Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՊՍԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ

 

Պսակը Եկեղեցու այն սուրբ խորհուրդն է, որով երկու հեռավոր անձնավորություններ` այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում են իրար հետ, մի մարմին են դառնում և, մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և իր Եկեղեցու միության օրինակի, նվիրվում են միասին Աստծո արքայության առաջադիմության համար աշխատելուն և նրա բաղկացուցիչ ընտանիքը կազմելուն (Ծննդ. 1:28, 2:18, 24, 9:1, Եփ. 5:23-24, Ա Տիմ. 4:1-5: Գործունյա զույգի այդպիսի մի օրինակ են Ակյուղա և Պրիսկիղա ամուսինները: Գործք 18:2-26, Հռ. 16:3, Ա Կոր. 16:19, Բ Տիմ. 4:19): Ուստիև պսակված ամուսնությունն ամենասերտ դաշինքն է, ամենասերտ կապն է, ամենասերտ ուխտն է, որ կարող են առհասարակ երկու մարդ ունենալ իրար հետ: Ո´չ ազգականությունն ու ո´չ բարեկամությունը չեն կարող երբեք այդ աստիճանի մտերմություն ներշնչել մի դաշնակցության կամ ուխտի մեջ: Մարդկային ոչ մի դաշինք չի կարող տղամարդուն կամ կնոջը այնքան նեցուկ ու խրախույս լինել առաքինությամբ հանդես գալու և աստվածային արքայության ընտանիք կազմելու գործի մեջ, որքան այն ամուսնությունն, որ Եկեղեցու այդ սուրբ խորհուրդով մտնում է Աստծո օրհնության վայելքների ու նրա արքայության անդամակցության մեջ: Ուստի Քրիստոս առանձնապես շեշտում է աստվածային տնօրինության այս սուրբ խորհուրդն` ասելով. «Թողցէ այր զհայր եւ զմայր եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եւ եղիցին երկոքեան ի մարմին մի: Ապա ուրեմն ոչ են երկու, այլ` մի մարմին, արդ` զոր Աստուած զուգեաց, մարդ մի մեկնեսցէ» (Մատթ. 19:5-6): Ուրեմն յուրաքանչյուր տղամարդ, բաժանվելով իր ծնողներից, իր ազգային ընտանիքից, առնում է մի այլ կին, նրա հետ մի մարմին է դառնում Աստծո սուրբ խորհուրդով և օրհնությամբ ու, հակառակ մարդկային բոլոր չար հակումներին և անասնական չարակամություններին, մի նոր ընտանիք է դառնում երկնավոր արքայության մեջ (Ա Տիմ. 4:1-8, Եբր. 13:4):

Աստված, ստեղծելով Ադամին և Եվային, սահմանեց ամուսնության միությունը (Ծննդ. 2:22-24, Մատթ. 19:3-5) և ապա «օրհնեաց զնոսա Աստուած եւ ասէ` «Աճեցէք եւ բազմացարուք»» (Ծննդ. 1:28): Եվ քանի որ Աստծո ամբողջ ստեղծագործության կատարումը մարդով եղավ, ամեն ինչ մարդու համար ստեղծվեց, մարդը դարձավ ամեն արարածների տերն ու նպատակը, և Աստծո Միածին Որդին մարդու համար եկավ աշխարհ, պարզ է, որ այր ու կին ևս Աստծո օրհնությամբ պետք է ընտանիք դառնան և, Աստծո արքայության տարր կազմելով, ծառայեն նրա զարգացման երկրի վրա: Թերի կլիներ քրիստոնեական եկեղեցու աստվածային շնորհաբաշխության շրջանը, եթե անհատին վերածնելուց հետո ամեն շնորհներ տար մարդկանց հոգով սրտով առաջադիմելու աստվածային ճանապարհի վրա ու նրա արքայությունը մտնելու, իսկ նույն այդ արքայության անդամներ ընծայող դաշնակիցներին սրբությամբ, աստվածային օրհնությամբ ու սուրբ խորհրդով չդարձներ Աստծո արքայության ընտանիքն և կամ սիրո միությունը (Հովհ. 2:1-11): Աստված սեր է, և մեր երանությունը իրագործվում է սիրով Աստծո հետ միանալով: Այնպես որ, ամուսնության մեջ մարմնականը չպետք է միակ նպատակ լինի, այլ` հոգևորը և մարմնականը պետք է հավասարակշված և ներդաշնակ լինեն միմյանց:

Այսպիսով, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին թե´ օրհնությամբ և թե´ օրինակով հաստատում է սիրո արտաքին իրականացումը կամ ընտանիքը, որ ներկայացնում է իր մեջ մարդկային սիրո ամենասերտ կապակցությունը: Սակայն ընտանիքը միմիայն իր գոյությամբ չի ծառայում սիրո նպատակին, այլև` իր գործունեությամբ: Ինչպես որ Եկեղեցին ընտանիքով է պատկերացնում սիրո արտաքին իրականացումը, այնպես էլ ընտանիքի միջոցով է ընդարձակվում սիրո շրջանը: Ըստ այսմ` ընտանիքը թե´ սիրո արտաքին իրականացումն է և թե´ իրականացուցիչը: Իբրև սիրո իրականացուցիչ` ընտանիքը թե´ սիրո կապերն է բազմացնում և ընդարձակում և թե´ ինքը սիրո վարժարան է դառնում` բնականապես սովորեցնելով մարդկանց և գործնականապես վարժեցնելով սիրո զգացմունքների համեմատ գործունեության մեջ: Այդպիսի վարժությունը սկսվում է նախ` երկու ամուսինների, ապա` ծնողների ու որդիների, հետո` եղբայրների ու քույրերի, այնուհետև ամուսինների և ազգականների, ընտանիքի և ազգականների մեջ և այլն, և այլն, այնքան ընդարձակությամբ, որքան նպաստում են հանգամանքների ու հարաբերությունների բարդությունները: Ըստ որում ոչ մի տեսական բացատրություն չի կարող այնպես պարզել ու հաստատել սիրո որպիսությունը մարդկանց հոգու մեջ, որքան ընտանեկան սիրո օրինակն ու վարժությունը: «Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո»` իսկապես ընտանիքի մեջ է իր կատարումը ստանում և ապա ճյուղավորվում դեպի դուրս:

Քանի որ ընտանիքն այսքան մեծ դեր ու մեծ նշանակություն ունի Քրիստոսի Եկեղեցում, պետք է անշուշտ Աստծո պատվիրանների համաձայն հիմնադրվի ու իր կենսունակությունն ստանա, որպեսզի կարողանա արժանանալ կամ վայելել աստվածադիր սուրբ պսակի օրհնությունը: Այս սկզբունքն արտահայտված է նախամարդու ստեղծագործության մեջ. Աստված ստեղծեց կնոջը` արտահայտելով իր կամքը` «արասցուք դմա օգնական ըստ դմա» (Ծննդ. 2:18): Այդ ըմբռնեց և Ադամը, երբ ասաց. «Այս այժմիկ ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէ» (Ծննդ. 2:23-24): Այս նմանությունը մի հիմնական սկզբունք էր, որից հետո Աստված օրհնեց նրանց` ասելով. «Աճեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր եւ տիրեցէք դմա», (Ծննդ. 1:28):

Աստծո որոշած հիմնական սկզբունքն, այսինքն` նմանությունը, կարող է լինել մարմնավոր և հոգևոր, որոնցից բխում են բնականաբար երկու կարգի պայմաններ. նախ` մարմնավոր կանոնավորություն` 1. առողջություն. 2. հասություն ու 3. չափահասություն, իսկ երկրորդ` հոգեկան կյանքի համեմատություն` 1. միահավատություն. 2. ամուրիություն ու 3. փոխադարձ սերտ սեր:

Մարմնավոր կանոնավորությունը անհրաժեշտ է ամուսնական կապակցության համար և ինքնըստինքյան հասկանալի է, քանզի առողջությունը պետք է այնքան նպաստավոր լինի, որ արգելք չդառնա կենակցության, ինչպես լինում է անբուժելի ցավերի ժամանակ, ինչպիսին են բարակացավը, խելագարությունը և այլն: Չափահասությունը նույնպես մի անհրաժեշտ պայման է, որ և զուգադեպ պետք է լինի երկու ամուսինների մեջ, (Հայ Եկեղեցաիրավական մտքի զանազան աղբյուրներ ամուսնական հասունության տարբեր տարիք են սահմանել): Իսկ հասությունն մի անհրաժեշտ պայմանն է թե´ բժշկական առողջապահական, այսինքն` մարմնապես ու հոգեպես առողջ սերունդ ունենալու, և թե´ սիրո ու բարոյականության գաղափարի հաստատության տեսակետից, ինչպես ասացինք վերևում: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում հասությունը սահմանված է բնական ազգակցության մեջ յոթը պորտի շրջանում, այսինքն` կարող են ամուսնանալ երկու գծի ծոռնը առնի կամ մի զոյգի առնը կոռնի հետ թեև բժշկական տեսակետից սրանք ևս չեն կարող ամուսնական վերստին կապակցության և ուրեմն որդեծնության համար բարենպաստ ու բարեհաջող համարվել: Որքան տարորոշ ընտանիքներից են ամուսնացողները, այնքան ավելի հուսալի է, որ միանման և միահար հիվանդություններ չեն հանդիպի իրար:

Երկրորդ կարգի մեջ, հոգեբանական տեսակետից դատելով, անտարակույս անհրաժեշտ է փոխադարձ սեր, որպեսզի ամուսինները գրավվեն դեպի իրար և ոչ թե խորշեն ու միմիայն կենդանական կյանքի համար համբերատար լինեն դեպի իրար առանց հարատևության: Իսկ այդպիսի սիրո հիմքն է նախ միահավատությունը, քանի որ հավատքից է բխում մարդու հոգեկան աշխարհի ամբողջ կյանքն ու հայեցողությունը, և երկրորդ` անփորձ կուսական քնքշությունը, որ կարող է նորապես հակվել, տրամադրվել ու կապակցվել սիրո նոր պահանջների կողակցության մեջ. և անխզելի միություն դառնալ իր կողակցի հետ: Այսպիսի կանոնավոր կապակցությամբ միայն կարող են պսակվողները լինել` «Մի մարմին, միաւորեալ հոգւով հեզութեան, սիրել զմիմեանս պարկեշտ վարուք, ամբիծ հոգով, առանց ամօթոյ, առանց լկտութեան պատրաստ լինել ի գործս բարիս», «սուրբ եւ անարատ միաշունչ եւ միախորհուրդ», քանզի ինչպես երկու ամուսիններն են հոգով ու մարմնով առանձնահատուկ, այնպես է լինում և նրանց կապակցությունը ու նրանց կազմած ընտանիքը: Ինչպես նրանց հոգեկան կյանքն է, այնպես արտահայտվում է և նրանց սիրո կապն և ամբողջ ամուսնական կենակցությունը: Միայն այդպիսի պսակվողները կարող են ծառայել Աստծո դրած ամուսնական նպատակին, ըստ որում և միայն այդպիսիների վրա Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին կարող է պսակ դնել և ուրախությամբ երգել. «Ուրախ լեր, բերկրեա´, հարսնացեալ Սուրբ Եկեղեցի, պայծառացո´ զմանկունս քո յօրհնաբանութիւն ծագողին զշող լուսոյ ի քեզ, Մայր Եկեղեցի»:

