեանց, եւ դու երթ պատմեա´ զարքայութիւն Աստուծոյ: Ասէ եւ այլ ոմն. Եկից զկնի քո, Տեր, բայց նախ հրաման տուր ինձ հրաժարել ի տանէ իմմէ: Ասէ ցնա Յիսուս. Ոչ ոք արկանէ ձեռն զմաճով եւ հայիցի հետս, եթէ յաջողեալ իցէ արքայութեան Աստուծոյ» (Ղուկ. 9:57-62, Մատթ. 8:19-22): Մեկն ուզում է կոչվել, բայց առաջիկա դժվարությունների պատճառով հետ է մղվում (Մատթ. 26: 33, 35): Վերջինն էլ չի կարողանում լիովին նվիրվել աստվածային պաշտոնին, այլ հետ է նայում դեպի աշխարհայինը (Հովհ. 6:66). մինչդեռ միայն երկրորդն է իսկապես կոչվում, որ Քրիստոսի աշակերտն է և արիություն ունի ամեն ինչ Քրիստոսի համար թողնելու (Մատթ. 4:18-20, Ղուկ. 14:26, Մատթ. 10:37, Բ Օր. 33:9):

4. Երբ կոչումը ճշմարիտ է և սրտանց, այն ժամանակ Աստված կհաջողեցնի ժողովուրդի ինքնաբերաբար ընտրությունը` նրանից բարի վկայություն և սիրահոժար խնդիր առաջացնելով հոգուտ ընծայվողին: Սա անհրաժեշտ է, քանզի քահանայի պաշտոնը հիմնվում է ժողովուրդի և քահանայի փոխադարձ հարաբերության ու սերտ կապի վրա, հետևաբար հակումն ու հոժարությունը պետք է երկուստեք լինի, որ քահանան գիտենա, թե ինքն այդ հոտի հովիվն է, և այդ հոտը ճանաչի իր հովվին իբրև նրա խոնարհ ու հավատարիմ հոտը:

Ընդ որում և ձեռնադրության սկզբունքն իսկ խնդրվում է ձեռնադրվողից, «խնդրէ ի քէն մայրս մեր Սուրբ Եկեղեցի, զի ձեռնադրեսցես (զայս անուն) սարկաւագս, զոր ընծայէ քեզ յաստիճան քահանայութեան»: Խնդրում է եկեղեցին, այսինքն` ոչ թե լոկ ժողովուրդն և ոչ էլ միմիայն հոգևորականությունն, այլ եկեղեցին, որ ինչպես տեսանք նախընթացքում, կազմվում է այդ երկուսի միությունից: Հետևաբար ժողովուրդը ընտրում է կամ պետք է ընտրի այնպիսի ընծայացու, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետության, կարգերին ու կանոններին համապատասխանի, իսկ այդպիսի ընտրյալը անպատճառ ընտրյալ է նաև հոգևորականության համար:

5. Դիմելով դեպի ձեռնադրություն` նա պետք է հանձնառու լինի և պատրաստ` հոգով, սրտով ուսումնասիրել ու տոկալ միշտ սուրբ առաքյալների, հայրապետների և առհասարակ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետության, կանոնների, ավանդության և այլ կարգերի մեջ` երբեք չշեղվելով այդ ամենից: Նա պետք է այդ ամենը սիրի և հավատքով բարձր դասի իր կյանքի բոլոր նպատակներից, որպեսզի կարողանա ունենալ այն, ինչ որ  պետք է բաժին հանի հավատացյալներին և հոտին: Ուստիև ձեռնադրության ժամանակ ընծայացուից պահանջվում է հավատքի ուղիղ դավանություն, մերժումն 159 հերձվածողների ու հերետիկոսների և խոստումն ըստ ամենայնի հնազանդվել սուրբ առաքյալների, սուրբ հայրապետների և Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետության և ավանդության:

Սուրբ Հովհան Մանդակունին, արգելելով քննել ուրիշի մեղքերը, ասում է. «Բայց եթէ ի հաւատս ինչ անպիտան իցէ, եւ թիւրս ինչ ուսուցանիցէ, փախիր ի նմանէ, մի´ մերձենար եւ մի´ ճաշակեր եւ մի´ հաղորդիր ընդ նմա եւ մի´ հուպ լինիր, զի որ ի նմա հաւատս թերին է, եւ թիւրս ինչ ուսուցանիցէ, եթէ Պօղոս իսկ իցէ, կամ հրեշտակ, մի հաղորդիցիս (Գաղ. 1:8), զի չէ առանց պատժոց անխտիր հաղորդիլն: Զի վասն հաւատոց` քո է քննել եւ վասն վարուց Աստուծոյ է դատել (էջ 23): Եւ եթէ ի հաւատս առողջ իցէ քահանայն, հնազանդ եւ եթ լեր նմա, վասն վարուց մի ինչ հայհոյեր»: Եվ սա պարզ է, քանզի քահանայի պաշտոնը հավատքով է տրվում, իսկ մեղքը կապված չէ նրա պաշտոնի հետ, այլ վերաբերում է նրա սխալական մահկանացու անձին, և պատասխանատու է նա Աստծո առաջ: Ինչի համար և Մաշտոցի կանոնը հրամայում է ձեռնադրողին` նախքան ձեռնադրելը պահանջել ընծայվողից մոլորությունների նզովումն և ճշմարիտ դավանության խոստովանումն. «Քանզի իջանէ Հոգին Սուրբ Աստուած բաշխողն շնորհաց` յայնպիսի սեղանն սրբութեան եւ ի դաւանողսն ուղղափառութեան, եւ հանգչի յօծեալն յայն, որ ճանաչէ զօտարն եւ զընտանին»:

6. Հոգով հավատքի մեջ տոգորելով` ձեռնադրվողը պետք է նվիրված լինի աստվածային գործունեության («Արտաքոյ իրաւանց է եւ անտեղի բոլորովին, ոչ ըստ արժանի իշխանութեանն գնալ կոչմանն կամ պղերգաբերիլ եւ թերահոգ առ դնիլ, յոր հաւատացաւն հոգաբարձութիւն նմա» - Սարկավագ վարդապետ, Հաղագս քահանայության, 10) թե´ խոսքով ու թե´ գործով: Նա պետք է, առաքելական ոգով վառված, Սուրբ Գրքով և Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետությամբ և ավանդությամբ առաջնորդվի իր ամբողջ ընթացքում և անխոնջ ջանասիրությամբ գործի հավատացյալների մեջ Աստծո արքայությունը հաստատելու համար: Նրա սկզբունքը պետք է լինի. «Արդ, եթէ ուտիցէք, եթէ ըմպիցէք, եթէ զինչ եւ առնիցէք, զամենայն ինչ ի փառս Աստուծոյ արասջիք: Առանց գայթակղութիւն դնելոյ Հրէից եւ հեթանոսաց լինիջիք եւ եկեղեցւոյն Աստուծոյ: Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ, ոչ խնդրեմ զանձին օգուտ, այլ զբազմաց, զի ապրեսցին»: Ըստ որում և ձեռնադրվողը խոստանում է` «առանց ձանձրանալոյ յամենայն զգաստութեամբ կալ ի պաշտօնն Աստուծոյ եւ ոչ փոխանակել զգործն Աստուծոյ ընդ մարմնաւոր գործոց», և ուխտել «յանձին զհետ երթալ ընթացիցն Քրիստոսի, յաղքատութիւն, ի քաղց, ի ծարաւ, ի վիշտս, ի հալածանս, ի նախատինս, ի չարչարանս վասն Քրիստոսի»: Այս պահանջն անհրաժեշտ է, քանզի քահանայական պաշտոնի էությունը նույնիսկ այս է, որ ընծայացուն ուխտում է գերադասել աստվածային պաշտոնը, աստվածային գործը և իր հոտի հոգատարությունն ամեն անձնական, ընտանեկան, ազգակցական և շահադիտական գործերից և զբաղմունքներից, և ոչ թե նվիրվելով այդ ուխտին` վերստին զառածել աշխարհասիրության մեջ կրկնակի պատժի արժանանալով` իբրև մեղանչող, իբրև ուխտազանց և իբրև առավել վնասակար այդ վարմունքով ու գայթակղեցնող:

7. Սույն այս պայմանների վրա հաստատված ընծայացուն կարող է հավատքով դիմել և Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսական ձեռնադրությամբ ընդունել Սուրբ Հոգու պարգևաշնորհներից մեկը` խորհրդակատար ծառայության պարգևաշնորհը, զինվել նրանով, մտնել պատերազմի դաշտը և հաղթաբար հարատևել հավատքի գործունեության ու ճշմարտության այգու մշակության մեջ: Միմիայն հիշյալ բոլոր պայմաններին համապատասխանողը կարող է հուսալ, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաքելական ավանդական ձեռնադրությամբ կստանա Սուրբ Հոգու տվյալ պարգևաշնորհը, կզորանա նրա շնորհներով և լուսավորություն կծավալի հավատացյալների մեջ: Միմիայն այդպես ձեռնադրվողը հաստատապես համոզված կլինի ու կհավատա, որ իր մեջ Սուրբ Հոգին է գործում, առաջնորդում ու զինավառում: Նա, որ ոչ թե արժանապես, այլ սիմոնականությամբ է ուզում ապրուստի պաշտոն դարձնել այդ սուրբ կոչումը (Գործք 8:18-23), չի հասնի և ոչ մի նպատակի, քանզի շնորհը դրամով չի ստացվում, այլ` հավատքով: Իր այդպիսի ձեռնադրյալին էր ասում Պողոս առաքյալը. «Վասնորոյ յիշեցուցանեմ քեզ արծարծել զշնորհսն Աստուծոյ, որ են ի քեզ ի ձեռնադրութենէ իմմէ: Զի ոչ ետ մեզ Աստուած հոգի վհատութեան, այլ զօրութեան եւ սիրոյ եւ զգաստութեան: Մի այսուհետեւ ամօթ համարիցիս զվկայութիւն Տեառն մերոյ...: Ունիցիս օրինակ ողջմտութեան բանիցն, զորս յինէն լուար, հաւատովք եւ սիրով, որ ի Քրիստոս Յիսուս»: «Զգոյշ կացէք անձանց եւ ամենայն հօտիդ, յորում եդ զձեզ Հոգին Սուրբ տեսուչս հովուել զժողովուրդ Տեառն, զոր ապրեցոյց արեամբ իւրով» (Բ Տիմ. 1:6-14, Գործք 20:18-35, Հաճախ., Ե 70-200): «Արդ դուք յիշեցէք զառաջնորդն կենաց եւ փրկութեան ձերոյ, եւ զմտաւ ածէք զանտանելի չարչարանս աստուածագութ Հօրն եւ հոգւոց Լուսաւորչին եւ ճգնաւոր նահատակին Քրիստոսի Սրբոյն Գրիգորի...: Արդ հայեցարուք յելս գնացից նորա, թէ որպէս եկաց յաշխարհի եւ կամ որպիսիք էին ելք գնացից նորա, զի այն է դուռն ոչխարաց հովուութեանն, ընդ որ նա եմուտ. չարչարանօք ստացաւ իւր ժողովուրդ, քերանօք ոսկերաց մարմնոյն եւ կողիցն հոսման արեան շինեաց զայս Եկեղեցի Աստուծոյ, որպէս եւ Տէրն իւրով կողակայլակ արեամբն զազգ եւ զաշխարհ ամենայն. հրոյ տոչորմամբ խորովեցաւ ի վերայ իւրոց գեղեցիկ գառանցն, անհնարին տանջանօք կայր ի կախաղանի եւ աղօթէր վասն իւր հաւատացեալ հօտին. ի գուբ խաւարին եւ ի մէջ չարութեան օձից կայր զամս երկոտասան, յաղագս ի գուբ մեղացն եւ ի հարուածս օձին եւ ի մէջ թիւնալի ախտից մեր ընկղմելոյն: Այս է դուռն հոգեւորական հովուութեանն, եւ որ ոչ մտանէ ընդ այս դուռն, գող է եւ աւազակ. այս է օրինակ, որով սեպհական լինի ժառանգութիւնն եւ ոչ ազգակցութիւն արեանն, որով տիրեն Քրիստոսի հօտին, այս են գինք գառանց Քրիստոսի եւ ոչ բազմութիւն արծաթոյ, զի խոտեսցին այնոքիկ, որք ընտրեալ են արծաթով» - Հովհան վ. Երզնկացի, էջ 158): Հետևաբար Աստծո ճշմարիտ պաշտոնյա լինելու համար ամենամեծ պայմանն այն է, որ ընծայվողը ամուր հավատքով և հաստատամիտ համոզմունքով վստահ լինի այն շնորհների աստվածայնության վրա, որոնք ինքն է ստացել, կամ հայտնապես գիտենա, որ իր հավատավոր գործունեության մեջ ինքն` Սուրբ Հոգին է գործում: Առանց այս հավատքի ու լուսավոր համոզմունքի ընծայվածը չի կարող կատարել իր տված խոստումները և ամեն մի քայլափոխում աշխարհասիրության վտանգի մեջ կլինի ու չի կարող ճշմարիտ մշակ ու գործիչ լինել Աստծո արքայության համար: Ամենավնասակար հոգևորականը նա է, որ մտնում է այդ կոչման մեջ և ընդունում ձեռնադրությունն առանց հավատալու, որ այդ կոչումն աստվածային է: Նվիրյալին է ասում սուրբ Հովհան Մանդակունին. «Պօղոսն ասում է. «Նմանողներ եղէք ինձ, ինչպէս եւ ես` Քրիստոսին»: Ահա դու նույն ինքը Պողոսն ես, որ քարոզում ես, և նույն ժողովուրդն է, որ ուսուցանում ես: Եվ ահա նա էլ մարդ էր քեզ նման, Կիլիկիա գավառից Տարսոն անունով քաղաքից. և քեզանից ավելի բան չուներ, բացի միայն հոժարություն և այն վաստակն, որով Սուրբ Հոգու շնորհներն ընդունեց: Քո առաջ ևս արգելք չկա, միայն թե հոժարես ու վաստակես և Սուրբ Հոգու շնորհներն ստանաս» (էջ 84): Ըստ որում, հավատքով և արժանապես ձեռնադրվողը դառնում է Սուրբ Հոգու ճշմարիտ սպառազեն ու քաջ պաշտոնյան ու գործիչը:

Սակայն շնորհաբաշխության համար նշանակություն չունի քահանայի արժանիքը, եթե շնորհք ստացող հավատացյալը հավատքով է մոտենում դեպի սուրբ խորհուրդները: Աստծո շնորհը նաև անարժան քահանայի շնորհագործությամբ իջնում է հավատացյալի վրա, ուստիև հարգվում է ոչ թե քահանայի անձնավորությունն, այլ նրա պաշտոնը. «Վասն զի ամէն ոք, որ պատւում է քահանային, Աստծուն է փառաւորում ու պատւում, եւ որ արհամարհում է, Աստծուն է թշնամանում» («Զքահանայս քո մեծարեսջիր եւ զիշխանս ժողովրդեան քո մի´ արհամարհիցես: Զի թէպէտ եւ յանպիտանեաց ոք իցէ քահանայն, այլ Աստուած տեսանէ, զի վասն նորա եւ զանարգսն մեծարես, զի սրբոյն վասն սրբութեանն ակնածես: Իսկ վասն Աստուծոյ պատիւ այն է, որ զանարգն մեծարիցես, այլ չէ անարգ, զի հրեշտակ Տեառն Ամենակալի է քահանայս: Եւ եթէ արհամարհես, յԱստուած մեղանչես, որ ետ զձեռնադրութիւն նորա, եւ նովաւ ինքն կատարէ զխորհուրդն եւ զմկրտութիւնն. թէպէտ եւ նոքա չիցեն արժանի ահեղ խորհրդոյն մերձաւորութեան, այլ վասն փրկութեան ժողովրդեանն չարգելու զշնորհն Հոգւոյն Սրբոյ: Զի եթէ իշովն եւ Բաղաամաւն դիւթովն խօսեցաւ վասն փրկութեան ժողովրդեանն (Թիվք. 22), որչա՞փ եւս առաւել անարժան քահանայիւն ինքն գործէ զամենայն վասն մերոյ փրկութեան: Եւ դու եթէ սրբութեամբ հաղորդիս ի սուրբ խորհրդոյն, քահանային պղծութիւն զքեզ ոչ վնասէ. նոյնպէս եւ որ պղծութեամբ մերձենայցէ, քահանայի սրբութիւնն ոչ օգնէ: Ապա եթէ համարիցիս, եթէ ի ձեռն արատաւոր ինչ քահանայի շնորհք Հոգւոյն ոչ իջանեն ի պատարագն, եւ ոչ Աստուած ինչ նովաւ գործէ, ի միտ առ` զի բառնաս զկարգս Եկեղեցւոյ եւ զանուն քոյոյ քրիստոնէութեանդ» - սուրբ Հովհ. Մանդ., էջ 92, Հովհ. 8:7): Ուստիև ոչ մի մարդ չի կարող զրկել հոգևորականին ձեռնադրության շնորհից ու վերստին նրան աշխարհական դարձնել (Փարպ. Պատմ., էջ 208, 348, Հմմտ. Մաշտոցի թուղթը առ Հովհ. Կ. Պատմ., էջ 83-87): Հոգևոր իշխանությունն ևս միմիայն ապաշխարանքի է ենթարկում, իսկ ձեռնադրության շնորհից վերջնականապես զրկում է միմիայն այն ժամանակ, երբ հոգևորականն արհամարհում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետությունն ու կարգերը և ուրեմն մահանում է ամեն մի հավատացյալի առաջ (կարգալուծման կանոններ ունենք սկզբից ի վեր. Նիկիո սուրբ ժողովը կարգալույծ է անում կաշառքով և անարժանապես ձեռնադրվածին, ինչպես և սրբություն ու եկեղեցական կարգերը չպահող անզեղջ հոգևորականին (Կանոնագիրք, Ա, էջ 128 (ԺԶ))): Նույնանման հրաման են տալիս և´ սուրբ Սահակը, և´ Շահապիվանի և հետևյալ դարերի գրեթե բոլոր ժողովները (Կանոնագիրք, Ա, էջ 409-410 (ԽԹ), էջ 456-457 (ԺԶ)): Մինչև անգամ ուրիշ եկեղեցու հարած հայ հոգևորականի համար որոշված է Դվնա 607 ժողովով. «Որ ոչ են հաղորդ ընդ մեզ հաւատով, եւ օտար ի միաբանութենէս յայսմանէ, եւ ի պատճառս ինչ պիտոյից հասանիցին առ մեզ եպիսկոպոսք և կամ քահանայք, մի´ ոք իշխեսցէ հաղորդել կամ պատուել քահանայական պատուով, այլ որպէս զմի յաշխարհ ականաց ընկալցին վանատւութեամբ եւ այլ կարգօք»: Տե´ս և Եղիշե, էջ 43. «Ձեռն եղբոր հարազատի ի մերձաւոր իւր լիցի, որ անցեալ իցէ ըստ ուխտ պատուիրանին Աստուծոյ. եւ մի խնայեսցէ հայր յորդի, եւ մի´ ակն առնուցու որդի հօր պատուոյն: Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ, եւ ծառայ դարձցի ընդդէմ տեառն իւրոյ: Օրէնք աստուածային կացցեն թագաւոր ի վերայ ամենայնի, եւ ի ամէն օրինաց ընկալցին յանցաւորք զպատիժս դատապարտութեան» (Հմմտ. Եղիշեի Վարդանանց պատմությունը, էջ 55)):

 

Դ. Ինչպես որ բուն ձեռնադրությունն սկսվում է դպրության կամ կիսասարկավագության աստիճանից, այնպես էլ աշխարհից հեռու մնալն, ըստ ամենայնի` Աստծուն նվիրվելը սկսվում է այդ աստիճանից, քանզի բուն այդ ձեռնադրությամբ են նրանք սկսում Սուրբ Հոգու սպառազեն պաշտոնյան դառնալ: «Եթէ ոք գայ առ իս, եւ ոչ ատեայ զհայր եւ զմայր եւ զորդիս եւ զեղբայրս եւ զքորս, նաեւ զանձն եւս իւր, ոչ կարէ իմ աշակերտ լինել: Զի որ ոչ բառնայ զխաչ իւր եւ գայ զկնի իմ, ոչ կարէ իմ աշակերտ լինել» (Ղուկ. 14:26-35): Հետևաբար յուրաքանչյուր ոք ինչպես մտնում է այդ սուրբ կոչման մեջ, այնպես էլ պետք է միմիայն իր կոչումը ճանաչի և ոչ թե նորից հետ նայի աշխարհի վրա:

Բայց Քրիստոսի խոսքերից տեսնում ենք, որ կա մի կատարյալ առաքինություն ևս, այն է` ամեն ինչ թողնել միմիայն Աստծո արքայությունը տարածելու համար (Մատթ. 19:11-12, Ա Կոր. 7:1, 8, 25, Հաճ. Ժ 246, 264, Ընդհ., էջ 24-25, 29, 35): Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին պետք է այդ բարձր առաքինության իրականացումն ևս ունենա կանոնական հաստատուն կարգով, ուստիև բացի ամուսնացած հոգևորականներից, ունի նաև կուսակրոն հոգևորականներ, որոնք իրենց սակավության պատճառով կարող են կանչվել ժողովուրդի միջից: Այս առաքինական կոչումը թե´ այրիացած հոգևորականների ու թե´ ամուրիների համար էլ հնարավոր է և կարգ է (Ա Կոր. 7:32-34, Ա Տիմ. 4:3, Հայտն. 14:4, Ընդհանր., էջ 91): Կուսակրոն հոգևորականները, որոնց բարձր աստիճաններն են` վարդապետ ու եպիսկոպոս և լրումն է Կաթողիկոսը, ընծայվում են Քրիստոսին իբրև այն կոչվածները, որ թողնում են ամեն ինչ, կրում են Քրիստոսի խաչն և առանց հետ նայելու` ժողովուրդի անձնվեր հովիվներ ու քարոզիչներ և Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու շահերի անձնազոհ հոգացողներ են դառնում (Ա Կոր. 7:32): Այդ մասին ամփոփ բացատրություն է տալիս և ԵզնիկըՆաեւ կուսանք Սուրբ Եկեղեցւոյ ոչ վասն այնորիկ պահեն զկուսութիւն, եթէ զամուսնութիւնն` տուեալ յԱստուծոյ, պղծութիւն համարիցին, որպէս Մարկիոն եւ Մանի եւ Մծղնեայքն, զի եթէ յայն միտս ուխտաւորք էին, ապա եւ կուսութիւնն չէր խանգարի կուսութեան, այլ վասն առաւել սիրելոյ զԱստուած, ի բարւոք արարածոց Աստուծոյ հրաժարեն, զի նմանեալք հրեշտակաց Աստուծոյ, ուր ո´չ արուն է եւ ո´չ էգ, ցուցանիցեն եւ յերկրի զնոյն առաքինութիւն. ըստ այնմ, թէ են ներքինիք, որ զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն արքայութեանն երկնից, լինել ի յարութեանն հաւասար հրեշտակաց: Եւ առաքեալն` այր հաւատարիմ, կոչէ զկուսանսն, բայց հայեցեալ ի բնութիւնն` չիշխէ յայտ հրաման տալ, այլ ակնարկելով յօժարեցուցանէ. որպէս եւ Տէրն ակնարկէ, այլ ոչ ստիպէ» (Հմմտ. Եզնիկ Կողբացի, «Եղծ աղանդոց» (Աղանդների հերքումը), թրգմ. ներած. և ծանոթ. Ա. Ա. Աբրահամյանի, Եր., 1970, էջ 175): Տե´ս և Եղիշե, էջ 40, 149): Այսպիսի կարգի հիմքը, սկսվելով առաքյալներից, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում ևս որոշ կանոնավորություն ստացավ սուրբ Գրիգոր Լուսավորչով, որ քահանայապետական աթոռ բարձրանալիս թողեց իր կնոջ Մարիամին` վանքում կրոնավորվելու, իսկ իր որդիներից սուրբ Արիստակեսն աբեղայացավ, մինչդեռ սուրբ Վրթանեսն ամուսնացավ, քահանայացավ և հետո կաթողիկոսության հասնելով` հոր օրինակին հետևեց: Այդպես արին առհասարակ Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիներն ու թոռները (տե´ս մանավանդ Փավստոս Բյուզ., IV, ԺԴ Եղիշե, էջ 35, Փարպ., էջ 34, 72-74, Նիկ. ժողովի Գ. կանոն և այլն (Կանոնագիրք, Ա, էջ 118-119)):