Սույն այս բոլոր սկզբունքները թե´ սաղմոսներով, թե´ երգերով, թե´ ընթերցվածներով, թե´ աղոթքներով ու թե´ տեսանելի արարողությամբ արտահայտվում ու ներշնչվում է այն հավատացյալների մեջ, որոնք կա´մ պսակվելիս, կա´մ ներկա գտնվելով` մասնակցում են պսակի այս վեհ խորհուրդին: Սակայն մարդու հոգևոր աշխարհի որպիսությունից ու նրա հայեցողությունից է կախված, թե նա ինչպիսի՞ աչքով կնայի իր կյանքի այդ մեծ քայլի վրա և ինչպիսի՞ սրտով կմտնի այդ վսեմ կապակցության մեջ, արդյո՞ք սուրբ և անկեղծավոր հավատքով, հոգով և զգացմունքով, թե՞ կեղծավորությամբ ու լկտիությամբ: Ինչպես այդ քայլը կլինի, այնպես կորոշվի և նրա ապագան, և ինչպես մարդու հոգեկան աշխարհն է, այնպես կներկայանա նրան և ամուսնության նշանակությունը: «Ամենայն ինչ սուրբ է սուրբ, բայց պղծոցն եւ անհաւատից ոչինչ է սուրբ, այլ պղծեալ են միտք եւ խորհուրդք նոցա: Խոստանան գիտել զԱստուած, եւ գործովք իւրեանց ուրանան. պիղծք եւ անհաւանք եւ յամենայն գործս բարեաց անպիտանք» (Տիտ. 1:15):

Այժմ հարց է առաջ գալիս այրիների կրկնամուսնության ու պսակի անլուծանելիության վրա:

Պսակի սուրբ խորհուրդի էությունն ու թե ամուսինների մի մարմին լինելը պարզապես ցույց են տալիս, որ պսակը մի անգամ է կատարվում, և ամուսնությունը մի անգամ է կայանում: Պսակվելիս ամուսինները խոստանում են իրար պատկանել ցմահ, ըստ որում, սուրբ Ավետարանի պատվերով տղամարդը խոստանում է սիրել իր կնոջը իր անձի պես, որ նշանակում է, թե ամեն ինչ պատրաստ լինել զոհելու նրա համար իբրև ճշմարիտ սրտակից և իբրև մի մարմին նրա հետ (Ա Կոր. 7:33, 11:7, Ա Պետր. 3:7, Կող. 3:19): Սակայն նույնիսկ ստեղծագործության պատմությունը ցույց է տալիս, որ կնոջ` տղամարդուց հետո ստեղծվելու արդյունքում գերադասություն է ստանում տղամարդը, այնպես որ առաջինը պետք է փայլի իր պարկեշտությամբ ու համեստությամբ, իսկ երկրորդը` իր տղամարդկությամբ ու հոգատարությամբ: Կնոջ ու տղամարդու բնական խառնվածքն ու դիրքն անհրաժեշտապես որոշում են այս երկու տեսակ հարաբերության որպիսությունն, ըստ որում և կինը պսակվելու ժամանակ խոսք է տալիս հնազանդ լինելու տղամարդուն ու երկնչել կամ ակնածել նրանից: Իսկ այս հնազանդությունն ու երկյուղը ոչ թե ստրկական է, այլ այն վերաբերմունքն, որ սովորաբար ուրախությամբ ունենում ենք դեպի անձնազոհությամբ մեզ սիրող և մեզ համար ապրող ու շնչող ընկերը կամ մտերիմը: Նա, որ սիրում է, չի կարող բռնակալ լինել, իսկ նա, որ սիրվում է, չի կարող չպաշտել, չհնազանդվել իր անձնվեր սիրող կողակցին: Որքան էլ բարձր լինի տղամարդը, նա, երդվելով Աստծո և ժողովրդի առաջ` սիրել իր կողակցին, չի կարող որևիցե կերպով արհամարհել նրան կամ բռնանալ նրա վրա: Հետևաբար բռնություն և ստրկություն չկա ամուսինների մեջ, այլ կատարյալ սեր և հավասարություն, անձնվիրություն ու հնազանդություն, միություն ու միասրտություն, որով ուխտում են ցմահ իրար պատկանել: Պողոս առաքյալը, առանձնապես շեշտելով տղամարդու ու կնոջ հավասարությունը, մեծ ուշադրություն է դարձնում այս հարաբերության վրա` ասելով. «Հնազանդ լերուք միմեանց երկիւղիւն Քրիստոսի: Կանայք իւրեանց արանց հնազանդ լիցին իբրեւ Տեառն. Զի այր գլուխ կնոջ, որպէս եւ Քրիստոս գլուխ է եկեղեցւոյ, եւ ինքն է Փրկիչ մարմնոյ: Այլ որպէս եկեղեցին հնազանդ լինի Քրիստոսի, նոյնպէս եւ կանայք իւրեանց արանց` յամենայնի: Արք` սիրեցէք զկանայս ձեր, որպէս եւ Քրիստոս սիրեաց զեկեղեցի, եւ զանձն իւր մատնեաց վասն նորա. Զի զնա սրբեսցէ սրբութեամբ աւազանին բանիւ. Զի կացուսցէ ինքն իւր յանդիման փառաւոր զեկեղեցի...: Նոյնպէս եւ պարտին արք սիրել զիւրեանց կանայս իբրեւ զիւրեանց մարմինս, որ սիրէ զկին իւր, զանձն իւր սիրէ. Զի ոչ ոք երբէք ատեայ զանձն իւր, այլ սնուցանէ եւ դարմանէ զնա, որպէս եւ Քրիստոս` զեկեղեցի. Զի անդամք եմք մարմնոյ նորա, ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա: Վասն այսորիկ թողցէ այր զհայր եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ, եղիցին երկոքին ի մարմին մի: Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի: Այլ եւ դուք նոյնպէս մի ըստ միոջէ, զի իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ իբրեւ զիւր անձն, եւ կին երկնչիցի յառնէ իւրմէ» (Եփ. 5:21-33):