Ակնհայտնի է, որ ոչ թե լոկ կուսակրոնությունն է ինքնըստինքյան բարձր առաքինություն, այլ այդ անձնազոհության բարձր աստիճանն է, որով պետք է փայլի Աստծո արքայության կատարելապես նվիրվածը (Ա Տիմ. 4:1-3, Գանգրայի ժողովի Ժ կանոնը (Կանոնագիրք, Ա, էջ 195)): Եվ այդ կոչման մշտական հարացույցն է կուսակրոնների միաբանությունը, որոնք, անձնական ոչինչ չունենալով և աշխարհային ամեն հոգսերից հեռանալով, հոգով, սրտով միանում են, մի ընտանիք կազմում և նվիրվում ժողովուրդին քարոզելու, ամեն կերպ օգնելու, աղքատներին ու խեղերին խնամելու և պատսպարելու վսեմ գործինԵթէ ոք ի հաւատս կացցէ կամ միայնակեաց կամի լինել, զկուսութիւն եւ զսրբութիւն պահել, եւ կենացն յաւիտենից հասանել, ընդ ընկերս կացցէ` ընդ ճշմարիտս եւ ընդ միաբանակեացս եւ ի միմեանց շահեսցին սիրովն Քրիստոսի...: Մի´ լիցի սովորութիւն միայն լինել. ապա զիա՞րդ կարեն գիտել զկարգ եւ զպայման հաւատոց, եւ կամ զյանցուածս ի միտ առնուլ, կամ զհնազանդութիւնն կամ զսէր առ ընկերս ցուցանել. այնպէս եւ գազանք են ի լերինս, եթէ ոք ոչ մերձենայ, խաղաղ կան: Այլ հաւատք կատարեալ եւ ճշմարիտ այս են. հնազանդութիւն առ ընկերս եւ սէր առ միմեանս եւ առ Քրիստոս` ի մէջ մարդկան լինել օրինակ եւ տիպ նախանկար, զի շահեալ ի միմեանց եւ նախանձեալ ի գործս բարիս, զի տեսցեն եւ փառաւորեսցեն զԱստուած յերկինսուրբ եւ զանարգ եւ զգայթոտ եղբայրն ի ձեռն հոգեւոր խրատու ի պատուիրանս հանել բերան Աստուծոյ կոչեսցի» - կան. Շահապ. սուրբ ժողովի (Կանոնագիրք, Ա, էջ 450-451 (ԺԵ)): Եվ որ կուսակրոնությունն ոչ թե ինքնըստինքյան է առաքինություն, այլ միայն բարձր անձնազոհության և անձնվիրության միջոց է, այդ հայտնապես երևում է, երբ տեսնում ենք, թե ինչպես է սուրբ Ներսեսը 2040-ի  հասցնում վանքերի թիվը հիշյալ նպատակով, և կամ եղած ճգնավորական վանքերն անգամ իրենց նպատակը քարոզելն էին ճանաչում (սուրբ Սահակը, հիշելով վանական միաբանությունների ընդհանրականությունն, ասում է. «Զոր եւ երիցս երանեալ` քաջ նահատակն Քրիստոսի սուրբն Գրիգորիոս կատարեաց, շնորհելով նմա ի Հոգւոյն Սրբոյ զօգուտ մատակարարութեանն, քանզի բազմապատիկ օգտի է առիթ եւ սիւն հաստատութեան ճշմարտութեան ուխտի մանկանց, զի փայփայէ եւ թեւակոխէ ի հրահանգս հոգեւորս... վասն այսորիկ իսկ եւ դիպողագոյն եդաւ անուն վանք, զի անտրտում որոց պիտոյ իցէ տայցեն, եւ ոչ միայն առ օտարս է օգուտ նոցա յաճախեալ, այլ առաւել եւս գեղջն, որում շինեցաւ, քանզի օրէն է նոցա սփոփել զհիւանդս եւ մխիթարել զսգաւորս: Եւ որք ամուսնութեան են պարապեալ քահանայք, բազում անգամ պատաղին ի մշակութիւն եւ կանանց իւրեանց հնարին լինել հաճոյ, որպէս առաքելականն իսկ ճշմարտէ բան» (Կանոնագիրք, Ա, էջ 393-394 (ԼԸ)):

 

Ե. Չնայելով որ հոգևորականներն աստիճանների տարբերություններ ունեն, այնով հանդերձ բոլորի պարտքն էլ ընդհանրապես մեկ է: Հոգևորականի պարտքը տարածվում է նրա վարքի, գործի ու խոսքի վրա:

Վարքով հոգևորականը պետք է իր կենցաղավարության ընթացքում թե´ անձնապես, թե´ ընտանիքի, թե´ եկեղեցու և թե´ ժողովուրդի մեջ հավատարմությամբ հետևի Աստծո պատվիրաններին: Նա միշտ պետք է գիտենա, որ եթե իր վարքով հանցավորվում է և չի զղջում, ապաշխարում ու խոստովանում իր մեղքերը նախքան իր պաշտոնը կատարելը (տե´ս և Բուն Մաշտոց, էջ 341. «Եւ արդ ո՞վ ոք միգապատեալ բազում յանցանօք եւ խաւարազգեաց վարիւք անօրէնութեան զայլս լուսաւորել ժպրհիցի, եւ կամ հիւանդացեալն մեղօք զայլս առողջացուցանել մարթասցէ, մեծ յանդգնութիւն է ծանրացելոցն ի մեղաց ժտել զայլս թեթեւացուցանել, եւ անկելոցն ի մտաց` ախորժել այլոցն լինելով վարդապետ, եւ կամ զիա՞րդ մոլեալն անօրէնութեամբ առաջնորդել այլոց բաւիցէ» - սուրբ Հովհ. Մանդակունի, էջ 79), կրկին և եռակի մեղք է գործում, նախ` իր հոգու նկատմամբ, երկրորդ` աղոթքով անլսելի դառնալով Աստծուն, և երրորդ` գայթակղեցնելով իր ժողովրդականներին: Ըստ որում և Քրիստոս ասում է. «Եւ որ ոք գայթակղեցուցէ զմի ի փոքրկանցս յայսցանէ յիս հաւատացելոց, լաւ է նմա եթէ կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա եւ ընկղմիցի ի խորս ծովու» (Մատթ. 18:6), այսինքն` ավելի լավ է, որ այդպիսին իր վզից կապի երկանաքարը և գլորվի ծովի հատակը, որպեսզի անհետ լինի և իր մարմնով անգամ գայթակղություն չպատճառի: Իսկ գայթակղեցնելն այնքան ծանր հանցանք է, որ Պողոս առաքյալն ասում է. «Վասնորոյ եթէ կերակուր գայթակղեցուցանէ զեղբայրն իմ, ոչ կերայց միս յաւիտեան, զի մի զեղբայրն իմ գայթակղեցուցից» (Ա Կոր. 8:13, տե´ս և Շնորհ., Ընդհ., էջ 78-79): Հետևաբար հոգևորականը պետք է նախ հեռու պահի ինքն իրեն այն բոլոր շեղումներից, որոնք նույնիսկ աշխարհականների մեջ դատապարտելի է, և ավելի ևս պետք է առաքինության ձգտի: «Եւ զոր բանիւք ոք ուսուցանէ, նախ գործովք պարտ է կատարել. զի չէ ինչ շահաւոր բան առանց գործոց. «Սկսաւ Յիսուս առնել, եւ ապա ուսուցանել». եւ «Որ արասցէ ինքն եւ ուսուսցէ այլոց, նա մեծ կոչեսցի յարքայութեանն երկնից»: Ի միտ առ, զի ճրագունք ի լուցելոյ ճրագէ լուսաւորին եւ ոչ ի խաւարելոցն. եւ ժողովուրդք ի ձեռն սրբոցն սրբին եւ ոչ յաղտեղացելոցն մեղօք. զի քահանայն իբրեւ ակն ի մարմնի է ի մէջ ժողովրդոց», - գրում է ոսկեգրիչ սուրբ հայրը (Ճառք, 82, Մատթ. 5:19, Գործք 1:1, Մատթ. 6:23):

Գործով էլ հոգևորականը պետք է նախ իր պաշտոնը ճշմարտությամբ և սրտավորությամբ կատարի եկեղեցում` ըստ սահմանված կարգերին, և երկրորդ` իբրև հովիվ սիրով և անձնազոհությամբ աշխատի իր հոտի ու նրա յուրաքանչյուր անդամի համար: Հոգևորականն, իր պաշտոնը կատարելով, պետք է անշահասեր լինի, այսինքն` երբեք շնորհագործության համար վարձ չպահանջի, քանի որ շնորհը ձրի է` ըստ այնմ, թե` «ձրի առիք եւ ձրի տուէք»: Իսկ ժողովուրդը նվերներով է ընդունում այդ շնորհները, այսինքն` ըստ կարողության մաս հանելով Աստծո պաշտոնյայի և եկեղեցու պահպանության համար, քանզի «Ո ո՞ք երբէք զինուորիցի իւրովք թոշակօք. ո՞ ոք տնկիցէ այգի, եւ ի պտղոյ նորա ոչ ուտիցէ, ո՞ ոք արածիցէ խաշն եւ ի կաթանէ խաշինն ոչ ուտիցէ», - ասում է Պողոս առաքյալը (Ա Կոր. 9:7, Հմմտ. Ընդհ., էջ 68, 81, սուրբ Սահակա կանոնները (Կանոնագիրք, Ա, էջ 363-421) և այլն):

Երկրորդ` հոգևորականը պետք է իբրև քաջ հովիվ գնա իր մոլորյալ ու կորչող ոչխարի հետևից, նրա համար հոգա, ամեն կերպ միջոցներ գտնելով, և երբեք իր վերջին ոչխարն անգամ գայլերին չմատնի: Նա պարտավոր է վարձկան չլինել, այլ` անձնազոհ քաջ հովիվ, անուն-անուն ճանաչել իր ամեն մի հավատացյալին ու իր ձայնը քաղցր ու ծանոթ դարձնել նրան դեպի ճշմարտության ճանապարհը, դեպի փրկություն, ինչպես որոշում է Քրիստոս (տե´ս, զորօրինակ, Փարպ., էջ 59-61, Խորենացի. III, ԿԳ. Ընդհանր., էջ 88: Տե´ս և մանրամասնորեն Եզեկ., ԼԴ և Հովհ., Ժ):

Երրորդ` հոգևորականը պետք է ամեն կերպ յուրաքանչյուր անհատի և ընտանիքի բարեկամն ու մտերիմը լինի` նրան կարեկից, խորհրդատու, օգնական, խրատող և նեղ օրում նեցուկ դառնալու համար: Նա չպետք է միմիայն պաշտոն կատարելու համար հանդիպի իր ծխերը, այլ նաև նրանց կարեկցելու, մխիթարելու և կարևոր օգնություն հասցնելու համար. ըստ որում, իր հոտի կարողների միջոցներով պետք է օժանդակի անկարողներին ամենայն ժամանակ: «Պարտ է մեզ, որ կարողս եմք` զտկարութիւն տկարացն բառնալ, եւ մի´ անձանց եւ եթ հաճոյ լինել. Այլ իւրաքանչիւր ոք ի մէնջ ընկերին հաճոյ լիցի ի բարիս վասն շինութեան», - ասում է սուրբ առաքյալը (Հռովմ. 15:1-2: «Եւ արդ ամենայն, որ ունի զվերակացութիւն քահանայութեան, պարտ է ջան մեծ եւ վաստակ անհանգիստ ցուցանել վասն հօտին փրկութեան»: Հովհ. Մանդ., էջ 81): Իսկ այս իրագործողը, իրագործելու ճանապարհ ցույց տվող և հարմարեցնողը, պատշաճողն քահանան է:

Վերջապես խոսքով` հոգևորականը պետք է ամեն ժամանակ Աստծո բարբառը վայելչապես լսելի անի իր հոտի ականջում (տե´ս և Ընդհանր., էջ 45), նրա լեզուն պետք է քարոզության ծառայի թե´ եկեղեցում, թե´ տանը, թե´ ամեն մի հանդիպած տեղում` առիթ առնելով ճշմարտության ձայնը անխափան հնչեցնելու ամենքի սրտում, որպեսզի միշտ զգուշանան: Ըստ որում և երբեք չպետք է տատանվի` հանդիմանելու առանձին, խրատելու և կարևոր դեպքում նույնիսկ շատերի ներկայությամբ, եթե այդ է պահանջում անհատի առանձնահատկությունը: «Այլ զգոյշ կաց, միշտ բողոքէ´, աղաղակէ անդադար, քննէ եւ լսէ ամէն ինչ, փութով կանչէ ու խրատէ ոմա´նց սաստով, ոմա´նց աղերսանքով, ոմա´նց փափագելի արքայութեան երանութեամբ յորդորէ´, ոմա´նց հիացրու հանդերձեալ չար տանջանքների երկիւղով, ոմա´նց խրատէ եկեղեցու մէջ, որ ուրիշները սովորեն, ոմա´նց առանձին յանդիմանէ, որ չլինի, թէ ուրիշներից ամաչելով` ուրանան իւրեանց մեղքերը եւ ձեր յանդիմանութիւնն արհամարհեն» (Մանդակունի, էջ 83-84): Ահա այսպիսի հրահանգ է տալիս սուրբ հայրապետը և հետո ասում է. «Դէտ ես, աղաղակեա´, տեսուչ ես, յանձանձեա´, առաջնորդ ես, յեկեղեցի հետեւեա´. հովիւ ես, յուղիղ հաւատս արածեա´, բժիշկ ես, զվէրս մեղացն բժշկեա´, նաւապետ ես, զնաւ´դ զերծո´ յալէկոծութենէ: Աւանդ ստացար եւ համար ունիս տալ, թէ եւ սուղ ինչ հեղգայեցես» (Մանդակունի, էջ 88):