Սուրբ առաքյալի խոսքերն, որոնք մենք դիտմամբ ամբողջապես առաջ բերեցինք, պարզ ցույց են տալիս, թե որքան սերտ է ամուսինների միությունն և որքան սիրալիր և անձնվիրական: Ինչպես Քրիստոս վերաբերվում է առ իր եկեղեցին, այնպես պետք է վարվի և տղամարդը իր կնոջ հետ. և ինչպես եկեղեցին վերաբերվում է առ Քրիստոս, այնպես էլ պետք է վարվի կինն իր ամուսնու հետ: Ուստիև ինչպես որ եկեղեցին ու Քրիստոս անբաժանելի են իրարից, այնպես էլ ցմահ կապված են իրար հետ այր ու կին, ըստ որում և թե´ Քրիստոս ու թե´ առաքյալները (Մատթ. 5:28-32, 19:3-11, Մարկ. 10:2-12, Ղուկ. 16:18, Ա Կոր. 7:10-17, 27, Հռ. 7:3) բացեիբաց մերժում են պսակի լուծումը, իսկ իրարից հեռացող ամուսիններին իրավունք չեն տալիս վերստին ամուսնանալու: Այս այնքան դժվար թվաց Քրիստոսի աշակերտներին, որ իսկույն արտահայտեցին ու պատասխան ստացան. «Ասեն ցնա աշակերտքն իւր. եթէ այդպէս ինչ վնաս իցէ անդ այր եւ անդ կին, լաւ է չամուսնանալ. Եւ նա ասէ. Ոչ ամենեքեան բաւական են այդմ բանի, այլ` որոց տուեալ է»: Այս խոսքերով Քրիստոս վերջնականապես կապեց որևիցե ուրիշ ելք: Թողնել ամուսնուն և ուրիշին առնել ոչ այլ ինչ է, եթե ոչ շնություն, քանզի միանգամ իրականացած միությունը խախտել անկարելի է:

Բայց չէ՞ որ մեկի մեռնելով` մնում է մի ամուսինը միայնակ: Այս դեպքում ևս խորհուրդ չի տրվում կենդանի մնացածի կրկնամուսնությունը, և ճշմարիտ` միանգամ սիրածը և հոգով ու մարմնով միացածը, եթե ճշմարտապես և ազնվությամբ է մտել այդ կապի մեջ, չի կարող մի նոր միության մեջ մտնել, քանզի սուրբ սերն անշիջանելի է: Այդ պատճառով և սուրբ Պողոս առաքյալը պարզապես հայտարարում է, որ այրին պետք է մնա սրբությամբ (Ա Կոր. 7:39-40): Սակայն որովհետև «լաւ է ամուսնանալ, քան զջեռնուլ» («Որ միակինքն իցեն` զերկկանայսն մի´ բամբասեալ խոտիցեն, զի լաւ լաւ է սրբութիւնն եւ սքանչելի, բայց առանց մեղադրութեան է եւ երկրորդ հարսանիքն, զի մի´ պոռնկեսցի տկարագոյնն: Լաւ լաւ էր նոցա, ասէ առաքեալն, եթէ կացցեն մնասցեն իբրեւ զիս, ապա թէ ոչ հանդարտեն, արանց լինիցին, զի լաւ է ամուսնանալ, քան զջեռնուլ» - Կոչ. Ընծ., էջ 76), ուստի Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին, ըստ առաքյալի որոշման, թույլատրում է երկրորդ ամուսնությունը: Այդ պսակի համար կա և մի առանձին կարգ, որում այս սկզբունքներն առաքյալի ասածի համեմատ որոշվում են (Ա Կոր. 7:9, 39, Հռ. 7:2-3, Մաշտոց ձեռաց., էջ 184-185, Սեբեոս, էջ 131, 132):

Պսակը հավատացյալների վրա կատարվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում նրա և նրա քահանայի, եպիսկոպոսի ու Կաթուղիկոսի ձեռքով առավոտվանից մինչև կեսօր, բայց ոչ լույս տերունական տոներին, պահք ու մեծ պահքին և զատկից հետո մինչև Հոգեգալուստ, քանզի պահքի օրերը աղոթքի և հոգևոր կարգերով մխիթարվելու կամ թե ապաշխարելու օրեր են, այսինքն` «սգոյ եւ տրտմութեան է եւ խորհուրդ չարչարանաց Տեառն եւ ոչ գինարբութեան եւ ուրախութեան հարսանեաց»: Իսկ հինունքը և տերունական տոները ներկայացնում են երկնավոր փեսայի և հարսն եկեղեցու հարսանյաց օրերը հանդերձյալում, որում միանում են հավատացյալները հրեշտակների հետ: Ուստիև այդ օրերում, քանի որ հանդերձյալ կյանքը երկրավոր ամուսնություն չունի, արգելված է «զմարմնականս զայս կատարել հարսանիս, որ է ախտաւոր և ծննդական», և ուրեմն անհնար է երկնավոր հարսանյաց օրերի շնորհը տարածել երկրավորի վրա (սուրբ Ներսես Շնորհալի, Ընդհ., էջ 85-87, սուրբ Հովհ. Իմաստ., Կան., Գ, Դ, Ե): Քահանայի պարտավորությունն է նախ` քննել, որ ամուսնացողները ըստ ամենայնի համապատասխան են Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու սկզբունքներին, և ապա` կանոնավորապես պսակ կատարել (պսակի խորհրդի աստվածաբանական հանգամանալից վերլուծումը տրված է Գեորգ Երզնկացու († 1416) «Խրատ պսակի» երկում (Երուսաղեմ, ձեռ. 1462, թ. 302- 308): Սուրբ Պսակի վերաբերյալ Եկեղեցու խորհրդածությունները տե´ս Филарет, նշվ. աշխ., т. II, с. 348-354):

 

 

Արշակ Տեր-Միքելյան,

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։