Բնականաբար հոգևորականը ոչ միայն իբրև Աստծո պաշտոնյա պետք է իր դիրքին համեմատ պարտքը կատարի, ոչ միայն իբրև ժողովուրդի բարօրության հոգացողությունն ստանձնող պետք է պարզերես դառնա իր պատասխանատվության մեջ, այլև ձեռնադրությամբ անհամար քանքարներ ստանալով` պետք է հարյուրապատիկ և հազարապատիկ արդյունավորի` ըստ Տիրոջ առակի (Մատթ. 25:15-28): Նախ պետք է իմանա, որ եթե հավատացյալը պարտական է հարյուր դահեկան, ինքը պարտական է բյուր քանքար Աստծո առաջ (Մատթ. 18:24), ինքը պետք է արդյունավորի և Աստծոն վճարի, որ ժողովուրդն էլ արդյունավորելով իրենց վճարի իբրև Աստծո պաշտոնյայի: Իսկ դրա համար հոգևորականը պետք է իր կարգակիցների մեջ ևս ճշմարիտ և օրինակելի եղբայր լինի և ոչ թե կռվարար, հայհոյող, անհաշտ ու հափշտակողուրբ Ներսես Շնորհալին, հիշելով, որ քահանաները, մանավանդ տգետ ու վայրենաբարո պաշտոնյաները, շահասիրությամբ ու փառասիրությամբ, նախանձով և ատելությամբ ամեն տեսակ խռովություններ են հարուցում իրար մեջ, գրում է. «Իսկ եթէ ոք ի քահանայից խռովելոց ընդ ընկերի սիրէ զատելութիւն, քան զսէր եւ զխռովութիւն, քան զխաղաղութիւն, եւ ո´չ լուծանէ զտրտմութեան պատճառն, եւ հաշտեսցի ընդ եղբօր իւրում` ի խոնարհել միոյն եւ ի խնդրել զհաշտութիւն, մի իշխեսցէ քահանայագործութիւն առնել, որչափ զդեւն տրտմութեան եւ բարկութեան յինքն բնակեցուցանէ. զի զի՞նչ հաղորդութիւն է լուսոյ ընդ խաւարի, - ասէ առաքեալն, - կամ Քրիստոսի ընդ Բելիարայ: Քանզի գրեալ է, թէ` որպէս որ զսէրն ունի, զԱստուած յինքն բնակեցուցանէ, զի Աստուած սէր է. նոյնպէս` եւ որ զատելութիւն ունիցի, զսատանայ յանձն իւր դարմանէ, զի կերակուր է նորա ատելութիւնն, որպէս եւ ամենայն գործք չարեաց» (Հմմտ. Թուղթ ընդհանրական, աշխարհ, թրգմ. «Գանձասար», 1991, էջ 89)): Պարտաճանաչություն առ Աստված, առ ընկեր, առ հոտն և առ սեփական անձը` ահա´ հոգևորականի կյանքի նշանաբանը: Լինել մի կողմից Աստծո որդի, սրբության պաշտոնյա ու եկեղեցու զինվոր, և մյուս կողմից` ճշմարիտ հովիվ իր հոտի, սրտագորով հայր և ամեն մի հայի եղբայր ահա հոգևորականի կոչումըԵթէ հիմն եւ գլուխն հաստատուն, ապա եւ միջինքն ոչ ի վերայ աւազոյ. կառավար արբեալ` կառքն ընդ որպէս ընթանան. նաւավար ի քուն` նաւն երագ ծովածուփ. խաշնարած յոյլ, խաշինքն զվնասու խոտ ճարակեն: Զի եթէ առաջնորդք օրինացն հաստատուն եւ ճշմարիտ, ապա եւ կարգեալքն ընդ նոքօք առաւելապէս ոչ սայթաքեալք, եւ եթէ խարիսխն` անշարժ, շինուածն` ոչ գետավէժ, եթէ հովիւն` քաջ, հօտն` ոչ գազանակուր, եթէ դէտն` զգոյշ եւ արթուն, ապա զօրքն` ի խաղաղութեան եւ ոչ խողխողեալ: Քանզի դուք` վարդապետք, դէտք ժողովրդեանն, օրինակ էք աշխարհի, ընդ ձեզ հայեցեալ` զուսումն ձեր յառաջ բերեն, ապա զգոյշ» - Շահապիվանի սուրբ ժողով Ե. դարի սուրբ հայրերի (Կանոնագիրք, Ա, էջ 458-459)):

 

Զ. Բացի վերոհիշյալ երեք ընդհանուր պարտավորություններից յուրաքանչյուր հոգևորական, ըստ իր աստիճանի, ունի նաև մասնավոր իշխանություն, որից բխում են մասնավոր պարտականություններ և իրավունքներ, քանզի պարտավորությունը միևնույն ժամանակ և իրավասություն է: Ընդհանրական Հայրապետի իշխանությունն է.

1. Որ ինքն է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաքելահաջորդ միակ ընդհանրական գլուխը և հոգևոր տերը, որպես և հիշվում է ամեն եկեղեցում:

2. Պահպանել Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ավանդական անարատությունը թե´ դավանական, թե´ բարոյական, թե´ կանոնական մասում և թե´ իր ծայրագույն իշխանությունն ու հեղինակությունը:

3. Եպիսկոպոսներ ձեռնադրել և հոգևորականների ձեռնադրությունը կարգադրել` ըստ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետության:

4. Մյուռոն օրհնել ու բաշխել:

5. Եպիսկոպոսներին ու վարդապետներին խրատել ու պատժել, նույնպես և պարգևատրել կամ ավագություն տալ:

6. Ուխտազանց եկեղեցականներին կարգալույծ անել ու բանադրել, նույնպես և համայնքներ նզովել կամ ներել:

7. Ազգային եկեղեցական ընդհանուր ժողով գումարել:

8. Կարևոր դեպքերում եկեղեցականներին տեղափոխել:

9. Վանքերում կարգադրություններ անել:

10. Փոքր կաթողիկոսներին ու պատրիարքներին իրավատրական, խրատական, զգուշացուցիչ, գոհության, հորդորանքների, օրհնության և պարգևատրական կոնդակներ ուղարկել, նույնպես և առհասարակ բոլոր հոտին:

11. Նոր վիճակներ հաստատել, նույնպես և առաջնորդներ նշանակել և արձակել:

12. Վերադիտել ու հսկել բոլոր եպիսկոպոսներին և առհասարակ հոգևորականներին Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու հավատարմության ու նախանձախնդրության նկատմամբ:

13. Ծանրակշիռ բողոքների համար տնօրինություններ անել:

14. Եկեղեցական կարգերի ու կարգապահության հրահանգներ տալ:

15. Ժողովներ ու խորհուրդներ կազմել արտակարգ հարցերի համար:

16. Այցելել վիճակները կամ նվիրակներ ու պատվիրակներ ուղարկել դիտելու կամ քննելու և կամ վարդապետ քարոզիչներ առաքել բոլոր վիճակները:

17. Բաշխումներ, ներումներ, առանձնաշնորհումներ, նույնպես և օրինական բացառություններ անել` ըստ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ոգուն:

18.Վարդապետական (դավանական, բարոյական, պաշտական և այլ) վճիռներ տալ:

19. Կրոնական գրքեր թույլատրել, արգելել կամ հերքել ու ջատագովել տալ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ճշմարտության ձայնը հնչեցնելու համար:

20. Դպրոցական ու կրոնուսուցչական վերահսկողություն, տնօրինություններ ու կարևոր կանոնական կարգադրություններ անել:

21. Վերադիտել Հայոց ժողովուրդի կրոնական-բարոյական կյանքը և միջոցներ ձեռք առնել ճշմարիտ կենցաղի զարգացման համար ընդհանրապես` մասնավոր տեղեկություններ ևս ստանալով իբրև բարձրագույն խոստովանահայր:

22. Վարձատրել ու քաջալերել Հայոց Եկեղեցու ջատագովներին ու հավատարիմներին ու հետ մղել վնասակարներին:

23. Քարոզչական առաքելություն հաստատել հեթանոսների մեջ:

24. Արտաքին ու ներքին հաղորդակցություն ունենալ կառավարությունների, եկեղեցիների ու հաստատությունների հետ Հայոց Եկեղեցու շահերի պաշտպանության ու բարեզարդության համար:

25. Պսակի օրինազանցությունների ու լուծարումների վճիռներ տալ Սուրբ Սինոդի և Կ. Պոլսի կրոնական ժողովի քննություններից հետո:

26. Վճիռներ տալ այն խնդիրների վրա, որոնք որևիցե կերպով կապ ունեն Հայոց Եկեղեցու դավանական, բարոյական, պաշտական և մանավանդ յոթը սուրբ խորհուրդների ու կանոնների հետ:

27. Պայծառացնել Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու միությունը, սրբությունը, ընդհանրականությունն և առաքելականությունը հայտարարող բոլոր նշանները:

28. Բարձր պահել հավատքի նշանակությունը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու համար ամեն մի անցական պատվից ու հարստությունից:

 

Վիճակավոր առաջնորդի իշխանությունն է.

1. Հիշվել իր վիճակի եկեղեցում վեհափառ Հայրապետի անունից հետո և աթոռ նստել և գավազան բռնել իբրև վիճակի տեր:

2. Ձեռնադրել իր վիճակի համար քահանաներ ու հոգևոր սպասավորներ` ըստ Հայոց Եկեղեցու կանոնների ու կարգերի:

3. Կանոնավորել իր վիճակի եկեղեցիների դրությունը:

4. Պահպանել ու պահել տալ Աստծո պատվիրաններն ու Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետությունը, կարգերը, պաշտամունքն ու կանոնները:

5. Այցելու լինել ժողովուրդի կարոտ և անօգնականներին, օգնել հայրաբար, տարվա ընթացքում բազմիցս շրջել վիճակը, հովվել, խնամել ու խրատել իր հոտը` ըստ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետության ու կանոնների:

6. Հնազանդություն արծարծել ժողովուրդի մեջ իր Հայրապետի ներքո և հավատարմություն առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:

7. Պատարագ մատուցել և աղոթել ժողովուրդի համար:

8. Օրհնել ու սրբել «ձեռամբ և բութիւ» այն ամենն, ինչ որ հակառակ չէ Հայոց Սուրբ Եկեղեցու վարդապետությանԵպիսկոպոսունք մի իշխեսցեն քորեպիսկոպոսաց կամ քահանայից սեղան տալ, հաստատել կամ եկեղեցի օրհնել» - Կանոն Սիոնի (Կանոնագիրք, Բ, էջ 7 (Դ))):

9. Դիտել, վիճակավոր խոստովանահայրությամբ տեղեկանալ, խրատել, պատժել օրինազանցներին և ուխտազանցներին:

10. Պահպանել ժողովուրդը գայթակղեցուցիչներից և օձտողներից, հատել մեռյալ անդամներին և քաջալերել հավատարիմ մշակներին:

11. Ժողովուրդի նվիրաբերությունը և եկեղեցական արդյունքները սրբությամբ ծառայեցնել Հայոց Եկեղեցու համար` հսկելով և վիճակի վանքերի բարեկարգության վրա:

12. Խստիվ հսկել վիճակի ժողովրդական կյանքի ու կրոնական կրթության վրա թե´ դպրոցներում և թե´ ամենուրեք` զարգացնելով եկեղեցասիրությունը և առաջ վարելով ճշմարտությունն ու լույսը:

 

Վերջապես քահանայի իշխանությունն է.

1. Հավատով ու երկյուղածությամբ կատարել իր եկեղեցական պաշտոնը, բնավ չշեղվելով Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու կարգերից:

2. Գործով կատարել և խոսքով ուսուցանել սուրբ Ավետարանն ու Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու վարդապետությունը:

3. Կապել և արձակել իբրև խոստովանահայր` ձգտելով ամենքին ուղղել դեպի ճշմարտություն:

4. Բժշկել հոգեպես ու մարմնապես քարոզությամբ և օրհնությամբ:

5. Մկրտել ու դրոշմել և պսակել:

6. Սուրբ Պատարագը մատուցել հավատքով, երկյուղածությամբ և ջերմեռանդությամբ:

7. Այցելու և օգնական հայր լինել յուրաքանչյուր ծխականի և օրինակով ու քարոզով մխիթարել և առաջնորդել ամենքին թե´ ընտանիքներում, թե´ դուրսը, թե´ հաստատությունների մեջ և թե´ հիվանդանոցներում ու բանտում:

 

Ահա սրանք են (Հովհաննէս սարկավագ վարդապետը ամփոփում է հոգևորականի պաշտոնները հետևյալ անունների մեջ. «Բժիշկ, հրեշտակ, քաւիչ, վարդապետ, դաստիարակ, հայր դայեակ, աւետարանիչ, հովիւ, զօրագլուխ, մարզիչ, լոյս, քարոզ, տնկագործ մշակ, գլուխ յետ գլխոյն, առաջնորդ, տեսուչ, հրաւիրակ, լուանող, որսորդ, տաճարապետ, հարսնածու, հաւատարիմ ծառայ, պահապան, գանձակալ, կերակրիչ, մատռուակ, զգեցուցանող, նուիրիչ, միջնորդ դատաւոր, հազարապետ, տնօրէն, հանդիսապետ, որոշիչ, կամք Աստուծոյ, պաշտօնեայ, դէտ, ժառանգաւոր, կատարիչ, խորհրդածու եւ այլ, մի անգամ որովք ի ձեռն որոց խորհուրդ աստուածպաշտութեանն լնու եւ եկեղեցի Քրիստոսի գեղեցկապէս եւ քաջօրէն կարգօք մատակարարի եւ ամբողջ մնայ» (տե´ս Յովհաննես Սարկաւագ, Յաղագս քահանայութեան, էջ 23)) ընդհանրական Հայրապետի, վիճակավոր եպիսկոպոսի և ծխատեր քահանայի իրավասությունները, որոնք բոլորն էլ ի միասին ամփոփվում են առաջինի իշխանության մեջ և ճյուղավորվում են մյուսների վրա: Եվ ինչպես որ եպիսկոպոսական աստիճանի վրա կաթողիկոսական կոնդակով կամ թե վարդապետական ձեռնադրությամբ կարող են ավելանալ ուրիշ այլևայլ իրավասություններ, ըստ ավագության կամ ուսման, նույնպես և քահանայի (կամ աբեղայի) իշխանության վրա կարող են ձեռնադրությամբ կամ հայրապետական շնորհաբաշխությամբ բարեզարդվել ավագության, մասնավոր իրավունքների և ուսումնական շնորհների աստիճաններ (քահանային` մագիստրոսություն, իսկ աբեղային` վարդապետություն), յուրաքանչյուր աստիճան իր գերադաս կարգի սպասավորն է, ինչպես և բոլորին սպասավոր է քահանայագործական պաշտոնի համար սարկավագը, որ իր մեջ ամփոփում է ստորին սպասավորների աստիճանն ու գլխավորությունը և թերևս ունի իր ավագությունը սարկավագապետության մեջ, որպիսիք էին սուրբ Սահակի Երեմիա և սուրբ Ներսիսի Մուրիկ սարկավագապետները:

 

Է. Ձեռնադրության սուրբ խորհուրդն անկրկնելի է (Եբր. 6:2) և կատարվում է Կաթողիկոսի ու եպիսկոպոսի ձեռքով ու սուրբ մյուռոնով կամ թե օրհնությամբ` ըստ յուրաքանչյուր աստիճանի կարգին: Քանի որ Կաթողիկոսից է իջնում ձեռնադրության շնորհաբաշխությունը բոլոր եկեղեցականների վրա, բնականաբար ամեն աստիճան կարող է ստացվել նրա ձեռքով, սակայն սովորաբար Կաթողիկոսը ձեռնադրում է միմիայն եպիսկոպոսներին և կարևոր դեպքում (վարդապետ եպիսկոպոսի չեղած ժամանակ) նաև ծայրագույն վարդապետությունն ինքն է տալիս: Մինչդեռ եպիսկոպոսը շնորհաբաշխության սկզբունքի համեմատ կարող է ձեռնադրել միմիայն նրանց, որոնց տալիք աստիճաններն ունի և ինքն լրիվ, այսինքն` քահանայից սկսած դեպի ցածր բոլոր սպասավորներին: Ուրեմն և նա չի կարող ուսման աստիճան տալ վարդապետին, եթե ինքն ևս ծայրագունություն չունի, այլ միայն պարզ եպիսկոպոս է (տե´ս Մաշտոց ձեռն.):

Վախճանված քահանաների թաղման կարգի մեջ կատարվում է նաև նրանց ճակատի և աջ ձեռքի օծումն սուրբ մյուռոնով, որպեսզի աստվածային զորությամբ զինվեն նրանց ոսկորները և հանդերձյալ կյանքում նրանք հաղթական գահը բազմեն ճշմարիտ հովիվների շարքում իբրև սրբության պաշտոնյաներ և Քրիստոսի պաշտոնակիցք (տե´ս Քահանայաթաղ, էջ 69, 70): Սուրբ Գրիգոր Տաթևացին ևս ասում է. «Օծանեմք զնոսա որպէս զըմբիշս, զի ի հանդէս մտցէ ընդ այս չարութեան օդոյդ» (Գիրք Հարցմանց, էջ 672), և այդ օծումը լրումն է առաջին օծման և նշանակում է, թե նույն օծության մեջ լինելով ճգնել է, խաչակից է եղել Քրիստոսին և կատարման վախճան ընդունել, կամ ուրիշ խոսքով` քահանա էր և քահանա մնում է, և Սուրբ Հոգին միշտ նրա հետ է: Թաղման ամբողջ կարգն էլ այս սկզբունքի արտահայտությունն է պարունակում, ըստ որում և նրա աղոթքների մեջ ամփոփ խնդրվում է Աստծուց` ի կատար ածել այն ամենը, ինչը կազմում է քահանայի պաշտոնի ու ճշմարիտ գործունեության էությունն իր եկեղեցու բարգավաճման ու բարեզարդության համար:

 

Ձեռնադրության կանոնների դեմ մեղանչելուց են առաջ գալիս եկեղեցական կարգերի և հոգևորական դասի զեղծվելն ու անկումը, ինչպես պատահել է նույնիսկ Ե. դարի վերջում: Անկման մեջ բնական է եղել խելահաս հայրերի ողբն ու հառաչանքը: Մի այդպիսի վհատեցուցիչ պատկեր է ներկայացնում մեզ Հովհաննես սարկավագ վարդապետը` նկարագրելով այն վիճակը, որ գումարումն է կեղծ փարիսեցիության և սադուկեցիության, այսինքն` մի ժամանակ, երբ հոգևորականը ոչ թե արտաքուստ բարեպաշտ է և ներքուստ մեղավոր հանդիսանում, այլ ուղղակի ներքուստ և արտաքուստ այլանդակված է ի վնաս անձին, եկեղեցուն և ժողովուրդին: Առաջ բերենք մի կտոր.

«Զի թէ ի մարմնական իրս եւ յարտաքին ատեանս հրաժարեցուցեալ է առնուլ կաշառս, քանիօն եւս յեկեղեցւոյ եւ մանաւանդ ի ժառանգաւորաց պարտ իցէ խոտեալ եւ յամպարշտութեան գրիլ մասին: Յոթոր խրատ տայր մեծի մարգարէին Մովսիսի կացուցանել ի վերայ ժողովրդեանն արս իմաստունս արդարակորովս, որ ատիցեն զկաշառս` գիտելով, զի կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեացս. եւ սոքա ի տան Աստուծոյ կանգնեն կուռս, որպէս զի մի Աստուծոյ, այլ մամոնայի ծառայելոց են, եւ զպարգեւսն Աստուծոյ, որում ոչ եւս են արժանի, ընչիւք ստասցեն եւ ստացուսցեն, ընդ որում եւ կորնչելոց են: Անխրատ եւ ռամիկ ժողովրդեանն` ոստիկանաց արդարոց եւ կաշառատեցաց իրաւունք եւ պէտք եղեն կալ ի գլուխ եւ դատել, իսկ ի վերայ մանկանց եւ եղբարց Քրիստոսի` հատուք ոմանք եւ գողակիցք գողոց, զի զայլսն լուռ եղէց: Կացին առ մեղք շահապք եւ պարետք, խուզակք եւ հետաքրքիրք պատճառաց եւ իրաց դանգաշահութեան, ծառայք արտօրէն եւ խակամիտ կենցաղոյ, արտաքսեալք ի տանէն, ըստ անարժանութեան անազատոյ եւ վայելման, որք զուղտս կլանեն եւ զմժղուկս ոչ սիրեն քամել. զարտաքին ոչ սրբեն զսկաւառակին եւ բաժակի, եւ ներքինն լի է հոտով նեխութեան եւ գարշեցուցիչ ախտիւ եւ դժուարալուացաւ. սպիտակութիւն բռոյ ոչ ի վերայ փայլակէ բնաւ, եւ զխորագոյնն եկուլ մահ. դանդիռն եւ խաւարն ի ներքոյ շրջի, եւ բուրումն` ժահահոտ ապականութեան. լոյս գիտութեան բացամերժեալ է յերեսաց անգիտութեան խաւարի. ատեն զտիւ եւ ոչ շրջին ի նմա, զի աճումն սննդեան եւ յանկումն կատարածի տիոց` գիշերի արուեստ ագործեցաւ: Մի տրտմեսցին սուրբք եւ լուսաւորք յեկեղեցւոջ եւ ուղղապէս համառօտիչք բանին վարդապետութեան` զայսոսիկ լսել, որք եւ գեղեցիկ կարգօք պայծառացուցանեն զնա եւ հովուեն իմաստութեամբ Հոգւոյն Սրբոյ. այլ զգուշասցին մանաւանդ ամենայն զօրութեամբ ի դարանակալութենէ ոսոխին մերոյ, որ շրջի գոչելով եւ կլանել խնդրէ զորս ոչն գտանէ արթուն» (Հաղ. քահ. էջ 19-20, սուրբ Մովս. Խոր., Ողբ և Բ, ՂԲ, Սոփերք, Բ. Պատ. զարգ. սուրբ Ներսուրբ Շնորհ., Ընդ. թուղթք և այլն և «Եկեղեցական աղմուկները ԺԴ դարի սկզբում» («Արարատ», 1893, էջ 412-418, 507-523)):

 

 

Արշակ Տեր-Միքելյան,

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։